Չստացած մեդալը՝ վրեժխնդրության պատճառ

Չստացած մեդալը՝ վրեժխնդրության պատճառ

Պատերազմին մասնակցած Մացակ Վարդանյանն օրերս գեներալների ու գնդապետների անուններ էր տվել, որոնք, ըստ նրա՝ 44-օրյա պատերազմի կեսից փախել են մարտի դաշտից: Նրանցից մեկը «Արամազդ» ջոկատի հրամանատար Կորյուն Ղումաշյանն էր: Մենք Ղումաշյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է պատահել, որ դիրքերը լքել ու փախել է՝ զինվորներին թողնելով բախտի քմահաճույքին:

«Էդ ես չեմ փախել, ինքն է փախել ու հիմա հեքիաթ է հորինում՝ անունը մաքրելու համար: Չսպասելով հերթափոխին՝ ինքնակամ լքել է դիրքերը: Իսկ ես հպարտ հրամանատար եմ, որ այս տարիքում կարողացա ջոկատ հավաքել ու մասնակցել պատերազմին: Ես ջոկատը թողնել-փախչել չէի կարող, որովհետև պատասխանատու էի յուրաքանչյուրի կյանքի համար: Եվ հետո, պետք է վարժարան վերադառնայի ու կարողանայի նայել կուրսանտներիս աչքերն»,-ասաց գնդապետ Ղումաշյանը:

Մացակ Վարդանյանը Ղումաշյանի հիմնած «Տիգրան Մեծ» ռազմական վարժարանի կուրսանտներից է եղել, բայց չի ավարտել, դիպլոմ չի ստացել: Տևական դադարից հետո գնդապետը և Մացակն իրար հանդիպել են պատերազմի օրերին: «Երբ զոհված փեսայիս բերեցինք-հուղարկավորեցինք Եռաբլուրում, այդ օրը Մացակը զանգեց և խնդրեց, որ թույլ տամ՝ միանա մեր ջոկատին: Ասաց՝ չեմ ուզում երկրապահի հետ գնալ, ուզում եմ ձեզ միանալ: Համաձայնեցի: Թաղումից անմիջապես հետո գնացի Արցախ ու պատերազմին մասնակցեցի մինչև վերջին օրը: Իսկ Մացակը, որ արդեն մեր ջոկատում էր, ինձ անընդհատ ասում էր, թե իր հայրն եմ, իր ծնողը, որ ինձ շատ է հարգում, բայց, փաստորեն, չխնայեց: Մեծ սուտ է հորինել, որ վրեժ լուծի իբր՝ իրեն վիրավորելու համար»:

Մացակ Վարդանյանի վիրավորանքը պարզվում է՝ իշխանական պարգևին չարժանանալու համար է: Երբ Արցախի ղեկավարությունը «Արամազդ» ջոկատի կռվողների ցանկն է ուզել՝ մեդալ տալու համար, Մացակի անունն այդ ցուցակում չի եղել: Ջոկատի հրամանատարն ասում է՝ ո՞նց կարող էր դիրքերից փախնողը պարգևատրվել: «Ճիշտ է՝ կռվել է, բայց նաև դիրք է լքել: Գողություն էլ էր անում. Տուն էր մտնում, մեքենաների բանալիներ էր ձեռք բերում... Եվ հետո, ցուցակը միանձնյա չի կազմվել, խորհրդի որոշումով են անունները գրվել»: 

Արցախի ոստիկանությունը Կորյուն Ղումաշյանից դեռ անցած տարվա դեկտեմբերին է հետաքրքրվել Մացակով: 2021-ի փետրվարին էլ ՀՀ ՌՈ-ն է հարցրել նրա գտնվելու վարի մասին: «Իրականում չգիտեի՝ որտեղ է, բայց ենթադրում էի, որ գողության կամ նման բանի համար են նրան որոնում: Հնարավոր է՝ քրգործը հենց դրա համար են հարուցել, ոչ թե թուրքի գլուխ կտրելու՝ ինչպես ներկայացնում է: Ինքն ուզում է մոլորեցնել հանրությանը. Իրեն զոհ ներկայացնել, իսկ ինձ՝պատերազից փախած գնդապետ: Չի ստացվի»:

Հրամանատարը վստահ է, որ զրպարտանք ու հերյուրանք տարածելու գործում Մացակը «դասատու» ունի: «Անուն չեմ տալիս, բայց մեկն էլ կա, որի տղան ևս մասնակցում էր կռվին: Էդ տղան երբեք գլուխը խրամատից չբարձրացրեց, վախենում էր կռվել: Պատերազմից հետո սրա հայրն էլ եկավ մոտս, պարզաբանում էր պահանջում, թե ինչու տղային պարգևի չեմ ներկայացրել: Բացատրեցի, որ վախկոտներին մեդալ չեն տալիս: Բայց, ոնց որ չի հասկացել. համախոհ է գտել, և հիմա երկուսով փորձում են վրեժխնդիր լինել»:

Մացակի հայտարարության մասին Ղումաշյանը խոսել է նաև գեներալ Ավետիսյանի հետ, որի, ինչպես նաև գեներալ Քոչարյանի անուններն էլ Մացակի փոխանցմամբ Դոգն է հրապարակել` որպես փախչող գեներալների: Ղումաշյանն ասում է, որ գեներալ Ավետիսյանը խիստ զայրացած է: Զայրացած է նաև «Արամազդ»ջոկատը: Մացակի զինակից ընկեր Միքայել Միքայելյանը ջոկատի անունից փախուստի մասին վկայող փաստեր է պահանջում, այլապես «իրենց հետ գործ կունենա»:
Իսկ ինչ վերաբերում է թուրքի գլուխ կտրելու համար Մացակին դատապարտելու մասին վերջինիս արած հայտարարությանը, «Արամազդն» ու նրա հրամանատարն անլուրջ են համարում: «Եթե Մացակ Վարդանյանին դատեն` թուրքին գլխատելու համար, պատրաստ ենք նրա հետ նաև մենք նստել: Բայց դա սուտ է: Այս հայտարարությամբ ինքը սրիկայություն է անում նաև արդարադատության դեմ: Ասում է, թե իրեն 18 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն է սպառնում, որովհետև պատերազմի ժամանակ թուրքի գլուխ է կտրել: Մոլորեցնում է, մի հավատացեք` իրեն այլ բանի համար են մեղադրում»: