Լյուստրացիան մանկական անմեղ խաղ է Vetting-ի համեմատ

Լյուստրացիան մանկական անմեղ խաղ է Vetting-ի համեմատ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումից հետո ծայր առան անցումային արդարադատության համակարգի ներդրման եւ, այսպես կոչված՝ Vetting-ի իրականացման մասին խոսակցությունները։ Դիտարկենք այս եզրույթների առնվազն հանրագիտարանային սահմանումները․ Vetting-ը որեւէ անձի կենսագրական տվյալների ստուգման գործընթացն է, ինչը նախորդում է անձին աշխատանք (պատասխանատու պաշտոն) առաջարկելուն, մրցանակ շնորհելուն կամ նրա նկատմամբ որեւէ որոշում կայացնելուն եւ այլն։ Ստուգմանը զուգահեռ ուսումնասիրվում են նաեւ տվյալ անձի ակտիվներն ու եկամուտները՝ որոշելու դրանց օրինականությունը։

Անցումային արդարադատությունը մարդու իրավունքների լայնամասշտաբ խախտման ժամանակաշրջանի հետ կապված ժառանգության հաղթահարման դատական եւ ոչ դատական մեխանիզմների մշակումն ու համապատասխան միջոցառումների իրականացումն է: Նման միջոցառումներն ընդգրկում են քրեական հետապնդման իսկության պարզման հանձնաժողովների ստեղծում, փոխհատուցան ծրագրեր, բազմաթիվ  ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Անցումային արդարադատությունն ընդունվում է բռնության եւ հալածանքների համակարգից սոցիալական կայունության համակարգ քաղաքական անցման ժամանակահատվածում եւ ուղեկցվում է հասարակական վստահությունն ու արդարադատության խարխլված համակարգը վերականգնելու, կառավարման ժողովրդավարական համակարգը կառուցելու հասարակության ձգտումով: 
Անցումային արդարադատության իրականացման օրինակներ կարելի է գտնել Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած ժամանակահատվածում, օրինակ՝ Եվրոպայում, երբ մեկնարկեց Նյուրնբերգյան դատավարությունը։ Նման մասնակի օրինակ է նաեւ ճապոնացի զինվորականների հանդեպ իրականացված Տոկիոյի դատավարությունը: 

Ինչպես տեսնում ենք՝ երկու դեպքում էլ գործ ունենք հսկայական ռեսուրսներ, ժամանակ եւ  բազմաթիվ արհեստավարժ կադրեր պահանջող գործընթացների հետ։ Մեծ խնդիր է նաեւ դրանց իրականացման ընթացքում ներհասարակական գոնե հարաբերական հանդարտությունն ու համաձայնությունն ապահովելու կարողությունը։ Հասունացե՞լ է արդյոք այս համակարգերի ներդրումը Հայաստանում։ Թերեւս՝ այո, բայց գուցե ոչ այն ծավալներով ու խորությամբ, ինչ Նյուրնբերգում։ Ի վիճակի՞ է արդյոք հայաստանյան արդարադատության համակարգը, պատկերավոր ասած, «մարսել» այդ հսկա ու ծախսատար գործընթացները։ Այս հարցը բավականաչափ վիճահարույց է եւ կախված բազմաթիվ գործոններից։ Այն ֆոնին, երբ այսօրվա իշխանական շրջանակներում առկա է դեռեւս «քավորսանիկային» փոքրիկ Հայաստանում հարաբերականորեն հանգիստ կյանքը շարունակելու նկատելի միտում, Vetting-ի ու անցումային արդարադատության լիարժեք իրականացումն այնքան էլ իրատեսական չի թվում։

Հայաստանյան փորձագիտական շրջանակներից արդեն իսկ կարծիքներ են հնչել, որ Հայաստանի դատաիրավական համակարգը լիովին հնարավորություն է տալիս օրենսդրական արդեն իսկ առկա միջավայրի ու ռեսուրսների շրջանակում ցանկալի արդարադատություն իրականացնել, սակայն դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք։ Անշուշտ, հնչել են նաեւ հակառակ պնդումներ։
Մյուս կողմից՝ նշված միջոցառումների իրականացման լրջությունը «փոքր-ինչ» կասկածի տակ է հայտնվում՝ հաշվի առնելով դրանց մասին արվող հայտարարությունների, այսպես կոչված՝ timing-ը, կոնկրետ ժամանակահատվածը․ հնչեց կառավարության համար անհաճո դատավճիռ, ուրեմն վերջ՝ անում ենք Vetting եւ անցումային արդարադատություն։ Չփոփոխվեր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, նման հայտարարություններ հնարավոր է եւ չհնչեին։ 

Մինչդեռ Vetting-ի եւ անցումային արդարադատության համակարգի իրականացման մասին հայտարարությունները թերեւս ավելի լուրջ տպավորություն կթողնեին, եթե հնչեին «թավշյա» հեղափոխությունից արդեն օրեր անց, նաեւ կոնկրետ քայլեր արվեին այդ ուղղությամբ։ Փաստորեն, արդեն կորսվել է մի ամբողջ տարի։ Ոմանք կասեն՝ նոր իշխանությունը ժամանակ չի ունեցել դրանով զբաղվելու։ Բայց մի՞թե տասնամյակներ շարունակ դատաիրավական բզկտված համակարգ ունեցող Հայաստանում իրական բարեփոխումներ կյանքի կոչելու համար ավելի լուրջ ու առաջնահերթ խնդիրներ կան։ 

Ի վերջո՝ բավական է հիշել մի հատկանշական օրինակ․ արդեն երկար տարիներ Հայաստանում այդպես էլ համաձայնություն չի կայանում, թվում է՝ իրականացման տեսակետից ավելի հեշտ մի միջոցառման՝ լյուստրացիայի շուրջ։ Հարցեր կան, ասում են, պետք չէ բզով խառնել առանց այդ էլ անհանգիստ ու փոքրիկ երկիրը։ Մինչդեռ լյուստրացիան գրեթե մանկական անմեղ խաղ է, ի համեմատ այն բանի, թե ինչ պետք է տեղի ունենա Vetting-ի եւ անցումային արդարադատության համակարգի իրական ներդրման պարագայում։

Դավիթ ԶԱՎՅԱՆ