Ինչու՞ Արա Վարդանյանը չէր բացառել, որ կկալանավորվի

Ինչու՞ Արա Վարդանյանը չէր բացառել, որ կկալանավորվի

«ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ երեկ որոշեց ուժի մեջ թողնել «Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ գրավը՝ որպես խափանման միջոց կիրառելը թույլատրելի ճանաչելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ մերժելով դատախազի բողոքը։Արա Վարդանյանն ինքը դատից ժամեր առաջ գրել էր․ «Հնարավոր է, որ ես նորից կկալանավորվեմ։ Ամեն ինչ հիասքանչ է և կալանավորվելու դեպքում պայքարս կշարունակեմ կալանավայրից ինչպես և դա արդեն արել եմ։Հպարտանում եմ ձեզանով, սիրում եմ բոլորիդ»։

Արա Վարդանյանին  «Հրապարակը» հարց ուղղեց՝ ինչու՞ էր կարծում, ի՞նչ ազդակ էր ստացել, որ իր խափանման միջոցը փոխվելու է։«Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին տնօրենն ասում է, որ ոչ մի ազդակ չէր ստացել։ «Չէ, ուղղակի հաշվի առնելով ճնշումները դատավորների վրա երբեք չես իմանում, տվյալ դատավորը արդյոք կունենա այդքան ազատություն՝ արդար որոշում կայացնելու համար։ Այդ էր մտավախությունը»։

Հիշեցնենք, որ Վարդանյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ: Նա կալանավորվել էր, ապա ազատ արձակվել, սակայն հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց ու նրա նկատմամբ՝ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը, իսկ դեկտեմբերի 4-ին 10 միլիոն դրամի դիմաց կալանքից ազատ արձակվեց:

Արա Վարդանյանին հարցրեցինք՝ հենց նույն ժամանակ «Էրեբունի պլազայի» դեպքերն էին, ինչ կարծիքի է։ Նա ասում է՝ փաստորեն, սրանով ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի ցանկացած աջակցի տանը անարգել խուզարկություն կատարելու հնարավարություն։