Հերթական պատշաճ ծանուցումը Փաշինյանին և Օսիպյանին
Քիչ առաջ ԴԱՀԿ-ից եկա: Մի հերթ, մի հերթ… Հերթ կանգնած այդքան հպարտ քաղաքացի մեկ էլ Նիկոլի հանրահավաքներին եմ տեսել: Մի տարբերությամբ միայն, որ ԴԱՀԿ-ում հավաքվածները «հու-հու գըմփ» չէին անում: Խելոք նստոտել էին իշոտնուկներին ու ամեն ծլնգոցի հետ նայում էին էկրանին` չհասա՞վ իրենց հերթը` V88, V89, V90… իմ հերթը V137-ն էր: V-ն ամենևին էլ այն V նշանը չէր, որ դեկտեմբերի 9-ին 800 հազար քաղաքացի դրել էր Փաշինյան Նիկոլի քվեաթերթիկների դարձերեսին: ԴԱՀԿ-ում այդ V-ն նշանակում էր` «վճարում», այսինքն` հավելումով վճարում, որ մարդկանց պարտադրում են կատարել զանազան տուգանքներ ժամանակին չվճարելու համար: Այլ խոսքով` լրացուցիչ «կլպոցի»: ԴԱՀԿ-ը պետք է փող աշխատի՞, թե՞ չէ:
Մի հպարտ քաղաքացի աղիողորմ բողոքում էր.
-Բայց ես չեմ իմացել, որ ինձ տուգանել են, թե չէ կվճարեի ու ԴԱՀԿ-ի դռները չէի ընկնի:
ԴԱՀԿ-ի աշխատողն անհողդողդ էր.
-Սխալվում եք, դուք պատշաճ ծանուցված եք եղել:
-Պատշաճն ի՞նչ ա:
-Պատշաճ, էլի, փոստից թուղթ են բերում, անձամբ հանձնում…
-Չեն բերել:
-Բերել են:
-Ուրեմն տանը չեմ եղել:
-Տանն եք եղել՝ գլազոկից նայել եք, չեք բացել դուռը:
-Ի՞նչ գիտեք…
Մոտավորապես այս կարգի խոսակցություններ` ամեն վճարումից առաջ: Հետո հպարտ քաղաքացին խելոք վճարում էր ԴԱՀԿ-ի ասած թիվն ու հեռանում` քթի տակ մրթմրթալով իր իմացած ամենաթունդ հայհոյանքը:
Գուցե հարցնեք` բա դո՞ւ ինչու էիր գնացել ԴԱՀԿ: Պատմեմ: Դա մի երկար պատմություն է: Ես արդեն մի քանի հոդված եմ գրել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ու Վալերիյ Օսիպյանն ինձ 300 հազար դրամ են պարտք, քանի որ հրաժարվել են փոխհատուցել ավտոմեքենայիս հասցված վնասը: Դա տեղի էր ունեցել Հեղափոխության թունդ օրերին, երբ մի խումբ փսլնքոտներ, իրենց «թանկարժեք» Opel տաքսիով (համարները փակված) փակել էին ճանապարհը և անկապ հետուառաջ էին անում: Խփեցին իմ մեքենային և, Հայաստանի դրոշը ծածանելով, կայծակի արագությամբ թռան դեպքի վայրից: Դրան հետևեց Նիկոլ Փաշինյանի և Վալերիյ Օսիպյանի գրեթե համատեղ հայտարարությունը, թե հեղափոխության օրերի վնասված մեքենաները պետք է նորոգվեն ԱՊՊԱ-ների կողմից: Եվ, քանի որ ոչ մի ԱՊՊԱ «վիզ» չվերցրեց նորոգել իմ ավտոմեքենան, ես էլ պարտքը դրեցի իշխանությունների «վզին», այսինքն` Նիկոլ Փաշինյանի և Վալերիյ Օսիպյանի:
Նրանք, բնականաբար, այս ողջ ընթացքում իրենց դրեցին ռետինե խողովակի տեղ, ասես ոչինչ չգիտեն, մինչդեռ, ինչպես ասացի, իմ հոդվածներով քանիցս պատշաճ ծանուցվել են այդ մասին: Ի դեպ, պարոն Փաշինյանին և Վալերիյ Օսիպյանին նաև այդ պարտքը մարելու տարբեր ձևեր եմ հուշել: Ընդհուպ առաջարկել եմ, այդ գումարից հանել իմ տուգանքները, որ կարող են գոյանալ արագաչափերից, տեսանկարահանող սարքերից ու կարմիր գծերից: Առաջարկել եմ նաև այդ պարտքը փակել «Հրապարակի» խմբագրությունում, սուրճի սեղանի շուրջ: Բայց… Ձայն բարբառո հանապատի…
Հետո այնպես եղավ, որ Օսիպյանից առաջին թուղթը ստացա` Մյասնիկյանի պողոտայում արագությունը 9 կմ/ժ գերազանցելու համար` 9 հազար դրամ տուգանքի ծանուցումով: Սա արդեն չափազանց էր: Չվճարեցի: Ամիսներ անց, երբ բանկում գործարք էի կատարում, ավելի ստույգ` վարկ էի մարում, բանկի աղջիկն ասաց.
