Հարցազրույց

«Հրապարակ». Եթե Սամվել Ալեքսանյանը մեզ ֆինանսավորի, կտեսնեք, չեմ կարող թաքցնել

«Հրապարակ». Եթե Սամվել Ալեքսանյանը մեզ ֆինանսավորի, կտեսնեք, չեմ կարող թաքցնել

«Հրապարակի» զրուցակիցն «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանն է:

- Թրամփի՝ իշխանության գալուց հետո USAID-ից ֆինանսավորվող բոլոր հասարակական կազմակերպություննեը, լրատվամիջոցները ֆինանսական խնդիրների առջեւ կանգնեցին: «Ամերիկայի ձայնը» փակվեց, անգամ «Ազատություն» ռադիոկայանը կանգնած է փակման վտանգի առաջ: Ձեր ղեկավարած Փաստերի ստուգման հարթակը, FIP.am-ն այսօր ի՞նչ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնած:

- «Իրազեկ քաղաքացիների միավորման» փաստերի ստուգման հարթակն ավելի շատ բաց, հրապարակային, թափանցիկ ֆինանսավորում ունի, քան որոշ լրատվամիջոցներ: Մեզ մոտ հրապարակված են ֆինանսական բոլոր տարեկան զեկույցները, ինֆորմացիաները եւ այլն, ոչ մի գաղտնի բան մեզ մոտ չկա:

- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումներն ազդե՞լ են ձեր ֆինանսական վիճակի վրա:

- Խի՞ չեն ազդել, ազդել են, բայց՝ քիչ: «Իրազեկ քաղաքացիների միավորման» ընդհանուր բյուջեի մոտավորապես 25 տոկոսի չափով ենք տուժել միայն:

- Ձեր կայքում հայտարարություն կար՝ դրամահավաք էիք սկսել, ստացվե՞ց՝ ինչ-որ չափով գումար հավաքել:

- Այո, այսօր էլ էինք դրամահավաք անում, նոր տեսանյութ ենք հրապարակել, այո, ամեն ինչ ստացվում է, տարբեր քաղաքացիներ բաժանորդագրվում են: Մեկը` ամսական կտրվածքով 5 հազար դրամ է փոխանցում, մարդ կա` 25 հազար դրամ, մարդ կա՝ դրանից քիչ կամ շատ, գումարների թիվը մոտավորապես այս չափով է, սակայն մարդկանց քանակը շատ է, եւ իրականում դա լավ է, ճիշտ կուլտուրա է: Դանդաղ, տարիների ընթացքում մենք կհասնենք նրան, որ ՀՀ քաղաքացիները դրամահավաքների միջոցով կֆինանսավորեն մեր գործունեությունը:

- Օրինակ՝ «Ազատություն» ռադիոկայանում կրճատումներ են եղել: Ձեզ մոտ ինչպե՞ս է պատկերը: Շարունակո՞ւմ եք բնականոն աշխատանքը:

- «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ու Փաստերի ստուգման հարթակը շարունակում է իր բնականոն աշխատանքը, նախորդ շաբաթ միջոցառում ենք ունեցել, առաջիկա ուրբաթ օրը եւս կլինի միջոցառում, այնպես որ՝ մեր օֆիսում աշխատանքը եռում է:

- Ձեզ մոտ կանգնած աղբյուրներից պնդում են, որ ձեզ ֆինանսավորելու է գործարար Սամվել Ալեքսանյանը:

- Սամվել Ալեքսանյա՞նն է մեզ ֆինանսավորելու, Սամվել Ալեքսանյանը չէ՝ Ադոլֆ Հիտլերը, սպասում ենք նրան....

- Այո, ասում են՝ իշխանությունների հանձնարարությամբ Սամվել Ալեքսանյանը ստանձնել է ձեր ֆինանսավորումը, հայտնի է, որ նա սիրով ծառայություններ է մատուցում բոլոր գործող իշխանություններին:

- Լավ, Ադոլֆ Հիտլերը չէ, եկեք այլ միջազգային հանցագործի անուն մտածենք:

- Բայց Սամվել Ալեքսանյանը միջազգային հանցագործ չէ, ընդամենը իշխանական գործարար է:

- Մենք նրանից ֆինանսավորում չունենք, ես առաջին անգամ եմ լսում այդ մասին: Մեր բոլոր ֆինանսական աղբյուրները բաց են եւ թափանցիկ: Տարեկան հաշվետվության մեջ ամեն ինչ կա, մենք ոչինչ չենք կարող թաքցնել, չենք էլ ուզում թաքցնել:

- Ինչո՞ւ եք վիրավորում Ալեքսանյանին` համեմատում Հիտլերի հետ, Ձեր գաղափարներին դե՞մ եք համարում, որ Ալեքսանյանը ֆինանսավորի ձեզ:

- Եթե ուզում է, Սամվել Ալեքսանյանն էլ կարող է մեր կայքում բաժանորդագրվել եւ ամսական 10 հազար դրամ գումար փոխանցել մեզ:

- Իսկ եթե նրան ասեն, որ ավելի մեծ աջակցություն պետք է տրամադրի ձեզ... այսպես ասած` բարեգործական հիմունքներով...

- Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչու պետք է նման բան լինի: Եթե ֆինանսական մեծ աջակցություն ես վերցնում, պետք է հասկանաս՝ տվյալ մարդու հետ գաղափարակի՞ց ես, թե՞ ոչ, եւ ինչո՞ւ է ինքը ֆինանսավորում քեզ: Չեմ կարծում, որ ես ու Սամվել Ալեքսանյանը գաղափարակիցներ ենք:

- Բայց ո՞րն է Ալեքսանյանի գաղափարը, մարդը մշտապես ծառայում է օրվա իշխանություններին, անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին:

- Բա դա ի՞նչ կապ ունի մեր գաղափարների հետ: Մենք ունենք հստակ գաղափարներ: Սամվել Ալեքսանյանը մեզ չի ֆինանսավորում, ազնիվ խոսք, առաջին անգամ եմ լսում այդ մասին, եթե ինչ-որ բան լինի, կտեսնեք, չեմ էլ կարող թաքցնել:

- Ինչո՞ւ չեք կարող:

- Ո՞նց պիտի թաքցնեմ:

- Ուղղակի չհրապարակելով....

- Բայց մեր կանոնադրությամբ գրված է, որ պետք է հրապարակենք: Փոքր մուտքերը` 10-20 հազար, չենք հրապարակում, բայց մեծ հոսքերը, բնականաբար, հրապարակվում են: Մենք լուրջ կառույց ենք, դուքան չենք, մեզ մոտ ամեն ինչ բանկային փոխանցումներով է արվում, մինչեւ վերջին լուման գրանցում ենք, հայտարարագրում ենք, հարկեր ենք վճարում, աշխատողների աշխատավարձերը սպիտակով են` օֆիսի վճարից մինչեւ ամեն տեսակի վճար անում ենք բանկային փոխանցումներով: Մեր ելքերը, ծախսերը միայն փաստաթղթավորված են: Ոչինչ չենք կարող թաքցնել, ոչ էլ ուզում ենք թաքցնել:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image