Կորոնաժամանակներ են, պետք է մրցունակ լինել առցանց տիրույթում

Կորոնաժամանակներ են, պետք է մրցունակ լինել առցանց տիրույթում

Նախօրեին տեղեկացրել էինք, որ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ դեռ երկու ամիս առաջ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը չեղարկվել էր։ 

Երեկ ԿԳՄՍ նախարարությունում, ի վերջո, տեղի է ունեցել մրցույթը, որի արդյունքների ամփոփմամբ հաղթող է ճանաչվել թատրոնի տնօրենի ԺՊ պարտականություններն իրականացնող Լուսինե Սահակյանը, առաջիկայում կլինի նաեւ պաշտոնական նշանակումը։

Լ․ Սահակյանը մեզ հետ զրույցում նկատում է՝ այն, ինչ ներկայացրել է մրցութային հանձնաժողովին, մասամբ արված աշխատանքի հաշվետվություն է եղել, մասամբ էլ՝ առաջիկա պլանների։ «Կարծում եմ՝ այն առաջնահերթությունները, որ ունեինք սրանից 3 ամիս առաջ, այսօր որոշակիորեն բոլորիս համար փոփոխության են ենթարկվել, որովհետեւ կորոնաժամանակներ են, եւ բոլորիս համար առաջնային խնդիրներից մեկը մրցունակ լինելն է առցանց տիրույթում։ Բոլորս տեղափոխվել ենք այդ դաշտ եւ պետք է կարողանանք հետաքրքրել հանդիսատեսին ու դիտել առաջին հերթին հենց սպառողի դիրքերից․ մենք ի՞նչ կուզեինք, որպես սպառող, որ մեզ առաջարկեր այս կամ այն կառույցը, եւ այս իմաստով աշխատելը կդառնա ավելի հետաքրքիր եւ նպատակային»,- ասում է Սահակյանն ու հույս հայտնում, որ առաջիկայում արդեն հանդիսատեսին կհանդիպեն թատրոնում։

«Կսկսենք աշխատել այն նախագծերի վրա, որոնք հնարավոր է կյանքի կոչել առցանց հարթակներում, եւ, հավանաբար, այս պահին արդեն կսկսենք մեկ ներկայացումից, ինչպես նաեւ՝ ընդհատված փորձերը։ Իսկ երկուշաբթի օրվանից արդեն մեկնարկել են բեմի ավտոմատացման աշխատանքները։ Ինչ վերաբերում է թատրոնի շենքի վերանորոգման հարցին, ապա նախագիծը ներկայացված է, պետք է քննարկման փուլեր անցնի՝ կառավարության համապատասխան կարգով»։