Կարեն Աղամյանը հույս ունի, որ հարուցված քրեական գործը թյուրիմացություն է

Կարեն Աղամյանը հույս ունի, որ հարուցված քրեական գործը թյուրիմացություն է

Հայաստանի նկարիչների միությունում առերեւույթ, առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ։ 2017-2018թթ․ անցկացված ֆինանսատնտեսական վերլուծությունից պարզ է դարձել, որ այդ ժամանակահատվածում միության ղեկավարության կողմից հափշտակվել են 50 մլն դրամի գույք ու դրամական միջոցներ: Մասնավորապես՝ առանց անհրաժեշտ հիմնավորումների, հաշվետվությունների եւ փաստաթղթերի, տրանսպորտային միջոցների շահագործման վառելիքի ծախսի, գործուղումների, մատուցված որոշակի ծառայությունների դիմաց ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ, դուրս են գրվել գումարներ, կազմակերպությանը պատկանող տարածքների, շինությունների վարձակալության դիմաց հաշվեգրվել են պայմանագրով նախատեսվածից էականորեն պակաս եկամուտներ, առկա չեն եղել նաեւ գույքահարկի եւ հողի հարկի վճարումների մասին տվյալներ։ Ներկայացված նոր փաստերով ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում): Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ասում է, որ 2018 թ․ դեկտեմբերի 15-ին, երբ միության համագումարում ընտրվեց նախագահ, ահա, այդ ժամանակ վարչության հետ միասին որոշում կայացրին կատարել ֆինանսատնտեսական վերլուծություն։ Դրա համար հրավիրվեց անկախ աուդիտորական կազմակերպություն, որն արձանագրեց մի շարք խախտումներ։ «Այդ խախտումները պարզաբանելու համար վարչության կողմից բազմիցս կազմակերպվել են նիստեր, որոնց նաեւ պարոն Աղամյանն է ներկա գտնվել, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչ լուծումներ կարող ենք գտնել, կա՞ն հիմքեր այդ խախտումների վերաբերյալ, սակայն հիմնավոր ոչ մի պարզաբանում չեղավ, եւ նորից, վարչության որոշման համաձայն, դիմեցինք դատախազություն։ Այժմ գործն ընթացքի մեջ է»,- ասում է Սաֆարյանն ու հավելում՝ քանի որ ընթանում է քննություն, շատ մանրամասներ չի կարող հրապարակել։

Թե այդ գումարներն ուր եւ ինչին են ուղղվել, ասաց․ «Տարբեր խախտումներ են՝ թերի հաշվետվություններ, փաստաթղթեր․ դրանք շատ են։ Այս պահին իրավունք չունեմ մանրամասնել։ Միայն նշեմ, որ մեր կողմից պարոն Աղամյանին գրվել է նամակ, որին կցվել է նաեւ աուդիտորական ընկերության արձանագրած խախտումների փաստաթուղթը։ Նա պատասխանել է գրավոր, մենք էլ այդ բոլոր փաստաթղթերը հանձնել ենք դատախազությանը։ Ընթացքն արդեն ցույց կտա, թե որ կետերով նա պետք է պատասխան տա»։

Հարցին, թե ինչու է ընտրվել հենց այդ ժամանակահատվածը՝ 2017-18-ը, եւ ոչ ավելի մեծ ժամանակամիջոց կամ Աղամյանի պաշտոնավարման ողջ ընթացքը, Սաֆարյանն ընդգծեց, որ աուդիտորական քննությունը մեծ գումարների հետ է կապված, եւ իրենք  կարողացան միայն վերջին 2 տարիների ուսումնասիրությունն իրականացնել։ Այսինքն՝ հնարավոր է նաեւ 50 մլն-ն բազմապատկվի 20 տարո՞վ, ճիշտ այնքան, որքան պաշտոնավարել է Կարեն Աղամյանը։ «Ոչ մի բան չենք կարող բացառել, բայց չենք էլ կարող նաեւ հաստատել»,- ասում է Սաֆարյանը, ով տեղյակ չէ, թե այս գործի շրջանակներում էլ ովքեր են ներգրավված։

Նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հարուցված քրեական գործի մասին տեղեկացել է այնպես, ինչպես լրագրողները․ «Ավել լուր չունեմ, եւ ինձ համար սա շատ անսպասելի ու անհասկանալի է»։ Այս գործի շրջանակներում որեւէ հարցում պարզաբանում չի՞ տվել։ «Դատախազությունից ես որեւիցե բան չեմ ստացել, չգիտեմ ինչի մասին է խոսքը, ես հույս ունեմ, որ սա թյուրիմացություն է»։ Թե այդ թյուրիմացությունն ինչի հետ կարող է կապված լինել, Աղամյանն ասաց․ «Բոլորովին չեմ հասկանում․․․ ինձ ասացին, որ 50 մլն-ի մասին է խոսքը, բայց Նկարիչների միության համար 50 մլն-ն ֆանտաստիկա է»։ Հարցին, թե իրեն դեռ հարցաքննության չե՞ն կանչել, Աղամյանը կրկնեց․ «Այդ լուրը ես լսել եմ ձեզ նման, ոչինչ ավել»։ Մնում է զարմանալ, թե ինչպես են աշխատում քննիչները, որոնք մեղադրանք են առաջադրում, խախտումների մասին հաղորդագրություններ տարածում, սակայն մեղադրանքի հասցեատիրոջը չեն հրավիրում՝ բացատրություն վերցնելու, հարցաքննելու։

Անդրադառնալով իր պաշտոնավարման մեկ տարվան, միության նոր նախագահ Սուրեն Սաֆարյանն ընդգծեց, որ միությունը նախորդից ինքը ժառանգել է 18 մլն պարտքով, ավելին՝ միության հաշիվների վրա կալանք էր դրված։ Այդ խնդրով նա հանդիպում է ունեցել վարչապետի հետ, ու կարճ ժամանակահատվածում հարցին լուծում է տրվել։

Ինչ վերաբերում է միության աշխատանքներին, ապա արվել են մի շարք ցուցահանդեսներ, առաջին հարկը հարդարել են, ցուցասրահի պատերը ներկել, տաքսի ծառայությունն առաջին հարկից տեղափոխել են, անցկացրել են նաեւ պլեներ՝ ԿԳՄՍ-ի աջակցությամբ, Սեւանում նկարիչների ստեղծագործական տան հիմքերն են ամրացրել՝ կատարել մասնակի վերանորոգում եւ ապահովել մեծ այցելություններ։ Միության անդամներից շատերին տվել են բժշկական օգնություն, որոշներին ապահովել նկարչական նյութերով, մի շարք նկարիչներ արտասահման են մեկնել եւ մասնակցել ցուցահանդեսների։ Այժմ ադմինիստրացիայի շենքային հատվածն են վերանորոգում, որին կհաջորդի 3-րդ հարկի ցուցասրահի նորոգումը։ Ինչպես ընդգծում է Սաֆարյանը, այս բոլորը միությունը հիմնականում արել է իր միջոցների հաշվին։ «Առկա ֆոնդի թվայնացում ենք արել եւ դեռ չենք կարող ասել, թե այնտեղ ինչ վիճակ է, եւ ինչ է բացակայում։ 65-ից բարձր տարիքի միության անդամներին միության ցուցասրահները տրվել են անվճար, նաեւ նրանց ցուցահանդեսների պաստառները տպագրում ենք անվճար։ Այսինքն՝ Նկարիչների միությունն «արթնացել» է եւ աշխատում է օր ու գիշեր»,- ասում է Սաֆարյանն ու հավելում, որ միության շարքերը համալրվել են նոր անդամներով, բայց առաջիկայում նախատեսում են նաեւ միության անդամների զտման պրոցես կատարել։

Սակայն նոր նախագահի գործունեության գնահատականն էլ, կարծում ենք, կտրվի ավելի ուշ՝ նրա պաշտոնավարման ավարտից հետո, ինչպես միության նախորդ ղեկավարի «աշխատանքի» գնահատականն են տալիս այսօր։