Ինչ հիմքով է Գարիկ Սարգսյանն ազատել համայնքապետին

Ինչ հիմքով է Գարիկ Սարգսյանն ազատել համայնքապետին

Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները այսօր շրջափակել են համայնքապետարանը։ «Հրապարակը» դեռ օրեր առաջ էր գրել, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանին ազատել է աշխատանքից։ Իր ազատման մասին արձակուրդում գտնվող քաղաքապետը իմացել էր պահակից։ Մեզ հետ զրույցում Գրիգորյանը մարզպետի նման որոշումը բացատրել էր իր և մարզպետի վատ հարաբերություններով․

« «Այս ամենը կազմակերպում է նախկին համայնքապետը՝ Արտուշ Սարգսյանը։ Նա մարզպետի հոր ընկերն է։ Այստեղ որևէ քաղաքական աստառ չկա, որևէ այլ խնդիր չկա, այստեղ ուղղակի կա իմ ու մարզպետի ոչ ճիշտ հարաբերություները։ Նա ինձ չի սիրում, որովհետև ժամանակի ընթացքում ես իրեն չեմ օգնել, օգնել եմ ՔՊ այլ պատգամավորի, ինքը դրանից նստվածք է տվել, լարվածություն է ստեղծել, այդ ամենը դրանից է գալիս։ Անցած տարի ինձ առաջարկել է անդամագրվել ՔՊ-ին, ասել եմ՝ չեմ մտնում, ես ինքս անկուսակցական եմ, բայց ես նորից իշխանությանն եմ օգնելու, ժողովրդին եմ օգնելու, ես չեմ ուզել ուղղակի կուսակցություն մտնել, պարտականություն ստանձնել լրացուցիչ։

Դրանից հետո սկսել են ԱԺ դեկտեմբերյան ընտրությունները, չեմ օգնել Սարգսյան Գարիկին, օգնել եմ նույն ՔՊ-ի այլ թեկնածուի ՝Ատոմյան Սերգեյին, որը իմ համագյուղացին է, մենք շատ լավ ընկերներ ենք, շատ լավ հարաբերությունների մեջ ենք։ Դրանից հետո մարզպետն ինձ ասաց՝ կտենաս, կփոշմանես, ես էլ ասել եմ Աստված քեզ հետ, դրանից հետո մենք համարյա չենք շփվել, ոչ մի հարցում ինքը ինձ չի ընդունել, չի դիմավորել, ինչքան փորձել եմ մոտը մտնել, չի ընդունել, խոչընդոտել է։ Նախկին գյուղապետին է բերել, ասել է՝ էս գյուղապետին պիտի ազատեմ, դու լինես գյուղապետ՝ Սարգսյան Արտուշին։ Ավագանուն տրամադրել է իմ դեմ, լարվածություններ, նիստերին չգալ, վիճաբանություններ, և այլն»,- ասել էր Գրիգորյանը։

«Հրապարակը» նաև զրուցեց համայնքապետի աշխատակազմի մասնագետներից մեկի հետ, վերջինս ասաց, որ այսօր հանդիպում տեղի է ունեցել մարզպետի և փոխմարզպետների հետ, Գրիգորյանին տարբերակներ են առաջարկել․

«Այսօր՝ ժամը 9-ից համայնքապետարանը փակել են համայնքի բնակիչները, թույլ չեն տվել, որ ժամանակավոր պաշտոնակատար նշանակված մարդն ու մարզպետի օգնականը գան համայնքապետարան, որովհետև բնակիչները պահանջում էին մարզպետին, որպեսզի նա գա, բացատրի, թե ինչ անօրինական քայլ է արվել, թե ինչո՞ւ է ինքը անօրինական կարգադրություն տվել, որ իրեն պաշտոնանակ անեն։ Մարզպետը չեկավ, մոտ մի 150 հոգի մարդ էր հավաքվել, ստիպված մենք բոլորով գնացինք մարզպետարան։ Մարզպետարանում լրագրողները և 5 հոգանոց խումբ բարձրացան, այդ թվում՝ նաև Նորայր Գրիգորյանն ու Արտակ Հարությունյանը, որին ԺՊ են նշանակել։ Էլի սուտ ու կեղծ պարզաբանումներ տվեցին, թե ավագանին է որոշել։ Մենք ինչ պարզաբանում պահանջում էինք, իրենք օրենքի կետերն էին ասում։ Ում որ իրենք նշանակել են պաշտոնակատար, ավագանու անդամ է, լիազորությունները դադարեցված չեն։ Իրենք պատճառաբանում են, որ համայնքապետը 6 ամսվա ընթացքում ավագանու նիստ չի արել։ Մենք ապացուցում ենք, որ մարզպետարանի կայքում անգամ տեղադրված են արձանագրությունները, որ իրենք մասնակցել են, ստորագրությունները կան »։

Հարցրինք, թե ովքե՞ր կային հանդիպմանը․ 

«Մարզպետը իր աշխատասենյակում, ՏԻՄ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, փոխմարզպետերը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետը։ Գյուղապետին հրավիրեցին ոստիկանություն՝ կոմպրոմիսի գալու համար, գյուղապետը գնաց, էնտեղ զրուցել են, առաջարկվել է մի քանի տարբերակ, որ 2 կողմը հաշտվեն, շարունակեն մինչև եկող տարվա ընտրություններ,  կամ 3-րդ անձի նշանակել ԺՊ։ Գյուղապետը ասաց, որ պետք է հանդիպեն, քննարկեն, տեսնեն՝ ոնց պիտի լինի»։

Իսկ համայնքապետը զրուցել է ավագանու անդամների հետ․

«Ավագանու 4 անդամներն են՝ գումարած Արտակ Հարությունյանը, որոնք մեծամասնություն չեն կազմում, իրենք քվորում չեն ապահովում, համայնքը ունի ավագանու 9 անդամ, որից մեկը հանրապետությունում չէ, մնացել են 8-ը, 8-ից միայն 4-ն են ստորագրել, այսինքն՝ երկու երրորդն էլ չի ապահովվում»։ 

Նշենք, որ մենք բազմիցս փորձեցինք կապվել նաև մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, սակայն նա իր աշխատավահրում չէր, իսկ զանգերին էլ չէր պատասխանում։