«Գագիկ Սողոմոնյանը» մեկ ամիս հայհոյել է ԱԱԾ տնօրենին՝ ԱԱԾ-ն չի կարող գործն անաչառ քննել

«Գագիկ Սողոմոնյանը» մեկ ամիս հայհոյել է ԱԱԾ տնօրենին՝ ԱԱԾ-ն չի կարող գործն անաչառ քննել

Ազգային անվտանգության ծառայությունը Ֆեյսբուքում «Գագիկ Սողոմոնյան» անվամբ հայտնի կեղծ էջի հրապարակումների առթիվ քրեական գործ է հարուցել, գործով մեղադրյալ են ներգրավել Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և հանրության լայն շրջանակներին անհայտ Արամ Սարգսյանին, ԱԱԾ-ն միջնորդել էր դատարանին կալանավորել նրանց:

Նշենք, որ «Գագիկ Սողոմոնյանը» տևական ժամանակ հայհոյում էր ԱԱԾ տնօրենին, մանրամասներ ներկայացնում այլ պաշտոնյաների կյանքի ու գործունեության վերաբերյալ։ Ըստ էության ԱԱԾ տնօրենի համբերությունը հատել է, և վերջինս քրեական գործ է հարուցել իրեն հայհոյելու համար։

Քրգործերը հարուցվել են Քրեական օրենսգրքի 226.-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով: Գործով կալանավորվել են Արամ Սարգսյանն ու Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանի և Կարեն Բեքարյանի դեմքում դատարանը մերժել է կալանքի միջնորդությունն ու ոչ իրավաչափ ճանաչել ձերբակալությունները։

Մենք զրուցեցինք գործով մեղադրյալ, այժմ կալանավորված Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանի հետ, նրա խոսքով՝ դատարանում ապացուցել են, որ Արամ Սարգսյանի վերաբերյալ ներկայացված հիմնավոր կասկածն անհեթեթ է․

«Կալանքի համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ, որոնցից առաջնահերթը հիմնավոր կասկածի առկայությունն է, այսինքն՝ փաստական տվյալներ, որոնք կապացուցեն դեպքի առկայությունը, այնուհետ անձի առնչությունը դեպքին ու Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, որը որակման տեսանկյունից համապատասխանում է դեպքին։ Ներկայացված փաստաթղթերով առկա էր ընդամենը մի հանգամանք, որը որոշակի կապ էր հանդիսանում իմ պաշտպանյալի և այս գործի միջև, որը ես գործ չեմ էլ համարում։

ԱԱԾ համապատասխան մարմնից մեկ փաստաթուղթ էր այն մասին, որ Արամ Սարգսյանը 2 անգամ՝ փետրվարի 18-ին և 19-ին, շատ կարճ ժամանակահատվածով միացել է համացանցին՝ համապատասխան IP հասցեով։ Միայն դա էր, ուրիշ ոչ մի բան։ Այս հանգամանքը մենք դատարանում ապացուցեցինք, որ որևէ կապ չունի «Գագիկ Սողոմոնյանի» հետ, որովհետև այդ IP հասցեն տրամադրվում է «Protokon VPN» ընկերության կողմից արտադրված նույնանուն հավելվածով։ Այդ հավելվածով կապվում ես համացանցին և IP հասցեն այլ երկիր է ցույց տալիս, տվյալ դեպքում Մոլդովա, ասեմ ավելին՝ «Protokon VPN» հավելվածը միացնում է Մոլդովային, քանի որ, չգիտես՝ ինչու, Հայաստանից ամենաարագ VPN կապը Մոլդովայի միջոցով է։ Այսինքն՝ ըստ էության մենք դատաքննության ընթացքում ապացուցեցինք, որ Արամ Սարգսյանը ուղղակի VPN-ին է միացել համապատասխան հավելվածի միջոցով և իր փոխարեն կարող էին լինել շատ մարդիկ, որոնք կարող էին նույնպես միանալ։ Ես նույնիսկ փորձի համար իմ անձնական հեռախոսով նույնը արեցի, ներբեռնեցի VPN հավելվածը, միացա համացանցին և ինձ մոտ ցույց տվեց նույն IP հասցեն, դա ցույց տվեցի նաև հարգարժան դատավորին։