-Չեք կարող վճարել:
-Բայց ես դեռ ողջ վարկը չեմ մարել,- զարմացա ես: Ու մեկ էլ մտքովս անցավ` գուցե Նիկոլ Փաշինյանն ու Օսիպյա՞նն են ինձ «սյուրպրիզ» արել և փակել 200 հազար դրամի վարկը:
- ԴԱՀԿ-ը կալանք է դրել Ձեր հաշիվների վրա` 13 հազար 500 դրամի չափով: Մեքենա վարո՞ւմ եք, երևի ինչ-որ տուգանք չեք վճարել…
- Հասկանալի է, իսկ վա՞րկն ինչպես մարեմ:
-Տերմինալով, ես ձեզ վարկային հաշվի համարը կտամ, Դուք վճարեք:
Ինչպես վերևում ասացի, քիչ առաջ ԴԱՀԿ-ից եկա: Զայրացած եմ մի ուրիշ տեսակ: Արդարադատության այդ անկապ շենքում ինձ նման հազարավոր մարդիկ էին հավաքվել, իսկ ես աշխատանքի վայրից ընդամենը կես ժամ կարող էի բացակայել: Համազգեստով մի կլորիկ տղա կար միջանցքում: Նա ինձ հուշեց, որ եթե սոցքարտ կա մոտս, կարող եմ չսպասել և վճարել «ավտոմատին»:
-Իսկ մարդիկ ինչո՞ւ են այսպես կուտակվել, նրանք չե՞ն կարող «ավտոմատին» վճարել:
-Կարող են, պարզապես սիրում են հարցուփորձ անել, թե ինչո՞ւ պետք է վճարեն, ինչո՞ւ են կալանքներ դրվել իրենց գույքի ու գումարների վրա…
Չերկարացնեմ: Վճարեցի «ավտոմատին» և կտրոնը ցույց տվեցի ապակու հետևում նստած մի ուրիշ երիտասարդի, որը հաստատեց, որ վճարումս տեղ է հասել, բայց, ի զարմանս ինձ, հարկ համարեց տեղեկացնել, որ էլի խախտում ունեմ, այդ մեկը 7 հազար 500 դրամի չափով:
-Դա՞ ինչ է:
-Խաչմերուկի խախտում եք արել Կոմիտասի վրա, 5000 դրամ:
-Ես ձեզնից եմ լսում այդ մասին:
-Ոչ, Դուք ծանուցված եք եղել, ես հիմա թուղթը կտամ: Նայեք, սա ձեր ստորագրությունը չէ՞:
-Ոչ… Բայց կարծես դա կնոջս ստորագրությունն է:
-Փաստորեն պատշաճ ծանուցվել եք...
-Այո, փաստորեն կինս է պատշաճ ծանուցվել իմ խախտման մասին…
-Ի՞նչ տարբերություն…
-Ոչ մի: Իսկ դուք ամուսինների բոլոր «խախտումնե՞րն» եք պատշաճ ծանուցում նրանց կանանց…
Փաստորեն ԴԱՀԿ-ի դեբիլություններից էլ պրծում չկա: Փաշինյանը կասեր` ոչ ոք չի պլստալու… ԴԱՀԿ-ից, Ոստիկանությունից, ԱԱԾ-ից, ՔԿ-ից, ՀՔԾ-ից, ՊՊԾ-ից, ՔՔԾ-ից… Բա որ այդքան հետևողական տղա եք, պարոնայք Փաշինյան և Օսիպյան, ինչո՞ւ չեք կատարում ձեր իսկ խոստումներն ու հրահանգները: Ե՞րբ եք տալու ձեր պարտքը, 300 հազար դրամը, որ ես էլ ԴԱՀԿ-ի փողերն ու բանկի վարկը մարեմ` 200 հազար դրամ, որն, ի դեպ, վերցրել եմ դզող-փչողի վարձը տալու համար: Այս մասին ողջ ազգն է պատշաճ ծանուցված: Անհարմար է չէ՞, դուք արդեն լուրջ մարդիկ եք` 800 հազար քվե ստացած:
Կարծիքներ