Իշխանությունն ուզում է «Սասնա ծռերին» հետ ուղարկել կալանավա՞յր

Իշխանությունն ուզում է «Սասնա ծռերին» հետ ուղարկել կալանավա՞յր

2016 թվականին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատաքննությունը գրեթե ավարտական փուլում է։ Մի քանի դատավոր փոխած, տարիներ տեւած դատաքննության վերջնական ակտը՝ առաջին ատյանի դատավճիռը, հրապարակելու է դատավոր Մեսրոպ Մակյանը։

Նախորդ եւ ներկայիս իշխանության ընդդիմախոս այս խմբավորմանը դատարանում տուժողները, տուժողների իրավահաջորդները չներեցին՝ հայտարարելով, թե դեմ են նրանց նկատմամբ համաներում կիրառելուն, ինչը նշանակում է, որ վերջին համաներման ակտը նրանց վրա չի կարող անդրադառնալ։ Պարզվում է, որ հեղափոխական թիմի հետ նրանց ջրերը եւս մեկ առվով չեն հոսում։ Հեղափոխությունից հետո կալանավայրերից նրանց «ազատած» իշխանությունը որոշել է նրանց հետ ուղարկել՝ «նստելու», եւ չի բացառվում, որ նրանց նկատմամբ ազատազրկման դատավճիռներ կարձակվեն։

Զինված խմբի գործով պաշտպան Զարուհի Փոստանջյանը նշում է, որ այս պահի դրությամբ գործը ոչ թե իրավական ընթացակարգով է քննության առարկա դարձել, այլ՝ կամայականության․ «Շուրջ 3,5 տարի է՝ Արմեն Բիլյանը գտնվում է նախնական կալանքի տակ, բայց այդ կալանքը պետք է լինի բացառիկ միջոց։ Ես կարծում եմ՝ քաղաքական ճնշում կա, ակնհայտ է, որ նման թերի գործ է քննվում դատարանում, դա խոսում է նրա մասին, որ քաղաքական է։ Արդյոք այս իշխանությունը կշարունակի՞ ճնշում բանեցնել՝ չեմ կարող ասել, թե ինչ կլինի 10 օր հետ այս իշխանության, դատախազների հետ»։

Գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքական ազդեցություն կա, որն ակնհայտ էդատաքննության փուլում․ «Դատաքննությունը դառել է հազարումի գիշերների հեքիաթը, նաեւ շատ մութ բաներ կան։ Չեմ կարողանում հավատալ էն մտքին, որ իշխանությունն այն աստիճան կվախենա, որ մեզ նորից կալանավայրեր հրավիրի։ Մենք պետք է հասկանանք՝ էս իշխանությունն է՞գ ա, թե՞ որձ ա, չնայած շատ հավանականությամբ՝ երկուսի մեջտեղն ա՝ տրանսգենդերային քաղաքականությունը շատ լավ երեւում  ա, որը շատ վտանգավոր է»։

- Իշխանությունը «Սասնա ծռերից» վտանգ տեսնո՞ւմ է։

- Քանի որ ես «Սասնա ծռերի» հետ կապ չունեմ եւ չեմ պատրաստվում երբեւիցե կապ ունենալ, դառնալ կույրաղիք, այս առումով ես չեմ տեսնում, առճակատման էլ չեմ ուզում գնալ, որովհետեւ այս իշխանությանը պետք է պարտադրենք անել այն, ինչ ինքը խոստացել ա։ Իսկ հայ ազգայնականների միավորման պահով բոլորն այլ կարծիքի են, քանի որ բացառված չի, որ այլ մարդիկ, այլ ցանկություններով, այլ բան կսկսեն անել, որովհետեւ սա դաշտը չմաքրեց։

- Ասացիք, որ քաղաքական ճնշում տեսնում եք դատաքննության վրա, այդ ճնշումն ինչպե՞ս է դրսեւորվում։

- Շատ հասարակ, դրսեւորվում է տարբեր ձեւ՝ պաշտպանների համագործակցության ձեւով, դատավորը կաշկանդված է, նախօրոք պլանավորված ծրագիր։ Մենք մինչեւ հայտնվում էինք դատարանում, գիտեինք, թե ում խափանման միջոցն է փոփոխվելու։

- Ենթադրենք՝ «Սասնա ծռերը» մեղավոր ճանաչվեն եւ կրկին հայտնվեն կալանավայրում, դուք ունե՞ք այն վստահությունը, որ հանրությունը ձեզ համար դուրս կգա փողոց։

- Ես չեմ ապստամբել ինչ-որ ակնկալիքով։ Ես պատրաստ եմ, բայց հասկանամ, էլի՝ Արայիկ Խանդոյանը հիմա ազգային հերո՞ս է, թե՞ հանցագործ։ Իսկ հիմա կան հերոսներ, որոնք պետք է լինեն կալանավայրերում։ Գերեզմանում էլ լինեմ, ես մնալու եմ ապստամբ։ Ապստամբե՞լ ենք հայր ու որդի, ուրեմն կապստամբենք հայր, որդի եւ թոռներս էլ հետը։ Պետք է հետ տանք ժողովրդին ապստամբելու իրավունքը։

ՀԳ․ Նշենք, որ այս խմբի գործը քննվում է երեք վարույթով․ բացի Մեսրոպ Մակյանից, մյուս երկու դատավորի մոտ գործի դատաքննությունը «քնեցվել» է։