Ի՞նչ պատճառ կա Հայկ Մարությանին «սիրելու»

Ի՞նչ պատճառ կա Հայկ Մարությանին «սիրելու»

Իր մեկամյակի ամփոփիչ ասուլիսում, ի թիվս 100 ձեռքբերում-փաստերի, Նիկոլ Փաշինյանը տարբեր հայտարարություններ ու ակնարկներ արեց, դիրքորոշում հայտնեց տարբեր երեւույթների ու անձանց վերաբերյալ, պաշտպանեց իր նշանակած կադրերին, հեգնեց իրեն քննադատողներին, քննադատեց իր ընդդիմախոսներին, լրատվամիջոցներին եւ որոշ ֆեյսբուքյան օգտատերերի մեղադրեց սուբյեկտիվության ու ծախված լինելու մեջ եւ այլն, եւ այլն։

Մեր ուշադրությունը գրավեց մի հատված, որտեղ նա գովերգում էր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին եւ, մեղմ ասած, հանդիմանում լրատվամիջոցներին, որ Մարությանին քննադատում են, իսկ Տարոն Մարգարյանին չէին քննադատում։ Չանդրադառնանք այն տգեղ ակնարկներին, որ, իբր, լրատվամիջոցներն ինչ-որ շահագրգռություն ունեին Տարոնին չքննադատելու համար, անդրադառնանք բուն տեքստին եւ մեզ ուղղված մեղադրանքներին։

Նախ նկատենք, որ ՀՀ վարչապետը կարծես թե մոռացել է, որ ինքը երկար տարիներ՝ 20 տարի եղել է հայաստանյան առաջատար լրատվամիջոցներից մեկի խմբագիրը, եւ ենթադրվում է, որ մամուլից տարանջատվելը, կողքից նայելը պետք է չստացվեին նրա մոտ, հակառակը՝ մամուլին ու մամուլի թերացումներին ուղղված ցանկացած դիտողություն ու քննադատություն նա պետք է իր վրա վերցներ, որովհետեւ այդ տարիներին Հայաստանում այնքան շատ լրատվամիջոցներ չեն աշխատել, ինչպես հիմա, եւ առաջատար ԶԼ միջոցները, որպես կանոն, սկզբունքներ ու մթնոլորտ են ձեւավորում։ Այնպես որ՝ եթե ինչ-որ բաց եղել է լրատվական դաշտում, ապա ամենամեծ պատասխանատվությունն ընկնում է իր խմբագրած թերթի ուսերին։ Մանավանդ՝ կարող ենք բացել արխիվները եւ տեսնել, թե Տարոն Մարգարյանի աշխատած շրջանում քանի քննադատական հոդված է հրապարակել «Հայկական ժամանակ» թերթը եւ ինչքան հոդված՝ «Հրապարակը» կամ «Ժողովուրդը»։ Հաստատ՝ հարաբերակցությունը հօգուտ «ՀԺ»-ի չի լինի։ 

Իսկ եթե իրոք կա այդպիսի տպավորություն, որ Տարոն Մարգարյանին ավելի քիչ էին քննադատում, քան Հայկ Մարությանին՝ այսօր, ապա պատճառը պետք է փնտրել բոլորովին այլ տեղում։ Ասենք՝ կատարած աշխատանքի մեջ։ Չի կարելի նսեմացնել նախկինում կատարված աշխատանքը։ Գոնե Երեւանի աղբահանության, սանմաքրման, այգիներ կառուցելու, կոմունալ խնդիրների լուծման հարցերում նախկին ու ներկա քաղաքապետերի արած գործն անհամեմատելի է՝ հօգուտ Տարոն Մարգարյանի։ Իսկ վատ բաների մեծ մասը քաղաքապետի իրավասությունների տիրույթից դուրս է եղել։ Մի բան էլ․ երբ իրոք նրա մասնակցությունը մամուլը նկատել է, օրինակ, Մաշտոցի պուրակում օբյեկտներ տեղադրելու ժամանակ, շատ խիստ է եղել եւ Տարոն Մարգարյանին բոլորովին չի խնայել։
Եվ երրորդ պատճառը, որ Հայկ Մարությանի հանդեպ ավելի «խիստ» ենք, քան Տարոն Մարգարյանի։

Տարոն Մարգարյանն իր գործունեությունը չի սկսել լրատվամիջոցներին իրենց տարածքներից հանելու ոտնձգություններով, անհեթեթ ծանուցագրերով ու վարձավճարներ բարձրացնելու սպառնալիքներով։ Քաղաքապետարանի ենթակայության Բուզանդի 1/3 շենքում տեղակայված ԶԼ միջոցները հենց Հայկ Մարությանի օրոք հայտնվեցին փողոցում մնալու վտանգի առաջ։ Ուրեմն, պարոն Փաշինյան, կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ պատճառ կա Հայկ Մարությանին չքննադատելու եւ նրա սխալներին ըմբռնումով վերաբերվելու համար։