Այսինքն՝ այս պայմաններում ստացվում է, որ եթե իմ պաշտպանյալին դրա համար պիտի կալանավորեին, ապա ինձ էլ պիտի մեղադրանք առաջադրեին և կալանավորեին, ասեին, որ ես էլ եմ «Գագիկ Սողոմոնյանը»։ ԱԱԾ-ն որևէ կերպ չի հիմնավորել նաև, որ «Գագիկ Սողոմոնյանը» օգտվել է միայն այդ IP-ից և չի հերքել, որ այդ IP-ից ուրիշ ոչ մի այլ անձ չի օգտվել։ Սա իմ պաշտպանյալի համար էլ էր զարմանալի, նա ասում է, որ այդ հավելվածը ներբեռնել է, որ «youtube»-ով տարբեր կոնտենտ դիտի՝ առանց համապատասխան գովազդի, որովհետև եթե պրովայդերը տեսնում է, որ Հայաստանից չէ, այլ Մոլդովայից է, գովազդները պակասում են։ Այսինքն՝ հիմնավոր կասկածի մասին ներկայացված միակ փաստաթղթի վերաբերյալ ցույց տվեցինք, որ դա աբսուրդ է։ Ես իմ գործողությունները այդ հավելվածի հետ տեսաձայանագրությամբ ներկայացրել եմ դատարանին, դրա համար ինձ մոտ վստահություն առաջացավ, որ թե՛ դատավորը, թե՛ նիստերի քարտուղարը, թե՛ նույն քննիչն ու Արամ Սարգսյանի ուղեկցումն ապահոված ԱԱԾ համապատասխան աշխատակիցները հասկացան, որ այս մարդը կապ չունի այս դեպքի հետ»,- ասաց պաշտպանը։

Պաշպանն ասաց, որ նույնիսկ եթե իր պաշտպանյալն է եղել «Գագիկ Սողոմոնյանի» հետևում, ապա այն հրապարակումները, որոնք ներկայացվել են և հիմք են հանդիսացել քրեական գործի, հանցակազմ չեն պարունակում․

«Եթե նույնիսկ դիտարկենք, որ փետրվարի 18-19-ին այս մարդը միացել է այդ IP-ին, եթե նույնիսկ ենթադրենք, որ նա միացել է «Գագիկ Սողոմոնյան» էջին, ապա «Գագիկ Սողոմոնյանին» վերագրվող արարքները, ըստ մեղադրանքի, եղել են հոկտեմբերի 10-ից մինչև հունվարի կեսերը կամ վերջը, դրանից հետո այդ անձը (կեղծ է, թե իրական՝ չգիտեմ), սկսել է հայհոյախառն արտահայտություններ անել ԱԱԾ տնօրենի հասցեին, ինչը ես, բնականաբար, չեմ ողջունում, բայց դրա մեջ, իմ կարծիքով, ենթադրյալ այս հանցակազմերը չկան։ Այսինքն՝ եթե նույնիսկ ամսի 18-ից 19-ը իմ պաշտպանյալն է եղել, հանցակազմ չկա։ Ինչ վերաբերում է որակումներին, ապա որակել են 226 հոդվածով, 226.2 հոդվածով և 307.4 հոդվածով։ Ես բարձրաձայնել եմ այն խնդիրը, որ այս 2 հոդվածները, ըստ էության, մի դեպքով չեն կարող միմյանց հետ քննվել, որովհետև դրանցից մեկը մյուսին բացառում է, այսինքն՝ այստեղ 226.2 հոդվածը անելիք չունի։ 307.4-ի մասով հղում է կատարվում կառավարության համապատասխան որոշմանը, և այդ որոշման մասով դեռևս 2020 թվականի նոյեմբերին Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում է կայացրել, որով նշել է, որ որոշման համապատասխան կետերը, որոնց քննիչն է հղում կատարել, կասեցվում են, դրանք չեն գործում մինչև դրանց սահմանադրականության հարցը քննարկելը։ Այսինքն՝ անձին քրեական պատասխանատվության են ուզում ենթարկել գոյություն չունեցող հանցանք կատարելու համար»։

