Պատմականից իրականի վերածված հայրենիքից ավելի իրական հայրենիք չի լինում

Խորհրդարանի ՔՊ-ական երեսփոխան Հակոբյան Հասմիկի համար ամենամեծ վիրավորանքը պատգամավորների հասցեին հնչեցված՝ «հայրենիք հանձնող» արտահայտությունն է։ Անկեղծ ասած, խիստ զարմացա ու անմիջապես ԱԺ կայքում նայեցի Հակոբյանի կենսագրությունը: 2009 -ին ավարտել է Խ. Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժինը: Աշխատել է մասնագիտությամբ: Այդ տեղեկատվությունը հստակություն մտցնելու փոխարեն ավելի խառնեց ամեն ինչ: Որովհետև որքան էլ լրագրողների մի մասը լինի քարոզչական մեխանիզմի մաս, դրանք, այնուամենայնիվ, որոշակի արժեքների կրող են: Իսկ մանկավարժականի կուլտուրայի ֆակուլտետում չէր կարող չներկայացվել ազգայինը: Ու չորս տարի այդտեղ սովորելը պետք է դրական ինչ-որ հետք թողներ ուսանողության մտածողության մեջ: Ու հայրենիք հասկացությունն էլ պետք է անպայման լիներ դրա շրջանակում: Եվ այդ ամենը հաշվի առնելով՝ ինչպե՞ս է հնարավոր վերծանել վերը նշված արտահայտության իմաստը:
Էն գլխից ասեմ, որ տարբերակները միայն երկուսն են՝ Հայերնիքը սրբություն է, կամ էլ այն ընդամենը ապրելու վայր է՝ «որտեղ հաց, այնտեց կաց» մտածողությանը համապատասխան: Ենթադրում եմ, որ տվյալ դեպքում առաջինն է, քանի որ երկրորդի դեպքում դրա նկատմամբ կգեներացվեր ընդամենը անտարբերություն: Սակայն այստեղ առկա է հստակ արտահայտված զգացմունք: Կարծում եմ, որ մտորումներս գնում են ճիշտ ճանապարհով, որովհետև եթե այդպես չլինի, ապա եզրահանգումն էլ կլինի անիմաստ: Ինչևէ, շարունակենք: Զավակ ունեցող տիկնոջ դեպքում ավելի է կարևորվում «Մայր հայրենիք» հասկացությունը: Ենթադրում եմ, որ միայն հայերենում է «հայրենիք» հասկացությունը միաժամանակ կապվում թե՛ «հայր» և թե՛ «մայր» հասկացությունների հետ: Այսինքն, ծնողների հետ, իսկ մեզանում սրբություն է նաև «ծնողներ» հասկացությունը: Ու այդ պատճառով էլ զավակ ունեցող տիկնոջ ուղեղում Հայրենիքը պետք է ընկալվեր որպես սրբություն: Հատկապես որ ինքն իր զավակի համար միաժամանակ և՛ հայր է, և՛ մայր: Ու այդ պարագայում «հայրենիք հանձնող» արտահայտությունը նրա համար պետք է ընկալվեր որպես կյանքի ամենամեծ վիրավորանքը:
Այստեղ մի պահ կանգ առնենք՝ ճիշտ այնպես, ինչպես կանգ առա ես՝ զգալով, որ ինչ-որ անսովոր բան է տեղի ունենում: Այո, անսովոր, քանի որ վերջին 6 տարում ՔՊ-ականին առաջին անգամ ներկայացնում եմ դրական լույսի ներքո: Որին նույնիսկ չեմ էլ ճանաչում: Ու ստիպված վերընթերցեցի նախքան այս գրվածը: Բայց կարծես թե գրվածը տրամաբանության շրջանակում է: Իսկ եթե այդպես է, ապա անցնենք եզրակացությանը: Թե՛ գործադիր և թե՛ ներկայացուցչական ՔՊ-ական իշխանությունն իսկապես «հայրենիք հանձնող» է՝ եթե հայության համար հայրենիքի մաս էր նաև Արցախը: Կապ չունի՝ պատմական, թե իրական: Կամ ավելի ճիշտ՝ և՛ պատմական, և՛ իրական: Որովհետև լինելով պատմական՝ այն անկախության համար պայքարի շրջանակում վերածվեց իրականի: Իսկ որ այդպես է՝ տիկինը կարող է համոզվել՝ աչքի անցկացնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները: Ու եթե ինքն այնքան գրագետ է, որպեսզի հասկանա, որ պատմականից իրականի վերածված հայրենիքից ավելի իրական հայրենիք չի լինում, ապա կընդունի նաև, որ ինքը նրանցից մեկն է, ով նպաստել է հայրենիքը հանձնելուն:
ՀԳ. Ինչ մնում է տիկնոջ՝ «այդ հարցերն ուղղեք վարչապետին, վստահ եմ, որ վարչապետը չունի իմ մեկնաբանության կարիքը» դատողությանը, ապա եթե վերջինս չմնար լրագրողի մակարդակում, ապա կիմանար, որ Նիկոլի խոսույթի մեկնաբանության կարիքը պետք է ունենա ոչ թե Նիկոլը, այլ հասարակությունը: Մարդկային այն համախումբը, ովքեր ի դեմս Նիկոլի՝ քվե են տվել նաև իրեն, որպեսզի ինքը հանդես գա որպես իրենց ներկայացուցիչ:
Կարծիքներ