Կալանավայրից դուրս գալուց հետո քաղբանտարկյալ Տաթևիկ Վիրաբյանի՝ Տաթև Արցախի առաջին հարցազրույցը «Հրապարակին»:
- Տաթև, տևական ժամանակ բանտարկված էիր, ֆեյսբուքում «բռնության» կոչեր անելու համար: Կարող ենք արձանագրել, որ դու հեղափոխական Հայաստանի առաջին կին քաղբանտարկյալն ես: Օրերն ինչպե՞ս էին անցնում կալանավայրում:
- Թե ինչպես էին անցնում կալանավայրում իմ օրերը բառերով բացատրել չեմ կարող, բայց այդ ապրումները ոչ թե իմ կալանավայրում գտնվելու հանգամանքով էին պայմանավորված, այլ նրանով, որ վերջնականապես հանձվեց թուրքին Արցախը, իսկ Հայաստանում քաոս է…. անկարողությունից տեղս չէի գտնում: Ընտանիքիցս, երեխաներիցս հեռու, չգիտեի ինչպես հոգամ նրանց կարիքները, իսկ քույրս այդ ժամանակ դեռ Արցախում էր և հայտնի չէր, թե ինչ կլինի նրա հետ: Չգիտեի որտեղ են հարազատներս, իսկ այդ ապրումներն ուղղակի ահավոր էին: Նման անորոշությունն իսկական դժոխք է: Օրս անցկացնում էի գրքեր կարդալով, մարդկանց հայրենասիրության մասին իմ պատկերացումները փոխանցելով: Ինձ անգամ օրվա 24 ժամը չի բավականացնում, այդ օրերն իմ կյանքի ամենավատ օրերն էին՝ լճացած ժամանակով, բայց նորից եմ կրկնում՝ սարսափելին այն միտքն էր, որ իմ երկիրն էս վիճակում է, իսկ ես բանտարկված, ոչինչ անել չեմ կարող….
- Ի՞նչ փոխեց քաղբանտարկյալի կարգավիճակը քո կյանքում:
- Ինձ փորձեցին բանտարկելով կոտրել, բայց դարձրին մի քանի անգամ ավելի ուժեղ: Ես հանրության շրջանում դարձա ավելի սիրված ու ընդունված կերպար, քան առաջ էի: Ես ոչ մի պարագայում չէի ցանկանա հայտնվել այդ կարգավիճակում, ինձ թվում է ոչ ոք չի ցանկանա լինել բանտարկված, այն էլ անարդարության համար: Ես անարդարության զոհ էի, բայց ամեն բան պատվով հաղթահարեցի: Ես արել եմ այն, ինչ թույլատրելի է սահմանադրությամբ: Իմ արածների համար չեմ զղջում ու գլուխս բարձր վաղը փողոց եմ դուրս գալու: Ես պատժվեցի, որովհետև պայքարող հայ եմ՝ արցախցի, անգամ մահվան սյուն պատվով էի գնալու:
- Ինչո՞ւ իշխանությունները որոշեցին, որ դու պետք է մի գրառման համար կալանավորվես: Ի՞նչն էր նրանց այդքան վախեցրել քո մեջ:
- Այն, ինչ եղավ, իշխանության վախի դրսևորումն էր: Փորձեցին այս քայլով կոտրել պայքարող մարդկանց, տնավեր դարձած արցախցիներին, որ հանկարծ պայքարի դուրս չգան: Սրանց մոտ միայն տանել, փակելն է ստացվում, բայց կոտրել՝ ոչ: Կալանավայրից դուրս է եկել ավելի ուժեղ Տաթև, ով պայքարը շարունակելու է: Անգամ կալանավայրում իմ պայքարը չեմ ավարտել:
- Ի՞նչ փոխեց այդ ամենը քո կյանքում: Շատերը քրեական գործերից վախենում լռում են, իսկ քո պարագայում ինչպե՞ս է:
- Ես իմ կյանքում առաջին անգամ տեսա, թե ոնց կարող է մարդն անարդարության զոհ դառնալ, զոհ դառնալ ուղղակի պայքարելու, ուղղակի իր հողը, իր պապերի գերեզմանը պաշտպանելու համար: Իմ կյանքում ոչ մի բան չի փոխվել: Ես անարդարությունների դեմ պայքարել ու պայքարելու եմ ավելի շատ: Գիտակից մարդու կյանքում, երբ անարդարության դուռը ծեծում են, նա դառնում է առավել ըմբոստ: Երբ իմ ընկերներից շատերին կալանավորում էին, ասում էի՝ բոլորիս հետ է նույն բանը լինելու: Էդպես էլ եղավ: Հիմա էլ ոչ ոք այդ ամենից ապահովագրված չէ: Մեկ էլ տեսնում ես՝ հոպ, գործ սարքեցին ու դառնում ես քաղբանտարկյալ: Ես ուզում եմ շնորհակակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, այն լրագրողներին, ովքեր մտովի ինձ հետ էին և աջակցում էին ինձ: