Հեղափոխության մակաբույծները

Հեղափոխության մակաբույծները

Ինչպես պնդում էր ֆրանսիացի հեղափոխական, Ժիրոնդիստների կուսակցության նախագահ Պիեր Վերնոն՝ «Հեղափոխությունը, ինչպես Սատուրն Աստվածը, խժռում է իր զավակներին»: Հայկական երկու թավշյա հեղափոխությունների՝ ղարաբաղյան Շարժման եւ 2018թ. անանուն հեղափոխության նմանությունն այն է, որ ոչ միայն հեղափոխություններն էին խժռում իրենց զավակներին, այլեւ հեղափոխության զավակներն են խժռում հեղափոխությունները: 

Հայկական թավշյա հեղափոխությունները խժռեցին նաեւ հեղափոխության մակաբույծները, որոնք աճում են նույնքան արագ, որքան արագ նվազում են հեղափոխության նվիրյալները: Սա հայկական միջավայրի առանձնահատկությունն է, ուր հողը միշտ պարարտ է քաղաքական մակաբույծների համար: Երվանդ Օտյանի ժամանակներից մինչեւ Նիկոլ Փաշինյանի ժամանակները հեղափոխության մակաբույծները չեն փոխվել. նրանք սնվում են հեղափոխությամբ, ապրում են հեղափոխության հաշվին, խժռում են հեղափոխությունը հանուն իրենց անձնական շահերի ու հավակնությունների: Հեղափոխության հաղթանակում չունենալով որեւէ էական ներդրում՝ հեղափոխության մակաբույծները, սակայն, սիրում են ինքնամեծարվել, ինքնահռչակվում են որպես հեղափոխության անխոնջ եւ անփոխարինելի պաշտպաններ՝ իրականում սասանելով հանրության վստահության հիմքերը եւ քայքայելով հեղափոխական արժեքները: Ահա նրանցից մեկը: 
2018թ. հեղափոխությունից հետո Վահե Գրիգորյանը, Նիկոլ Փաշինյանի հորդորով, Եվրոպայից վերադարձավ Հայաստան: Նիկոլ Փաշինյանը նրան Հայաստան վերադարձրեց որոշակի քաղաքական ծրագրերի իրականացման համար եւ ի տրիտուր իր ազատազրկման ընթացքում Գրիգորյանի փաստաբանական պաշտպանության:

Քաղաքական ծրագիրը Մարտի 1-ի դատաքննությունն էր, իսկ Գրիգորյանը ոչ միայն Փաշինյանի, այլեւ Մարտի 1-ի տուժողների շահերի պաշտպանն էր: Վահե Գրիգորյանի անունը քանիցս հիշատակվում էր ՀՔԾ ներկա պետի եւ ԱԱԾ արդեն նախկին տնօրենի՝ հայտնի գաղտնալսման ձայնագրությունում. «Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա ու ելույթ էլ կունենա, էս սաղ հարցերին կպատասխանի»:

Ի սկզբանե դժվար էր հասկանալ, թե քաղաքական կամ դատաիրավական ոլորտի որ պաշտոնի կամ կարգավիճակի համար էր Փաշինյանը Գրիգորյանին վերադարձրել Հայաստան, բայց եւ ակնհայտ էր, որ Վահե Գրիգորյանի կարիերային հավակնությունները խիստ բարձր էին՝ Մեծ Բրիտանիայում ստացած իրավաբանական մագիստրոսական կրթությամբ, եվրոպական կառույցներում աշխատանքային որոշակի փորձով եւ Փաշինյանի ընտանիքի հետ սերտ կապերով:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ փաստաբան Վահե Գրիգորյանի նշանակետը ՀՀ Սահմանադրական դատարանն է: ՍԴ-ն հայ հանրության համար նախկին կոռումպացված եւ ապօրինի իշխանությունների պատվանդանն էր, ուր վավերացվում էին իշխանության պարբերական բռնազավթումները: Միաժամանակ, ՍԴ-ի համար եւ ՍԴ-ի դեմ մղվող պայքարը սկսեց բացահայտել երբեմնի ընդդիմության շահերի պաշտպան Վահե Գրիգորյանի անձնական հատկանիշների, սահմանադրականության մասին գիտելիքների բոլոր թերությունները: Սահմանադրական դատարանը եւ գործող Սահմանադրությունը դարձան այն թիրախները, որոնք սկսեցին ուժգին գնդակոծվել Նիկոլ Փաշինյանի, նրա քաղաքական թիմի եւ Վահե Գրիգորյանի կողմից: Հենց այն Սահմանադրությունը, որը մերժելու՝ 2015թ. պայքարից Փաշինյանը հրաժարվեց՝ այդ պայքարը որակելով «կեղծ օրակարգ»: 

Հետհեղափոխական Հայաստանում ո՛չ դատաիրավական, ո՛չ քաղաքական լուրջ փոփոխություններ տեղի չունեցան, իսկ Սահմանադրությունը քարկոծող Փաշինյանը տրվեց սահմանադրական գերիրավասությունները վայելելու հաճույքին: 

