Եթե Փաշինյանին շատ եք սիրում, պահեք ձեզ

Եթե Փաշինյանին շատ եք սիրում, պահեք ձեզ

Արցախում սրտատրոփ սպասում են Փաշինյանին: Օգոստոսի 5-ին, ժամը 19:00-ին նա ելույթ է ունենալու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, և, ինչպես ինքն է գրել, նայելու է արցախցիների աչքերի մեջ և շատ կարևոր բան է ասելու: Նշենք նաև, որ Փաշինյանը Արցախ է ժամանելու Համահայկական խաղերի բացման առիթով:

Այժմ մի փոքրիկ հարց պարզենք ու գնանք առաջ: Մենք չենք կարծում, որ Փաշինյանի մեջ արցախցիներին կարևոր բան ասելու մարմաջը վերջերս է առաջացել: Նա այդ «կարևոր բանի» մասին, ամենայն հավանականությամբ, երկար է խորհել, չի բացառվում՝ դեռ վարչապետի պաշտոնն ստանձնելիս: Անհասկանալին այն է, սակայն, թե ինչո՞ւ Փաշինյանը որոշեց արցախցիների աչքերի մեջ նայել ու կարևոր բաներ ասել միայն 2019թ. օգոստոսի 5-ին, ժամը 19-00-ին,  այն էլ Համահայկական խաղերի բացման առիթով: Եթե Խաղերի հետ կապված կարևոր բան է ասելու՝ հարց չկա, իսկ եթե ասելիքը վերաբերելու է Արցախում տեղի ունենալիք ընտրություններին, ապա դրա համար Փաշինյանին հատուկ առիթ պետք չէր:

Ինչևէ, Փաշինյանը, ընտանյոք հանդերձ, օգոստոսի 5-ին վայրէջք կկատարի Ստեփանակերտի հարակից խոտածածկ հարթակներից մեկում: Նրան կդիմավորեն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և այլ պաշտոնատար անձինք:  Կարգ է, հասկանում ես: Հաշվի առնելով օրվա խորհուրդը` կարելի է Փաշինյանին դիմավորելու տանել նաև աշխարհի տարբեր ծագերից ժամանած ֆիզկուլտուրնիկներին: Իսկ թե որքանով հարմար կլինի Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ և ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի ներկայությունը Փաշինյանի ուղղաթիռի պրոպելլերի տակ, չեմ կարող ասել: Նախագահի թեկնածուների պակաս Արցախում, կարծես, չկա, և Արայիկ Հարությունյանի եզակի ներկայությունը դիմավորման արարողությանը հազիվ թե վրիպի արցախցի ընտրողների աչքից: Մի նրբություն էլ կա:

Բանն այն է, որ Արայիկ Հարությունյանը Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ողջ տարածքում միակն է, որ արձագանքել է Փաշինյանի «նշանակած» ժամադրությանն ու արցախցիներին կոչ արել՝ գալ Վերածննդի հրապարակ՝ որ Նիկոլը նայի նրանց աչքերի մեջ ու կարևոր բաներ ասի: Արայիկ Հարությունյանի կոչի մեջ ես վատ բան չեմ տեսնում, բայց դժվարանում եմ հասկանալ, թե ինչո՞ւ մյուս թեկնածուներին նույնքան չի հուզում Փաշինյանի այս պատմական այցելությունն Արցախ: Իսկ այն, որ գետնի տակն են անցել «թավշյա հեղափոխության» օրերին Արցախում թավշյա խառնակչություններ իրականացրած «փահլևանները» , ընդհանրապես տարօրինակ է: Փաշինյանի այցին ընդառաջ ոչ փողոց են փակում, ոչ ավտոլվացման կետ... Նույնիսկ Բակո Սահակյանի ու նրա «քրեաօլիգարխիկ կոռումպացված իշխանությունների» հրաժարականը չեն պահանջում:  Կարճ ասած՝ Փաշինյանի առաջիկա այցն Արցախ ավելի հետաքրքիր է քաղաքական, քան Համահայկական խաղերին նոր շունչ հաղորդելու առումով:
Ուրեմն 1-2 ամիս առաջ մի հոդված էի գրել այն մասին, որ Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում է, որպեսզի ընկալվի որպես Փաշինյանի ֆավորիտ և ԱՀ նախագահի ընտրություններում հաղթողի հավակնորդ: Ահ նախկին վարչապետն այն օրերին  Երևաններում ասուլիսներ էր անում, լրագրողների հարցերին պատասխաններ տալիս, թե ինքը չէր ուզենա անձամբ խոսել Փաշինյանի մարդը լինելու մասին... Ու չէր մոռանում հետևից ասել, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություննրն իր սրտով են: Հոդվածիս կապակցությամբ Արայիկ Հարությունյանի ճամբարում «աշխատանքի անցած» ղարաբաղցի ծանոթիս նամակ-հանդիմանությունը շատ չուշացավ: Գրել էր. «Արի, կլինի, Ղարաբաղյան թեմաներով ոչինչ մի գրի, որովհետև իրավիճակին չես տիրապետում»: Ոնց որ Ստեփանակերտը Երևանին նոտա տար՝ այդ ապրումներն ունեցա նրա նամակը ընթերցելուց հետո: Իսկ հիմա, երբ  արդեն հայտնի է, որ միայն ու միայն Արայիկ Հարությունյանն է ուրախացել Փաշինյանի՝ Արցախ այցելելու և կարևոր բաներ ասելու ֆեյսբուքյան գրառումից, մնում է ծանոթիցս հետաքրքրվել՝ հը՞, լոխ լավ ա՞:

