Վանեցյանին կփորձեն հեռացնել նաև ՀՖՖ նախագահի պաշտոնի՞ց 

Վանեցյանին կփորձեն հեռացնել նաև ՀՖՖ նախագահի պաշտոնի՞ց 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ ինքը ընդունելու է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը, որին հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը՝ հրաժարական տալու պատճառների մասին։ Ու թեեւ վարչապետը ասուլիսում նշեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը թողնելուց հետո, Վանեցյանը պետք է կենտրոնանա Հայաստանի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս բերելու համազգային խնդրի լուծման վրա, սակայն, ակնհայտ է, որ Վանեցյանի հայտարարությունը ծանր են տարել եւ նրա դեմ քայլեր են մտածում։ Այդ մտորումներն են ինչպես կառավարությունում, այնպես էլ Քաղպայմանագիր կուսակցությունում, Իմ քայլը խմբակցությունում եւ մերձիշխանական շրջանակներում։ 

Մենք տեղեկացանք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում էլ իշխանության ներկայացուցիչները մտմտում են՝ ինչպես անել, որ Վանեցյանին դուրս մղել նաեւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Մասնավորապես լուրեր են շրջանառվում այն մասին, թե ՀՖՖ փոխնախագահներ Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը արդեն իսկ սկսել են կոմպրոմատներ հավաքել Վանեցյանի մասին, որ հող ստեղծեն նրան ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռացնելու համար։ «Հրապարակի» հետ զրույցում ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը նշեց․ «Դրանք բացարձակապես կեղծ լուրեր են։ Արթուր Վանեցյանը ընտրվել է ֆեդերացիայի նախագահ՝ 4 տարի ժամկետով և ոչ մի տեղեկություն չկա այն մասին, որ ինքը պատրաստվում է հեռանալ»։ 

ՀՖՖ մյուս փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ մեզ այդպես էլ չհաջողվեց կապվել։