ՍԴ-ն զավթեցին նաեւ սրա համար
Մեկ տարուց ավելի է, ինչ Սահմանադրական դատարանը կասեցրել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հետ կապված քննությունը։ Դեռես 2022 թ. սկզբին ընդդիմադիր պատգամավորներն այդ օրենքը վիճարկել էին ՍԴ-ում` խնդրելով քննել օրենքի հակասահմանադրականության հարցը։ Թվում է` մարդկանց գույքին, սեփականությանը վերաբերող օրենքը, որը կարող է ազդել նրանց կյանքի որակի վրա, ոտնահարել նրանց իրավունքները, պետք է ՍԴ-ն առաջնահերթ քններ, որ գործընթացը չսկսվեր եւ անդառնալի հետեւանքներ չունենար, բայց ՔՊ-ի կցորդը դարձած բարձր դատարանը ճիշտ հակառակն արեց` քնեցրեց գործը: Նախ, ժամանակ ձգելու համար դիմեց Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար։ 2022թ․ դեկտեմբերին Վենետիկի հանձնաժողովը տվեց իր խորհրդատվական կարծիքը, որն ավելի շատ քաղաքական, դիվանագիտական բնույթի էր, բայց կային որոշ դիտարկումներ, որ օրենքը խնդրահարույց է։ Օրինակ, Հանձնաժողովն անդրադարձել էր նրան, որ գույքի ծագումն ուսումնասիրելիս կարելի է մինչեւ 1991 թվականը հետ գնալ: Հանձնաժողովն ասել էր՝ այդքան հետ գնալը պրոբլեմ է` չի կարելի սեփականության իրավունքն այդքան անորոշ եւ անկանխատեսելի դարձնել, կարելի է հետ գնալ առավելագույնը 10-15 տարի՝ հետազոտումը սկսելու պահից ի վեր։
Ենթադրվում էր, որ Հանձնաժողովի կարծիքը ստանալուց հետո ՍԴ-ն արագ կվերսկսի վարույթը, սակայն ամիսներն անցնում էին` որեւէ գործողություն չէր արում։ Ակնհայտ էր իշխանության հրահանգը: 2023թ․ ապրիլ-մայիսին ՍԴ-ն վերսկսեց վարույթը եւ անմիջապես կասեցրեց՝ այն հիմնավորմամբ, թե հիմա էլ դիմել է գլխավոր դատախազին՝ մի շարք հարցերի պատասխաններ ստանալու համար: Օրինակ, հարցրել է, թե գործնականում այս օրենքն ինչպես է իրացվում։ Գլխավոր դատախազությունն էլ հարցերին պատասխանելու վրա մի քանի ամիս «մտածեց» եւ 2023թ․ սեպտեմբերին պատասխանն ուղարկեց: Հետո՝ էլի քար լռություն:
Այդ օրվանից մեկ տարուց ավելի է անցել, դեռ ՍԴ-ն քննությունը չի վերսկսել, որոշում չի կայացրել: Իսկ դատախազությունն այս ընթացքում` կիսատ-պռատ քննությունների արդյունքներով, կալանքի տակ է վերցնում նախկին պաշտոնյաների ունեցվածքը` հիմնականում նրանց, ովքեր զարմանալի զուգադիպությամբ ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս։ Նրանց ընտանիքների անդամներին են տանում-բերում դատախազություն, ստիպում մեծ գումարներ ծախսել փաստաբանների վրա կամ էլ, այդ քաշքշուկից հոգնելով, հաշտության գնալ պետության հետ` զիջելով իրենց գույքի մի մասը, որովհետեւ «պետության հետ վեճում հնարավոր չէ հաղթել»:
ՍԴ հանրային կապերի բաժնից մեր հարցին, թե ինչու բարձր դատարանը չի շարունակում գործի քննությունը, երբ ստացել է ե՛ւ Վենետիկի հանձնաժողովի, ե՛ւ դատախազության պատասխանները, տարօրինակ պատճառաբանություն են նշել, թե նյութերն ուսումնասիրության փուլում են․ «ՍԴ ՍԴԱՈ-84 աշխատակարգային որոշմամբ «ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցվել է՝ մինչեւ վերոնշյալ որոշման մեջ նշված կասեցման հիմքերը վերանալը: Տեղեկացնենք նաեւ, որ Սահմանադրական դատարանի կողմից գործով պահանջված եւ ստացված մեծածավալ նյութերն ուսումնասիրման փուլում են»:
«Հրապարակ»-ը նաեւ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից էր հետաքրքրվել, թե ինչու է դատախազությունն ուսումնասիրություն սկսելիս հասնում մինչեւ պաշտոնյայի ապուպապերը եւ հետո դատարանում, հիմնականում վաղեմության ժամկետի պատճառով, պարտվում։ Նա ասել էր՝ օրենքն է նման հնարավորություն տալիս։ Իսկ եթե ՍԴ-ն որոշի, որ այդ օրենքը հակասահմանադրական է, ի՞նչ է լինելու, վերադարձնելո՞ւ են մարդկանցից բռնագանձած գումարները։ «Եկեք ժամանակի մեջ առաջ չընկնենք։ Ինչ վերաբերում է գումարները վերադարձնելուն, ապա եթե այդ պահի դրությամբ լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որոնք դեռեւս առկա չեն, ապա կքննարկվի նաեւ այդ հարցը»,- պատասխանել էր Գալյանը, որը, հիշեցնենք, դատախազությունում համակարգում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը:
Դատական գործերի քննությունը ձգձգելու հիմքով որոշ դատավորների վերջին տարիներին զրկել են պաշտոնից, ժամանակն է, որ ՍԴ դատավորներին պաշտոնաթող անելու հիմքեր էլ ստեղծվեն․ եթե այս դատարանն ամեն դիմումի քննությունը 2 տարի ձգում է, ուրեմն ոչնչով չպետք է տարբերվի մյուս ատյաններից:
Կարծիքներ