Այդ ողջ ընթացքում Վահե Գրիգորյանը գծեց պայքարի այն ճանապարհը, որով պետք է չեզոքացվեր ոչ միայն ողջ ՍԴ-ն՝ իր ներկա կազմով, այլեւ որով ինքը պետք է դառնար ՍԴ նոր նախագահ: Գրիգորյանը դա մատուցում էր որպես Նոր Հայաստանի փրկության խարիսխ եւ հակահեղափոխության ջախջախում: 

Տարակուսելին այն էր, որ նույն անխնա պայքարը չէր մղվում իշխանության բռնազավթումներն առաջին իսկ փուլում հաստատող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի դեմ: 
Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգելու համար Փաշինյանի հրահանգով ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մեկ տարի շարունակ տապալեց նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված ՍԴ բոլոր դատավորների թեկնածությունները, մինչեւ Վահե Գրիգորյանը, երկրորդ անգամ առաջադրվելով, 2019թ. հունիսի 18-ին 99/22 «կողմ»/«դեմ» ձայների հարաբերակցությամբ ընտրվեց ՀՀ ՍԴ դատավոր: 

Ամենաերկար ճանապարհը սկսվում է առաջին քայլից: ԱԺ-ում երդման ընթացքում, քանդելով ՍԴ-ի շուրջ գորդյան հանգույցը, նորընտիր դատավոր Վ. Գրիգորյանը հայտարարեց, որ գնում է ՍԴ՝ «ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը»: ՍԴ նախագահ ինքնահռչակվելու այս հայտարարությունը կայծակ էր ոչ միայն ՍԴ-ի ամպամած երկնքում, այլեւ հետհեղափոխական հանրության համար, որ նախ չէր հասկանում, թե ինչու չի հեռանում Սերժ Սարգսյանի նշանակյալ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ապա եւ չհասկացավ, թե ինչու է ՍԴ նորընտիր դատավորը որոշել ինքնահռչակվել ՍԴ նախագահ: 

Բախվելով ՍԴ նախագահ դառնալու՝ Հրայր Թովմասյանի կառուցած կարծր պատին, Գրիգորյանը հրաժարվեց աշխատանքի ներկայանալ, մասնակցել ՍԴ նիստերին, սակայն չհրաժարվեց շուրջ 800.000 դրամ կազմող աշխատավարձից եւ ծառայողական մեքենայից: Մի քանի օր առաջ՝ փետրվարի 9-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, ի պատասխան այդեւնման մեղադրանքների, Գրիգորյանը հայտարարեց. «Ես եմ որոշում՝ նիստերի մասնակցել, թե ոչ: ՍԴ քաղաքացին իրեն ավելի անվտանգ չի զգա, եթե ՍԴ դատավորն ապրի առանց աշխատավարձի»: Կարճ, կոնկրետ, կտրուկ: Հանգիստ նստեք տեղներդ: 

Նույն հարցազրույցում եվրոպական կառույցներում մարդու իրավունքների փորձագետ աշխատած Վահե Գրիգորյանը որոշեց քանդել ՍԴ նախագահ դառնալու ճանապարհի վերջին խոչընդոտները՝ Վենետիկի հանձնաժողովը, եվրոպական այլ կառույցներ, որոնք կասկածի տակ էին դնում ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու քայլերի ընթակարգային իրավականությունը: Փետրվարի 9-ի հարցազրույցում Գրիգորյանն ընդգծում է. «ՍԴ ճգնաժամը Հայաստանի ինքնիշխանության խնդիրն է: Հայաստանը ժողովրդավարական պետություն է, ուր իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց մենք կխնդրենք նրանց (եվրոպացիների) կարծիքները, երբ դրանք մեզ հետաքրքրեն: Այն կարծիքները, որոնց համար նրանք բացարձակ պատասխանատվություն չեն կրում»:

Տարիներ շարունակ Եվրոպական դատարանում Մարտի 1-ի տուժողների շահերի պաշտպանությամբ հանդես եկող, եվրոպական կառույցներում մարդու իրավունքների գծով փորձագետ աշխատած Վահե Գրիգորյանը մեկեն սկսեց եվրոպացի գործընկերների հասցեին նետել արհամարհական արտահայտություններ եւ մեղադրանքներ: Վահե Գիրգորյանը մաքրում էր դեպի ՍԴ նախագահի աթոռը տանող իր ճանապարհի փոշին:

Ակնհայտ էր, որ Երեւանը ոչ միայն իրավական ընթակարգային խախտումներով էր ընթանում դեպի ՍԴ ճգնաժամի հանգուցալուծում, այլեւ եվրոպական եւ միջազգային կառույցների առջեւ ստանձնած քաղաքական պարտավորությունների անտեսմամբ: 

Մեկուկես տարի շարունակ Վահե Գրիգորյանը ցնցում է Հայաստանի պետականության հիմքերը՝ հեղափոխության այլ մակաբույծների պես քամելով հեղափոխության կենսանյութերը: