Եթե կառավարությունը չի պաշտպանում օրենքը, ինչու է այն ընդունվում․քաղաքացին բողոքում է Սոցապից

Եթե կառավարությունը չի պաշտպանում օրենքը, ինչու է այն ընդունվում․քաղաքացին բողոքում է Սոցապից

Քաղաքացի Հենզել Վրթանեսի Գեղամյանը «Հրապարակին» տեղեկացրել էր և նաև Հայաստանի իրավաբաններին բաց նամակ էր գրել այն մասին, որ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունը նոտարի կողմից հաստատված աշխատանքային գրքույկի պատճենը չի համարել աշխատանքային ստաժը հաստատող պատշաճ փաստաթղթի հիմք:

Դիմելով իրաբանաններին՝ քաղաքացին ասում է․«Պարոնայք իրավաբաններ, շուտով 8 ամիս է, որ ինձ չի հաջողվում պատասխան ստանալ ավելի քան պարզ մի հարցի, որը հետևյալն է. 2001 թ. դեկտեմբերի 4-ին ընդունված Հայաստանի Հանրապետության՝ «Նոտարիատի մասին» օրենքի գլուխ 2, հոդված 3-ում շատ հստակ ձևով ասված է՝ «Նոտարը վավերացնելով փաստաթուղթը, հաստատում է դրա օրինականությունը և հավաստում փաստաթղթի լիարժեք ապացուցողական ուժը»:

Հստակ է բոլորի համար, բայց ոչ ՀՀ կառավարության մաս կազմող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «չինովնիկների» համար: Սրանք գտնում են, որ «Նոտարի կողմից հաստատված աշխատանքային գրքույկի պատճենը չի կարող հիմք հանդիսանալ որպես աշխատանքային ստաժը հաստատող պատշաճ փաստաթուղթ»:

Քաղաքացին նաև հարցրեց՝ եթե ընդունվում է մի օրենք, որը չի ճանաչվում նույնիսկ այդ օրենքը պաշտպանելու կոչված կառավարության կողմից, ապա այն ու՞մ համար է ընդունվում, և ո՞րն է նրա արժեքը։ Նոտարի կողմից վավերացված աշխատանքային գրքույկի պատճենը չի՞ կարող ընդունվել իբրև ապացուցողական ուժի փաստաթուղթ։

Հարցն ուղղեցինք փաստաբան Արամազդ Կիվիրյանին, ով ասաց, որ առանց գործի փաստական հանգամանքներին ու նրբություններին ծանոթանալու դժվարանում է պատասխանել։ Սակայն փաստաբան Գեորգի Ագաջանյանը «Հրապարակին» հայտնեց․«Նոտարն աշախատանքային գրքույկի պատճենը վավերացնում է բնօրինակը կողքին, այսինքն՝ իսկականի հետ ճիշտ է։ Հետևաբար, ըստ փաստաբանի՝ թոշակառուն ճիշտ է։

Սոցապ նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում մեկնաբանեց. «Կառավարության «չինովնիկնեը» չեն ընդունում ոչ թե որ պատճեն է, այլ, որովհետև «Կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով՝ աշխատանքային գրքույկը աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փասաթուղթ է, որի մեջ եղած համապատասխան գրառումները, որոնք հաստատում են ստաժը, ենթակա են հաստատման արխիվային տեղեկանքներով կամ դրանց բացակայության դեպքում՝ դատական կարգով»։ Այսինքն՝ ոչ միայն պատճենի, այլև աշխատանքային գրքույկի բնօրինակի դեպքում արխիվային տեղեկանքը պահանջվում է։