Ծիծեռնակաբերդյան մի հուշում լուսահոգի Արտակ Բաղդասարյանից

Ահա, արդեն տասը տարի է՝ ապրիլի 24-ին ընդառաջ՝ ես յոթ օր ուխտի եմ գնում Ծիծեռնակաբերդ, յոթ պտույտ գործում անմար կրակի շուրջ, յոթ անգամ աղոթում անմեղ զոհերի հոգիների հանգստության համար, յոթ անգամ երդվում, յոթ անգամ խնդրում նրանց զորակցությունը ե՛ւ ինձ, ե՛ւ հայության, ե՛ւ համայն մարդկության համար, մի տեսակ վերանում, կարծես լսում նրանց արձագանքը, կարծես զգում նրանց ոչ այնքան աղաղակը, որքան հավատի շշուկը իրենց արդար դատի հաղթանակի, հատուցման հանդեպ, կարծես համակվում դրանով, կարծես ուխտ անում, ապա, կարծես զարմանալի խաղաղված, վերադառնում առօրյա։
Յոթ տարբեր ու միանման օրեր են դրանք․ սկզբում՝ սակավամարդ, հետո՝ հետզհետե մարդաշատ ու տրոփող, որտեղ ամենաազդեցիկն ու տպավորիչը անմար կրակին հառված մանկական անթարթ աչքերն են, այնտեղ արտացոլվող կրակի խորհուրդը։
Վերադարձին մի ընտրած նստարանի նստելով՝ մի սիգարետ եմ վառում, վերապրում, վերհիշում, թե ինչն ինձ մղեց՝ հանձն առնել այդ հավերժական, փրկարար ուխտագնացությունը, եւ շնորհակալ եմ լինում «Անդին» ամսագրի գեղարվեստական խմբագիր, մեր լույս գործընկեր, այս ժամանակավոր կյանքից անցյալ տարի վերափոխված տաղանդավոր նկարիչ Արտակ Բաղդասարյանին, որի հոգուց բխած խոստովանություն-հայտնագործությունն էլ սկիզբ դրեց իմ ուխտագնացությանը։
Հիշատակածս խոստովանություն-հայտնագործությունը հրապարակվել է 2015 թվականին, «Անդին» ամսագրի 4-րդ՝ Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված բացառիկ համարում, ու ես ուզում եմ նաեւ ձեզ հաղորդակից դարձնել դրան, որովհետեւ այն կարդալուց հետո Ծիծեռնակաբերդը ձեր կողմից կընկալվի նաեւ մի այլ լույսի ներքո, իբրեւ սրբարան ու ոգեղեն կեցավայր, որտեղ ոչ միայն ցավ ու հիշողություն է անթեղված, այլեւ՝ զորություն, հավատ, պատգամ եւ հրաշք․․․
Ահա այդ հրապարակումը։
«Արտակ Բաղդասարյան
Հրաշքի մասին
Երեկ, դիտելով Մեծ Եղեռնի անմեղ զոհերի սրբադասման արարողությունը, անբացատրելի, ինքնաբուխ մի զգացում ունեցա, ավելի ստույգ՝ համոզմունք - այս վերաշխարհիկ, պատմական, իրադարձային օրը հրաշք պիտի տեղի ունենա․․․
Նվաստիս համար, ինչպես բոլոր երկչոտ, թույլ, թերի հավատացյալների համար, հրաշք էր պետք՝ հավատալու համար․․․
Երբ ամոթս հաղթահարելով հրաշքի սպասումս կիսեցի ընկերոջս հետ, նա ասաց, որ հավանական է՝ շատերը հրաշքներ վկայեն այս ու հետագա օրերին - ճշմարիտ ու սուտ - եւ ավելացրեց, որ հնարավոր է, այդ հրաշքը անտեսանելի լինի․․․
Որոշ ժամանակ անց մի միտք ծնվեց խորքումս - փշաքաղեցնելով, ապշահարելով եւ համրացնելով ինձ - մեկ եւ կես միլիոն անմեղ զոհերը սրբադասվեցին, եւ այլեւս նրանք Սուրբ են, միանգամից, անմիջապես - մեկուկես միլիոն Սուրբ։
Մի վիթխարի Երկնային զորք․․․
Մի ահռելի միասնական Սուրբ երկնային մարմին․․․
Ինձ ապշեցրած միտքը սա է․ այլեւս բոլոր հայերը, չէ՛, յուրաքանչյուր հայ կամ գրեթե յուրաքանչյուրը (այս գրեթե-ի համար ներողություն եմ հայցում) իր տոհմում առնվազն մեկ Սուրբ ունի, առնվազն մեկ հարազատ Սուրբ (ոչ շատ հեռավոր՝ մեծ պապ, մեծ մայր կամ նրանց ծնողները)։ Կան ընտանիքներ, որտեղ կլինեն երկու, չորս եւ ավելի Սրբեր․․․
Հիմա կարծում եմ (գրեթե մեկ օր անց)՝ սա է Հրաշքը, որ տրվեց Արարչի կողմից մեզ - մի ամբողջ ազգ, աշխարհասփյուռ ազգ մեկ արարողությամբ դարձավ մեկուկես միլիոն հարազատ, տոհմական Սրբեր ունեցող ազգ․․․
Հարազատների մեկուկես միլիոնանոց Սուրբ երկնային զորք․․․
Մի միասնական, անընդգրկելի, հարազատ Երկնային մարմին, որը մեր աշխարհասփյուռ ազգի միասնական արտացոլումն է Երկնքում․․․
Սա հրաշք է․․․ Սա է Հրաշքը․․․
Հրաշքը Հավատքի դրույթ է, Հավատքի խնդիր է․․․
Մի՞թե այս խնդիրը մեզ չհաջողվեց լուծել - գոնե մեզ՝ ազգովին - Հավատքի քրիստոնեական կեցության ողջ ընթացքում․․․
ՀԳ․ Երեկ երեկոյան, երբ հաղթահարեցի ապշահար վիճակս, նույն ընկերոջս պատմեցի այս ամենը՝ ավելացնելով, թե անհնար է, որ որեւէ մեկը կամ (ինչն ավելի հավանական է) շատերը նույն բանը չզգան ու չարտահայտեն։ Ընկերս պատասխանեց, որ անպայման շատերը կլինեն, քանզի միտքը ծնվելիս, հոգեւոր, եթերային մարմին առնելով, հասու է դառնում շատերին․․․ Այսօր առավոտյան այդ գաղափարը գրեթե բառացիորեն հնչեց հեռուստացույցից․․․:
Հրաշքը Հավատքի խնդիր է․․․»։
Հակոբ Սողոմոնյան
Կարծիքներ