«Հրապարակ». Անաստվածների վայնասունը

«Հրապարակ». Անաստվածների վայնասունը

Հունիսի 12-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը  խաղաղ ցուցարարներին ջարդելու, վայրագություններ խրախուսելու, հայ բնակչության շրջանում արյան գետեր հոսեցնելու հստակ հրահանգ է տվել, չնայած խոսքով ասում է, որ սիրում է բոլորին, այդ թվում` իրեն չսիրողներին։

Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած խմբակը, ինչպես նաեւ նրանց ձայնակցող նախկին իրավապաշտպանների համայնքը երեկ, մեկը մյուսին հերթ չտալով հայտարարում էին, թե ոստիկանները հատուկ միջոցներով պաշտպանել են ՀՀ ինքնիշխանությունը, թույլ չեն տվել գրոհել պետական պահպանության կառույցի՝ խորհրդարանի շենքի վրա, զսպել են ցուցարարների ագրեսիան, սակայն յուրաքանչյուր ողջախոհ մարդ, առավել եւս ցույցերին մասնակցող յուրաքանչյուր ոք կհաստատի, որ սադրանքները հրահրել են հենց ոստիկանները, նախահարձակ են եղել նրանք, որոնք բազմաշերտ «պատով» փակել էին ցուցարարների՝ դեպի Դեմիրճյան փողոց տանող ճանապարհը, որտեղ տեղակայված է խորհրդարանի ծառայողական մուտքը, եւ որտեղից պետք է հեռանար Նիկոլ Փաշինյանը` խորհրդարանում հարցուպատասխանից հետո։ Ցուցարարները նպատակ ունեին փակել մուտքը, թույլ չտալ Փաշինյանի հեռացումը՝ միամտաբար հուսալով, որ այդ դեպքում նա հրաժարականի դիմում կգրի: Բայց նա ոչ միայն դիմում գրող չէ, այլեւ պատրաստ է իր հրաժարականը պահանջողների արյունը թափել` օգտագործելով պաշտոնի բերումով իր տնօրինության տակ հայտնված բոլոր լծակները:

Նիկոլ Փաշինյանի հեռանալու պահից սկսած՝ ոստիկան կոչվող հրոսակները ոչ միայն սկսեցին վտանգավոր նռնակներ ու այլ միջոցներ կիրառել, այլեւ «մարդագողություն» անել` ցուցարարներին քարշ տալով դեպի Սիրահարների այգու խորքը, որտեղ ոհմակով հարձակվում էին անպաշտպան ու անզեն մարդկանց վրա եւ խոշտանգում։ 
Մեր գործընկերներից ոմանք ֆիքսել են, որ մտածված կերպով լուսաձայնային նռնակ են նետել ուղիղ ԶԼՄ ներկայացուցիչների կողմը՝ փորձելով խափանել ուղիղ հեռարձակումները։ Այս սադրանքներից հետո միայն որոշ ցուցարարներ առաջ են շարժվել՝ դեպի այգու երկաթյա ճաղավանդակները։ Ի դեպ, ոստիկանության մեր աղբյուրը չթաքցրեց, որ հրահանգ են ստացել` կոտորած անել: Եվ եթե դա չանեին, հետո «իրենց էին հիմնարկում ծեծելու»։
Պայքարի ելած մարդկանց արյունը թափելով` Նիկոլ Փաշինյանը մի նպատակ է ունեցել.  վախեցնել քաղաքացիներին, որ փախչեն, ցրվեն ու այլեւս փողոց դուրս չգան` Բագրատ սրբազանին մենակ թողնելով։ Սակայն լուսաձայնային եւ բեկորային նռնակներից ցույցի մասնակիցները ոչ միայն չեն փախչել, այլեւ շարունակել են իրենց պայքարը նաեւ երեկ, անգամ նրանց շարքերը ստվարացել են, ինչը ցայտնոտի մեջ է գցել Փաշինյանին եւ իր ուսապարկերին։
Մենք տեղեկացանք, որ երեկ՝ ներքին քննարկումների ժամանակ, ՔՊ-ականները` առանց բացառության, դժգոհել են ոստիկանների «մեղմ պահվածքից»՝ ասելով, թե պետք է ավելի կոշտ քայլերի գնային, ավելի շատ արյուն թափեին, որ շարժումը քոքից կտրվեր։ Թերեւս սրանով էր պայմանավորված ՔՊ-ականների եւ Փաշինյանի երեկվա հիստերիկ պահվածքը խորհրդարանում: Ուսապարկերից ով չալարեց, վարչապետի աթոռին կառչած Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տիեզերական մակարդակի ստեր արտաբերեց՝ փորձելով վարկաբեկել, անվանարկել շարժումը, նրա մասնակիցներին, ընդդիմությանը, եկեղեցուն եւ այլն։