Բենիկ Գալստյանն ասաց, որ իր դիրքորոշմամբ ԱԱԾ-ն չի կարող այս գործով անաչառ նախաքննություն իրականացնել, ինչի համար և բացարկ է ներկայացրել քննիչին և քննչական մարմնին՝ԱԱԾ-ին․

«Ես քննիչին և քննչական մարմնին բացարկ եմ հայտնել։ Գագիկ Սողոմոնյանը մոտ մեկ ամիս հայհոյել է ԱԱԾ տնօրենին և ինչ-որ հանցանքներ կատարելու մեջ է մեղադրել։ Յուրաքանչյուր տղամարդու մոտ, եթե ինչ-որ անձ իրեն մեկ ամիս պարբերականությամբ հայհոյում է, ընդ որում լկտի հայհոյանքներ են, ապա այդ մարդու մոտ արդեն նախատրամադրվածություն է ստեղծվում այդ «Գագիկ Սողոմոնյանի» նկատմամբ, և բնականաբար ողջ ԱԱԾ քննչական ապարատով, օպերատիվ ապարատով նախատրամադրվածություն է ստեղծվում այդ անձի վերաբերյալ, և յուրաքանչյուր անձի վերաբերյալ, որը ինչ-որ կերպ ասոցացվում է այդ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի հետ։ Իմ ասելիքն այն էր, որ հարգելի գործընկերներ, դուք չեք կարող օբյեկտիվ և անաչառ քննել այս գործը, որովհետև այս «Գագիկ Սողոմոնյանը» ձեր ղեկավարի հասցեին է վատ արտահայտվում, դուք չեք կարող օբյեկտիվությունը պահպանել, թեկուզ նախաքննության տեսանկյունից, որովհետև եթե հայտնաբերվի այդ «Գագիկ Սողոմոնյանը», վաղը- մյուս օրը «Գագիկ Սողոմոնյանի» իրական պաշտպանը այդ հարցը բարձրացնելու է մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Երկրորդ մասով ես բացարկ եմ հայտնել նույն քննիչին, որովհետև ինքն իր գործողություններով արդեն իսկ ապացուցում էր, որ ինքն անաչառ չէ իմ վստահորդի նկատմամբ, որովհետև հերիք չէ ինքը չի մասնակցում ձեռբակալման դեմ բողոքի քննությանը, չի էլ ապահովում իմ պաշտպանյալի մասնակցությունը՝ առանց որևէ հիմնավոր պատճառի, ամեն կերպ փորձում է մեղադրանք առաջադրել, ժամանակ շահել, որ մարդը ավելի շատ գտնվի անազատության մեջ։ Բացարկի 3-րդ հիմքը, որը ես դատարանում բարձրացրի, այն է, որ իմ նշած այս IP հասցեների հետ կապված հարցը բավականին տարրական բան է, դա ինչ-որ հատուկ մասնագիտական գիտելիքներ չի պահանջում։ Ես ասում եմ՝ հարգելի դատարան, քննչական մարմինը այս ոլորտին չի տիրապետում, այս ոլորտին տիրապետում է հատուկ մասնագիտական կառույց․ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում գոյություն ունի հատուկ վարչություն, որը զբաղվում է կիբերհանցագործությունների դեմ պայքարով, այս ոլորտով զբաղվող քննիչները այս IP հասցեի վերաբերյալ, որի մասին ես մի ամբողջական դասախոսություն կարդացի նիստի ժամանակ, այդքանը իրենք ամբողջությամբ գիտեն։ Այսինքն՝ եթե այդ վարչությունում քննվեր այս գործը, ապա այս թյուրիմացությունը ի սկզբանե չէր առաջանա․ Արամ Սարգսյանին որպես վկա կամ կասկածյալ կհարցաքննեին և կճանապարհեին տուն։ Այսքանից պարզ դարձավ, որ ուղղակի մարդուն ուզում էին բերել և կալանավորել»,- ասաց պաշտպանը։

Նշենք, որ գործով մյուս մեղադրյալները՝ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանն ու Մհեր Ավագյանը ևս չեն ընդունում առաջադրված մեղադրանքները։