Թեսթի արդյունքին են սպասում․ պատասխանը պարզ է

 Թեսթի արդյունքին են սպասում․  պատասխանը պարզ է

Արցախյան պատերազմի ժամանակ Սյունիքում ռազմական թղթակից էի ու մեր տարածքը անընդհատ գնդակոծվում էր,  կարող էի ժամանակավոր իմ ընտանիքը հանել քաղաքից։ Բայց չհանեցի անգամ մի օր։ Ինչու՞։

Վազգեն Սարգսյանը, որ պետնախարար էր Սյունիքում, , մի օր հարցրեց՝ այդ ռազմական տեղեկատվությունը, որ հաղորդում եք, ինչքա՞ն եք կարևորում ձեզ։

-Այնքան եմ կարևորում, որ ընտանիքս չի կարող անգամ մի օր լքել մեր գնդակոծվող քաղաքը, ամեն օր հազարավոր մարդիկ են ստուգում՝ ընտանիքս հանե՞լ եմ։ Այսինքն՝ վիճակը վտանգավո՞ր է, որ իրենք էլ լքեն սահմանամերձ իրենց տարածքը։

Ասաց՝ ապրես, մենք այդ մտածողությամբ հաղթելու ենք։ Ընդամենը մի շարքային ռազմական թղթակից էի։

Երկրի Գլխավոր հրամանատարը, վարչապետը, որ ժողովրդին համոզում,տներից դուրս էր հանում ու ասում՝ կորոնավիրուսը ու՞մ շունն է, որ նրանից վախենանք, սովորական գրիպա՜ էլի, ու  շփվում էր զանգվածների հետ, ձեռք սեղմում, գրկախառնվում, բուկլետներ բաժանում, այսօր կնոջ հետ փակվել է Սևանա կղզում։ Ինչու՞ է փակվել, իմաստը չեմ հասկանում։ Տևական շփումներից հետո, եթե վիրուս եղած լինի, իրենը արդեն արած պիտի լինի։ Անգամ եթե վիրուս չլինի, վարչապետը հազարավոր մարդկանց հետ, զանգվածային հանրահավաքների միջոցով հանդիպել, շփվել է, ի՞նչ մի պարտադիր էր , որ նրանք իմանային, որ նա վտանգել է իրենց կյանքը։ Հիմա փակվել եք, որ ի՞նչ։ Եթե ժողովրդի մի մասնիկն եք, գնայիք Գոլդեն Փելիս կամ մի այնպիսի տեղ մեկուսանայիք, որ ոչ ոք չիմանար ու թեսթ հանձնեիք։ Թե՞ այդ հնարավորությունը չունեիք։

Պատերազմի մասին շատ բաներ տեսականորեն լսած կլինի Նիկոլ Փաշինյանը, թե ինչպես է հրամանատարը մինչև վերջին փամփուշտը կռվում թշնամու դեմ, չի փախչում, չի հանձնվում, իր զինվորներին մենակ չի թողնում։ Իսկ ինքը Գերագույն Գլխավոր հրամանատար է։

Ինչ պատասխան էլ ունենա թեսթը, դուք պատմության մեջ մնալու եք ինչ որ ժամանակահատվածի հրամանատար, որ «գլուխը վերցրել ու ճողոպրել է»։ Մեկուսանալ կարող էիք ձեր առանձնատանը, թե՞ սենյակները քիչ էին․․․ մանավանդ, ձեր ասելով, , բոլոր բժիշկներն ասում են, որ զրո տոկոս է ձեր վարակված լինելու հավանականությունը։ Դա էլ այն դեպքում, երբ դուք ամենօրյա ու ժամյա բժշկական հսկողության մեջ եք։ Սևանա թերակղզի փախչելու իմաստը ո՞րն է․ ռոմանտիկա՞ն։

Թեսթի արդյունքին են սպասում․ պատասխանը պարզ է, բացասական։  Պարտադիր չէ կորոնավիրուս ունենալ շնչառական օրգաններում, որը մեծ մասամբ բուժվում է, սարսափելին հոգու կորոնավիրուսն է, որն արտահայտվում է պատասխանատվությունից խուսափելու ամենաառաջին ախտանիշով։