Արայիկ Հարությունյանի դեմ ես ոչինչ չունեմ: Մեկ անգամ եմ նրան տեսել Ստեփանակերտում՝ անձրևի տակ հովանոցով վազելիս: Դեռ մտածեցի՝ վարչապետ մարդ է, բայց ինչքան համեստ է, որ այս ուշ ժամին մեքենա չի կանչել տեղ գնալու համար: Կարող եմ ասել՝ իմ ներսում նույնիսկ համակրանքի պես մի բան կա նրա անձի հանդեպ: Բայց այս պահին, Փաշինյանի այցից ժամեր առաջ, կուզենայի Արայիկ Հարությունյանին ասել, որ Արցախի ժողովուրդը 2020 թվականին ոչ թե Փաշինյանի դրածոյին պետք է ընտրի, այլ Արցախի նախագահին: Եվ ուրեմն, թողեք, որ արցախցին կատարի իր ընտրությունը, իսկ Փաշինյանին էլ հասկացրեք, որ չի կարելի այսքան գռեհիկ ձևով միջամտել Արցախի ընտրություններին: Կարող եք նաև նրան հիշեցնել, թե ինչպիսի հիստերիայի մեջ էր ընկել ինքը, երբ իրեն թվացել էր, թե Արցախը միջամտում է Հայաստանի ընտրություններին:

Իսկ հիմա՝ ամենագլխավորի մասին: Գաղտնիք չէ, որ Արցախի Հանրապետությունում բավականին ծանր կացություն է հաստատվել՝ կապված 2020 թվականին տեղի ունենալիք ընտրությունների, կարելի է ասել՝ սպասվող իշխանափոխության հետ: Որքան էլ որ տարօրինակ հնչի, այդ ընտրություններին պատրաստվում է նաև Նիկոլ Փաշինյանը, որի՝ իզմեր չպարունակող գաղափարներից ոգևորված՝ առանձին գործիչներ հանդես են գալիս Արցախի համար վտանգավոր նախաձեռնություններով, որոնք,  տրամագծորեն տարբեր լինելով, այնուամենայնիվ աղերսվում են մեկ պահանջի շուրջ՝ Բակո Սահակյանի հրաժարական և արտահերթ ընտրություններ: Արցախի գործող իշխանությունների դեմ այս հոգեբանական գրոհը, որի ազդանշանը ամիսներ առաջ է տրվել Երևանից,  Բակո Սահակյանին դրդեց վճռական քայլերի՝ մանավանդ ուժային և իրավապահ կառույցների ամրապնդման ուղղությամբ: Եվ բոլորը միանգամից հասկացան, որ ուռա-հեղափոխականությամբ Արցախում իշխանություն նվաճելը, մեղմ ասած, անհեռանկար գործ է: Արայիկ Հարությունյան օպերացիան, փաստորեն, Արցախում իշխանությունը վերցնելու՝ Փաշինյանի պահեստային տարբերակն է: Այդ տարբերակով նախագահի հրաժարականի և արտահերթ ընտրությունների պահանջ, կարծես թե չկա, ինչն առաջին հայացքից կարող է ընկալվել որպես կոմպրոմիս Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի միջև: Փաշինյանը, հավանաբար, կփորձի Ստեփանակերտում հասկանալ, թե ինչպես է Բակո Սահակյանը գնահատում իր այդ տիտանական աշխատանքը, բայց ամեն ինչ, իհարկե, կախված է այն բանից, թե ինչ է մտածում Արցախի նախագահը հայաստանյան խեղկատակությունները Արցախ տեղափոխելու Փաշինյանի վերջնանպատակների մասին:

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ թե Արցախում և թե Հայաստանում Փաշինյանի առաջիկա այցի կապակցությամբ կան մտավախություններ, որ նա, ըստ էության, զբաղված է Արցախում, ի դեմս Արայիկ Հարությունյանի, իր դրածոյին իշխանության բերելու գործով: Կրկնեմ՝ խնդիրն ամենևին էլ Արայիկ Հարությունյանը չէ: Խնդիրը Նիկոլ Փաշինյանն է, որ համառորեն փորձում է Արցախը ենթարկել իրեն՝ չունենալով արցախյան խնդրի կարգավորման սեփական իզմերն ու տեսլականները:

Հ.Գ. 1 Ողջունում եմ Համահայկական խաղերի բոլոր մասնակիցներին...

Հ.Գ. 2 Փաշինյանին ուշ-ուշ տեսնող և աչքներդ կլորացրած՝ նրա գալստյանն ու կարևոր բաներ ասելուն անհամբեր սպասող արցախցիներ ջան, սիրով ձեզ կտայի Փաշինյանին, բայց վախենում եմ մի քանի օր չանցած՝ անիծեք ինձ: Ավելի լավ է՝ ձեր սրտով ու ձեռքով ձեր նախագահին ընտրեք: