Թասիբն արթնացել է մեզ մոտ 88-ին եւ մինչեւ հիմա չի մարել

Թասիբն արթնացել է մեզ մոտ 88-ին եւ մինչեւ հիմա չի մարել

Հարցազրույց Համազգային հայ կրթական եւ մշակութային միության երեւանյան գրասենյակի տնօրեն, արձակագիր Սպարտակ Ղարաբաղցյանի հետ

- Նախօրեին ՀՀ վարչապետն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց, որ հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, այն էլ՝ ցավոտ փոխզիջումների։ Դուք՝ որպես ՀՀ քաղաքացի, պատրա՞ստ եք դրան։

- Ընդհանրապես, այդ ելույթը, որ ինքը հռչակեց, որպես գերագույն գլխավոր հրամանատարի խոսք, անատամ խոսք էր։ Մենք մեկ ամիս է՝ մի կարգախոսով ենք քնում-արթնանում՝ հաղթելու ենք, այս պայմաններում մի քիչ անհասկանալի էր այդ ցավոտ փոխզիջումների տրամաբանությունը։ Դա գերագույն գլխավոր հրամանատարի խոսք չէր, այլ ավելի շատ՝ պարտվող քաղաքական կուսակցության լիդերի խոսք։ Իսկ երբ ինքն իր խոսքում ասաց՝ գնացեք զինկոմիսարիատների դռների մոտ 24-ժամյա հերթ կանգնեք, այն էլ՝ դիմակներով, դա ինձ հիշեցրեց թավշյա հեղափոխությունից հետո այն իրավիճակը, երբ կոչ էր անում գնալ ու դատարանի դռները փակել։ Այսինքն՝ որտեղից ուր հասանք։ Այդ բացասական էներգիան չի կարելի փոխանցել հաղթանակի կարգախոսով օրուգիշեր ապրող ժողովրդին։ Ես սա որպես քաղաքացի, հայ մարդ եմ ասում, իսկ իմ նման հազարավորները կան, ովքեր իրոք հավատում են, եւ պետք է հաղթենք։

- Վարչապետն իր խոսքում ասաց, որ ակնկալում էր զինկոմիսարիատների առաջ տեսնել 24-ժամյա դիմակով հերթեր՝ ռազմաճակատ մեկնելու համար։ Դա «թասիբի» հետ որքանո՞վ կապ ունի, հատկապես որ վերջում նշեց, որ Սփյուռքը հիմա «թասիբի եռացող կաթսա» է, իսկ Հայաստանում այդ «թասիբը» չի եռում։

- «Թասիբը» մի տեսակ տղայական հասկացություն է, որն արժանապատիվ ազգին, հատկապես՝ մեզ, չի կարելի չունենալու մեջ մեղադրել կամ էլ «թասիբի» կոչ անել։ Այդ օտարահունչ «թասիբն» արթնացել է մեզ մոտ 88-ին եւ մինչեւ հիմա չի մարել։ Եթե ինչ-որ բան ենք ուզում փոխանցել, ուրեմն պետք է ոչ թե մոխիրը փոխանցենք, այլ՝ կրակը։ Ես չհասկացա, թե ինքը դրանով ինչի կոչ էր անում, երբ պատերազմի առաջին օրվանից, արդեն մեկ ամիս է, առանց կոչերի կամավորականներ են անդամագրվել, ջոկատներ են գնացել։ Ինքը կա՛մ չի ուզում այդ իրողության հետ հաշտվել, կա՛մ էլ իրեն ուրիշ բաներ են զեկուցում, որ այդ կոչերն է անում։ Պատերազմը սկսվելուց ժամեր անց մարդիկ զինվորագրվել են,  առանց երկմտանքի գնացել առաջին գիծ ու մինչեւ հիմա այնտեղ են՝ իրար հերթափոխելով։ Ես մի առիթով արդեն ասել եմ, որ մեր ճակատն այսօր ձգվում է Հայաստանից մինչեւ Ավստրալիա, սա էլ մի խորհրդավոր ռազմաճակատ է, եւ Սփյուռքը կարիք չունի իրեն սիրաշահելու։ Այսօր Հայաստանում ապրող 3 ընտանիքից 2-ի կեսը Սփյուռքում է։ Եթե ես Հայաստանում եմ ապրում, իմ եղբայրը՝ Սփյուռքում, մենք, միեւնույն է, մեր գործն ենք անելու, պարտադիր չէ, որ ես այստեղ փողոց փակեմ, որովհետեւ մի անգամ փողոց փակելով եկել-հասել ենք այս օրվան։ Երեւի այդ փողոց փակելու կարոտն է արթնացել իր մեջ, բայց Սփյուռքում փողոց փակելը լրիվ ուրիշ խնդիրներ է լուծում։ Գուցե նա մեր գաղթօջախների պատմությանը լավ ծանոթ չէ, թող գոնե իր սփյուռքի հանձնակատարից ինֆորմացիա ստանա, Սփյուռքը չի կարելի անջատել Հայաստանից։  

- Արժե՞ր ի լուր աշխարհի այդքան ծավալվել, որ քաղաքացին բժշկին գումար է տվել կորոնավիրուսի կեղծ փաստաթղթի համար։

- Շատ կներեք, դա գործ տվողի հոգեբանություն է, մենակ գործ տվող մարդը կարող է այսօր, երբ լինել-չլինելու խնդիր է դրված, մի ճղճիմ բան հիշեցնել ու դրանով բնութագրել բարոյական բարձր մակարդակ ցուցաբերած մեր հասարակությանը։ Ինչքան մարդ կա, որ քմծիծաղով է նայում դրան, եւ ինչքան մարդ կա, որ թեւաթափ է լինում։ Հետո պատմությունն անդրադառնալու է այս բոլորին եւ գնահատական է տալու, սրա մեջ էլ մենք մեր մեղավորությունը պետք է փնտրենք, թե ինչու է քո երկրի թիվ մեկը նման օրինակ բերում։

- Երեկ Վազգեն Մանուկյանը պահանջեց կառավարության հրաժարականը, ի՞նչ եք մտածում դրա մասին։

- Վ․ Մանուկյանը պատահական մարդ չէ, նա պետության, բանակաշինության ակունքներում է կանգնած, ես բախտ եմ ունեցել նրա հետ աշխատելու, եւ եթե նա է դա ասում, որը պատահական կամ ինչ-որ մեկից նեղացած մարդու խոսք չէ, ուրեմն երկիրը կորցնելու վտանգը շատ մեծ է։ Եվ գուցե ենթագիտակցորեն վարչապետն իր երեկվա լայվում մի երկու անգամ նշեց, որ «եթե ես մնամ…»։ Մենք հեգնանքով էինք նայում, երբ Սահակաշվիլին իր փողկապը ծամում էր, չգանք հասնենք այդ օրվան։

- 1 ամսվա ընթացքում 3 անգամ զինադադարի պայմանավորվածություն ձեռք բերվեց, եւ խախտվեց։ Ո՞րը պետք է լինի մեր անելիքը ճակատում եւ թիկունքում։

- Ընդհանրապես, զինադադարների վրա հույս դնել պետք չէ։ Այսօր աշխարհի տերերն անտեր են թողել աշխարհը, ամեն մեկն իր գործով է զբաղված, վերջին զինադադարի ժամանակ, երբ Թրամփը մոտավորապես ասում էր, որ ճկույթի մի հարվածով այդ հարցը կլուծի, բայց իրականում խնդրի էությունը ոչ մեկին չի հետաքրքրում։ Այս տարածաշրջանում մենք առանց Ռուսաստանի ոչ մի զինադադարի չենք հասնելու, միայն Ռուսաստանը կարող է զինադադար ոչ թե խնդրի, այլ՝ պարտադրի։ Թրամփին իր նախընտրական ձայներն էին հետաքրքրում, Սպիտակ տան այդ շեկլիկ ծերուկը երեւի Արցախի տեղն էլ չգիտի, կամ իրեն թվում է, թե ողջ հայությունն ապրում է Լոս Անջելեսում։

- Նախօրեին հաղորդեցին, որ պետական դավաճանության, լրտեսության դեպքեր են արձանագրվել, դրանք պատերազմի ելքի վրա կարո՞ղ են ազդել։

- Բոլոր պատերազմների ժամանակ էլ լինում են նման բաներ, 90- ականներին եւս ունեցել ենք, բայց այդքան չի բարձրաձայնվել, որովհետեւ դրանք, ի վերջո, նաեւ իրենց ազդեցությունն են բերում, փոքր խուճապներ են առաջացնում, երբ դու քեզ ապահով չես զգում մինչեւ անգամ փողոցով քայլելիս։ Այսօր Հայաստանում չառարկայացված նման բաներն ավելի շատ կասկածանքի են տանում, ու ինչո՞ւ հատկապես այս օրերին, երբ չի հաջողվում զինադադար ունենալ, վերջիվերջո, այդ դավաճաններով զբաղվող հատուկ կառույցներ կան, չի կարելի ամենը գաղտնազերծել։ Ինձ այսօր ավելի շատ հետաքրքրում է ռազմաճակատի գծում կանգնած զինվորի հոգեբանությունը, նրա թիկունքը պահելու իմ խնդիրը ես անպայման պետք է լուծեմ եւ կասկածանքով չպետք է նայեմ չորս կողմս։ Սրանք, իհարկե, պատերազմող երկրին հատուկ բաներ են, բայց դրանք բարձրաձայնելը ավելի շատ հիասթափություն ու խուճապ կարող է բերել։

- Հատկապես որ արգելված են խուճապ տարածող լուրերն ու տեղեկատվությունը։

- Պարզ է, որ պատերազմող երկրում ամեն ինչ պետք է չափի ու զսպվածության մեջ լինի՝ մամուլից սկսած, բայց երբ այդ կոչ անողների վերաբերմունքին ու իրենց արած արտահայտություններին ես նայում…, օրինակ՝ մի ամբողջ օր ադրբեջանցի գերու բուժումն էին ցույց տալիս, համացանցը լցված էր այդ տեսանյութով, որն ինձ համար շատ բացասական ազդակ ուներ, դա մարդասիրություն չէր, որովհետեւ, ի վերջո, աշխարհը գիտի՝ հայն ով է, թուրքն ով է, դրանով մենք ի՞նչ էինք ուզում ապացուցել։ Նման բաների համար է պետք անհանգստանալ։ Իսկ շիտակ, պինդ խոսք ասողներին լսել է պետք։

- Իսկ կա՞ն այդպիսիք, ովքեր հայրենիքի շահը վեր են դասում անձնականից։

- Եթե պետությունը վտանգված է, ի՞նչ անձնական շահի մասին կարելի է խոսել, սա ինֆուզորիայի մտածողություն է։ Եթե վաղը այս պետությունը չի լինելու, իմ կուտակած հարստությունն ինձ չի օգնելու։ Սա այն մարդկանց եմ ասում, ովքեր ինչ-որ բաներից սարսռալով՝ մտածում են՝ շատ բան չանենք, այս զիջումներն անենք, մենակ իմ ունեցվածքին ձեռք չտան։ Այսօր այդ հոգեբանությունն էլ կա, որովհետեւ 30 տարվա մեջ ես տեսել եմ, թե մարդիկ ինչ վերաբերմունք են ցույց տվել նման իրավիճակներում։ Իսկ անձնականը վեր դասող մարդը չի կարող պինդ խոսք ասել, ինքն իր հետ էլ է խռովել, որովհետեւ իրեն ուրիշ բան է հետաքրքրում։ Պինդ խոսքն այսօր սահմանում կանգնած զինվորն է, հրամանատարը, նրանց ընտանիքը։ Ամենաանկեղծ խոսքը նաեւ մեր հոգեւորականներն են ասում եւ ոչ թե աղոթքով են կերակրում, այլ՝ ազգային ոգով։