Նիկոլ Փաշինյանը, որ իշխանության գալու համար պետական պահպանության դռներ էր կոտրում, ամբողջ երկիրը կաթվածահար անում, այնքան հատուկ միջոցների չի հանդիպել, որքան սրբազան պայքարի մասնակիցները: Նա երեկ խորհրդարանում արդարացնում էր ոստիկանների պահվածքը, թե ՀՀ իշխանությունը պահելու համար են այդ քայլերին գնացել։ Փաշինյանը կա՛մ կտրվել է իրականությունից, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում է այն, «արձանագրելով», որ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա։ Ապա, ողջունելով վայրագությունները, բացահայտորեն Բագրատ սրբազանին ձերբակալելու քաղաքական պատվեր իջեցրեց՝ հայտարարելով․ «Տեղի ունեցած զանգվածային անկարգությունների սադրիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն»: 

Հարց է ծագում` 2008-ին, 2018-ին իր մասնակցությամբ տեղի ունեցած դդեպքերը զանգվածային անկարգություններ չէի՞ն, որ իր նկատմամբ կայացված դատավճիռները բեկանվեցին, իրեն արդարացրին, իսկ 18-ին առհասարակ չպատժեցին:

Իսկ ՔՊ-ականները երեկ «տարվա անաստվածը» տիտղոսի համար մրցավազքի էին դուրս եկել, եւ մեկը մյուսի հետ մրցում էր իր չմարդկային հատկանիշների ցուցադրությամբ։ Թվում էր, թե երեկվա բարբարոսություններից հետո, որոնց հետեւանքով տասնյակ քաղաքացիներ արյունլվիկ էին եղել, մեկն էլ՝ զրկվել դաստակից, ՔՊ-ականներն ԱԺ ամբիոնից ներողություն կխնդրեին, կկարեկցեին մարդկանց, կզջային կատարվածի համար, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը․ նրանք ՀՀ քաղաքացիներին ներկայացրին որպես սադրիչներ ու 5 հազար դրամանոց ցուցարարներ։ Տեսարանն ու բառամթերքն այնքան նողկալի էին, որ մենք չենք ցանկանում տարածել ուսապարկերի բարբաջանքները: Բավարարվենք միայն մեկ-երկուսի ելույթներից տողեր ներկայացնելով, որոնք լավագույնս պատկերացում են տալիս, թե ում է վստահված պետությունը։

Ճամբարափոխ Հայկ Կոնջորյանը, ով անգամ իր քավորին ուրացավ, ապա սկսեց փորել իրեն ճամբարափոխ արած Ալեն Սիմոնյանի տակ, երեկվա ժողովրդական ըմբոստության մասնակիցներին անվանեց խառնամբոխ, սրբազանին` սքեմի տակ թաքնված նեռ։ Վաղարշակ Հակոբյանն էլ բնորոշեց․ «Ականատես եղանք տեռորիստ, մոլագար հոգեւորականի արյունարբու խրախճանքին»: Ինչպես ասում են` առանց մեկնաբանության: