Դուք ո՞ւմ կերակրատաշտից եք օգտվել

Դուք ո՞ւմ կերակրատաշտից եք օգտվել

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Ազատ Եղիազարյանն օրերս հանդես եկավ բաց նամակով՝ ուղղված ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: Նա մտահոգություն էր հայտնել, թե ինչ է լինելու հայ մշակույթի, կրթության, գիտության եւ ողջ հոգեւոր ոլորտի ճակատագիրը, եթե այն բոլորը, ինչ նախարարն է նախատեսում, իրականություն դառնա:

«Որտեղի՞ց է Ձեր այդ թշնամանքը գիտնականների հանդեպ, այդ ի՞նչ լեզու եք գործածում մարդկանց նկատմամբ, որոնք վաստակ ունեն (մեծ կամ փոքր) հայագիտության ասպարեզում: Այդ լեզուն ոչ միայն խորապես անարդար է այդ մարդկանց հանդեպ, այլեւ վայել չէ մտավորականին՝ է՛լ խավարամիտներ, է՛լ կերակրատաշտից օգտվողներ (եւ այլն, եւ այլն): Մի՞թե Դուք, այս հայհոյանքներից բացի, ուրիշ փաստարկներ չունեք՝ Ձեր դիրքերը պաշտպանելու համար: Թույլ տվեք նաեւ նկատել, որ Դուք Ձեր պահվածքով, Ձեր այդ երկաթբետոնե համառությամբ շատ ավելի մեծ վնաս եք հասցնում հեղափոխությանը, քան բոլոր հին ու նոր ընդդիմադիրները միասին»,- իր բաց նամակում մասնավորապես գրել է գրականագետը:

Ազատ Եղիազարյանից հետաքրքրվեցինք՝ նախարարը որեւէ կերպ արձագանքե՞լ է իր նամակին։ «Արձագանքներ շատ են եղել, բայց Արայիկ Հարությունյանի կողմից՝ ոչ մի արձագանք։ Առհասարակ, նրանք այդպիսի գիծ են վարում, եւ վստահ չէի, որ կարձագանքեին։ Ես մինչ այդ սուր քննադատել եմ նաեւ տիկին Անդրեասյանի որոշ ելույթներ, կրկին՝ ոչ մի արձագանք»։ Ո՞րն է նախարարության վարած նման քաղաքականության պատճառը, հատկապես որ մի կողմից ասում են՝ բաց են առաջարկների, երկխոսության համար, մյուս կողմից՝ անարձագանք են թողնում իրենց ուղղված ցանկացած խոսք կամ առաջարկ։ «Ես որ գրել էի՝ երկաթբետոնե համառություն, այդպիսի բան կա ոչ միայն Արայիկ Հարությունյանի, այլեւ նրա շրջապատի որոշ մարդկանց մեջ։ Եթե որոշել են, որ դա է ճիշտը, եւ որոշել են ամեն կերպ դա պարտադրել հայ ժողովրդին, ինձ թվում է՝ դա միանգամայն անընդունելի մոտեցում է մեր ժամանակներում։ Դա կուսակցականության ամենավատ ձեւն է․ մենք այսպես ենք որոշել, մենք ճիշտ ենք եւ մենք պետք է ստիպենք այս ժողովրդին՝ ընդունել մեր ճիշտը, ինչը ես մերժում եմ։ Ես շատ պահպանողական մարդ չեմ, բայց այդպես կոպիտ, կտրուկ եւ անհարգալից վարվել ցանկացած ժողովրդի կրթական ավանդույթների հետ՝ ոչ միայն անթույլատրելի է, այլեւ՝ խիստ վնասակար»։

Թե ինչու է նախարարը սվիններով ընդունում բոլոր քննդատությունները, ապա Ա․ Եղիազարյանը կարծում է, որ դա գալիս է փաստարկների պակասից․ «Թող հրապարակավ վիճեն, թեկուզ ջախջախեն, բայց՝ փաստարկված, ես դրանից չեմ վախենում։ Արայիկ Հարությունյանի ասածն ընդամենը այն է, որ մտավորականները հետադիմականներ են եւ նրանք են, ովքեր ժամանակին օգտվել են նախկին իշխանության կերակրատաշտից․ իսկ դուք ո՞ւմ կերակրատաշտից եք օգտվել։ Վիճեք, փորձեք ապացուցել ձեր մոտեցումները, որովհետեւ երկաթբետոնե մոտեցումն ինձ համար միանգամայն անընդունելի է»։

Այնուամենայնիվ, ինչո՞ւ է կասկածի տակ առնում կրթական բարեփոխումները, որոնք նախարարը որակել է որպես լուսավորչական նոր շարժում ՀՀ-ի համար։ «Իրենց թվում է՝ մենք մթության մեջ ենք ապրում, իսկ իրենք լուսավորում են մեզ, այնինչ այդպես չէ, մեր կրթության մեջ մեծ թերություններ կան, մեզ պետք է կրթության ընդհանուր համակարգի նոր կոնցեպցիա։ Այնպես են ներկայացնում, որ, ահա, եկել է (Արայիկ Հարությունյանը՝ իր թիմով) եւ ոչ մի պետքական բան չի գտել, ամենը պետք է դեն նետի եւ նորից սկսի։ Իսկ դա ավերիչ եւ մերժելի մոտեցում է»։

Կրթական բարեփոխումների հեղինակներն ասում են, որ հանրակրթական չափորոշիչների նպատակը գիտակից, պատասխանատու, հայրենասեր քաղաքացի ձեւավորելն է, դրա համար էլ նոր առարկաներ են ներմուծել․ «Ես եւ իմ հայրենիքը», «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը»։ «Լավ են արել, որ այդ առարկաները մտցրել են, բայց դպրոցի հիմքը պատմությունն է, լեզուն, գրականությունը, չգիտեմ՝ Արայիկ Հարությունյանն ու իր շրջապատը հասկանո՞ւմ են դա։ Բայց եթե այս հիմնական առարկաների դասավանդումը նրանք ուզում են հիմնովին շուռ տալ, դրանով հարվածում են ազգային դպրոցի բուն հիմքերին։ Ես ազգայինը չեմ ուզում կուռք դարձնել, բայց պետք է հասկանալ, որ դպրոցը միայն ազգային կարող է լինել, եւ դա՝ ոչ թե ի հակադրություն մնացած աշխարհի, այլ դպրոցի բնույթն է այդպիսին, գոնե մեզ համար, որ ունենք կրթության առնվազն 1500 տարվա պատմություն»։ 

«Ես ամեն կերպ կողջունեի Արայիկ Հարությունյանի այս շարժումը, եթե դա հիմնվեր առաջին հերթին հայկական դպրոցի ավանդույթների վրա, ինչ-որ բան գուցե մերժվեր, բայց չկտրվեր, չհակադրվեր այդ ավանդույթներին,- ասում է Եղիազարյանն ու ի պատասխան հարցին, թե որոնք են այդ ավանդույթները, նշում։-Հայկական դպրոցը երբեք անհատապաշտներ չի դաստիարակել, հայկական մշակույթի մեջ անհատապաշտություն չկա, դա դարձյալ Եվրոպայից է գալիս։ Եթե մենք իսկապես ուզում ենք գիտակից եւ իր երկիրը հարգող սերունդ դաստիարակել, չենք կարող այդ անհատին հակադրել ամբողջ հասարակությանը։ Իսկ իրենց մոտ ես այդպիսի գիծ եմ տեսնում, այսինքն՝ ոչ թե ճակատային են հակադրում, այլ ամեն տեղ ընդգծում են անհատականը, անձնականը՝ թե՛ ծրագրերի, թե՛ չափորոշիչների մեջ»։

Արդեն մեկ տարի է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը տարբեր քաղաքական ուժերի, անհատների համար օրակարգային է դարձել․ նրա հրաժարականն ինչքանո՞վ կլուծի կրթական ոլորտի խնդիրները, հատկապես որ Ա․ Եղիազարյանը նշել էր, թե նախարարի հրաժարականի հարցն իրեն չի հետաքրքրում։ «Իսկապես, այդ հարցն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, թե ինչ հիմքի վրա է կառուցվելու այդ ռեֆորմը, իսկ նախարար Արայիկ Հարությունյանը կլինի, Ժաննա Անդրեասյանը, թե բոլորովին անհայտ մի անձ՝ ինձ չի հետաքրքրում․ ելակետերը պետք է ճիշտ ընտրվեն։ Ես Արայիկ Հարությունյանին չեմ ճանաչել եւ նրա անձի դեմ առանձնապես բան չունեմ, եթե կոպիտ, վիրավորական արտահայտություններ մտավորականության հասցեին չաներ։ Ինձ հետաքրքիր է ռեֆորմի տեսական ելակետը, որը ես չեմ ընդունում, եւ ինչպես տեսնում եք, միայն ես չէ։ Իսկ եթե կան մտավորականներ, ովքեր կողմ են նրա բարեփոխումներին, թող նրանցից գոնե մեկը հրապարակավ պաշտպանի Հարությունյանի կոնցեպցիան»։

Վարչապետը, կառավարությունը կանաչ լույս են վառել այս բարեփոխումների առջեւ եւ, ըստ էության, գոհ են իրականացվող քայլերից։ «Վերջիվերջո, վարչապետն էլ կարող է սխալվել, կառավարությունն էլ։ Ես հասկանում եմ՝ վարչապետն ուզում է նոր Հայաստան կառուցել, բայց այդ նոր Հայաստանի կառուցման սկզբունքները պիտի քննարկվեն, ճշտվեն, այդպես չի լինում։ Ինչո՞ւ են վախենում մտավորականների հետ հանդիպելուց, չէ որ մտավորականների մեծ մասը պաշտպանել է այդ շարժումը, այդ հեղափոխությունը, ինչո՞ւ չեն ուզում մտավորականների հետ քննարկել այդ հարցերը, զրուցել, հասկանալ, չհամաձայնել, կռվել, բայց զրուցել եւ ճշտել մոտեցումները։ Նախարարն ասում է՝ ես հեղափոխության առաջնորդներից եմ եղել եւ հրաժարական չեմ տա։ Բայց դա մոտեցում չէ եւ թավշյա հեղափոխության սկզբունքներից շատ հեռու է։ Եթե նրանք ասում են՝ թավշյա, ժողովրդական հեղափոխություն, այդ ժողովրդականությունը ենթադրում է նաեւ այսպիսի շատ կարեւոր խնդրի համաժողովրդական քննարկում՝ մանկավարժների, գիտնականների հետ։ Դուք կարծում եք՝ նրանք մանկավարժների հետ լուրջ քննարկե՞լ են այդ բոլորը, ինչպես ռուսներն են ասում՝ ничего подобного: Հայոց լեզվի եւ գրականության ծրագրի քննարկմանը ոչ մի քննարկում չկար, հավաքվել էին նախարարության հովանավորության տակ, եւ, բնականաբար, քննադատական գրեթե ոչ մի խոսք չհնչեց, իսկ ընդհանուր առմամբ՝ ծափահարեցին։ Բայց դա չէ քննարկումը, եթե ուսուցիչները տեսնում են, որ նախարարն այդպես է ուզում, նրանք ուրիշ բան ասել չեն կարող»,- ասում է Եղիազարյանն ու հույս հայտնում, որ ԿԳՄՍ-ն ականաջալուր կլինի եւ որոշ բաներ կխմբագրի։ «Անհնար է, որ այդքան խուլ լինեն»։