Խմելու ջուրն ամեն թաղին երկու օրը մեկ է հասնում՝ մեկ ժամով. Խնածախի վարչական ղեկավար

Խմելու ջուրն ամեն թաղին երկու օրը մեկ է հասնում՝ մեկ ժամով. Խնածախի վարչական ղեկավար

«Հիմա արդեն ունենք տները տաքացնելու խնդիրը: Մարդ կա այս պահին արդեն վառելափայտ չունի, որովհետև մեր անտառներն անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ», «Հրապարակի» հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ վարչական շրջանի ղեկավար Սեյրան Միրզոյանը:

«Ինձ արդեն մի տասը ընտանիք դիմել են վառելանյութով իրենց օգնելու խնդրանքով, սակայն ոչ մի հնարավորություն չունենք օգնելու»,-ասաց նա: Մեր հարցին, արդյոք դիմե՞լ է մարզպետին, ասաց, որ մեկ տարի է, ինչ պաշտոնավարում է, սակայն այդ մարդուն չի տեսել, չի ճանաչում:

«Ուզում եմ վաղը դիմել Տեղ համայնքի ղեկավարին, որպեսզի մարզպետին նամակ ուղարկի՝ կարիքավոր ընտանիքներին օգնելու համար: Ունենք ծեր, 101 տարեկան մարդ, երեկ չէ առաջին օրը խնդրել էր օգնենք իրեն՝ հարսի հետ է ապրում, տղան մահացած է, օգնող չունեն»,-ասաց Միրզոյանը:

Խնածախի ղեկավարը տեղեկացրեց, որ գյուղում այս տարվա հաշվառման ժամանակ 50 հոգի պակաս է հաշվառվել, քան անցած տարի: Մարդիկ հեռանում են Խնածախից: Միրզոյանն այս մասին մեզ ասել էր նախորդ զրույցի ժամանակ: Պատկան մարմիններին խնդրում էր գյուղացիներին ապահովել աշխատանքով, մարդկանց օգնություն ցույց տալ, որպեսզի գյուղից չհեռանան, գյուղը չդատարկվի:

«Գնում են աշխատանք գտնելու համար ու չեն վերադառնում` ջուր չունեն, գազ չունեն մարդիկ: Ոչ ոռոգման, ոչ խմելու ջուր ունենք, խմելու ջուրը ամեն թաղամասին երկու օրը մեկ է հասնում՝ մեկ ժամ ամենաշատը»,-ասաց Միրզոյանը:

Խնդիր կա նաև կենդանիներին խոտով ապահովելու հարցում, քանի որ արոտավայրերի հիմնական մասը պատերազմից հետո անցել է թշնամու վերահսկողության տակ:
«Գիտեք, որ արոտավայրի պակասությունը շատ լուրջ է, 200 խոշոր, 2000-2500-ի կարգի ոչխար է պակասել, մյուս տարի խոտի խնդիր էլ կունենանք, որովհետև վարելահողերից էինք օգտվում: Հիմա մարդիկ դա գարնանացան ու աշնացան են արել՝ ցորեն, հաճար, գարի են վարում, քանի որ անասունով այլևս հարց չեն կարողանում լուծել, որովհետև արոտավայրերը թուրքերի վերահսկողության տակ է, իսկ մարդիկ մեծ քանակով կենդանի պահելով ընտանիք էին պահում», ասում է վարչական ղեկավարը:
Գյուղում գազով մոտ տասնութ ընտանիք էր տունը տաքացնում, հիմա ընդամենը տասներկու ընտանիք է օգտվում: 

«Մարդիկ դիմում են, մի տուն գազ հասցնելու համար 250-500 հազար գումար են ուզում, գուղացուն այսօր այդքան գումար որտեղի՞ց»,- արդարացիորեն տարակուսոիմ է Խնածախի ղեկավարը: Վերջինս շեշտում է, որ իր տնից ընդամենը 150 մետր վերև ադրբեջանցիներն են կանգնած: 

«Մարդիկ վախով ապրում են` սպասողական վիճակ է, սպասում են, որ մի լույս կբացվի՝ կամ կմեռնեն, կամ էլ ազատ կապրեն էլի»,-նկատեց Սեյրան Միրզոյանը:
Գյուղի դպրոցը նորմալ գործում է, միայն թե աշակերտների թիվն է օր օրի  պակասում, քնաի որ մարդիկ գյուղը լքում են:

«Եթե մարդը ջուր չունենա, տաքանալու միջոց չունենա, աշխատանք չունենա, ոնց ստիպես մնա, չես էլ կարող ստիպել»,-ասաց Միրզոյանը:
44-օրյայից հետո չորս կողմից թշնամիների կողմից շրջափակված է Խնածախը, գյուղից ընդամենը 150-200, երբեմն էլ 100 մետր հեռավորության վրա են տեղակայված թշնամու արդբեջանական զինվորականները իրենց դիրքերով:

«Ամեն օր աշխատում են, այս պահի դրությամբ ճանապարհ են սարքում 10-15 մետր լայնությամբ ճանապարհներ են սարքում դեպի դիրքեր տանող»,-տեղեկացրեց Խնածախի ղեկավարը: