Նիկոլի «հայի բախտը»

Նիկոլի «հայի բախտը»

Ա՜խ, որքան մոտ էր խաղաղության պայմանագիրը, որքան իրական… Թվում էր՝ ձեռքդ մեկնեիր՝ այն կհայտնվեր բռիդ մեջ: Նիկոլն ասում էր՝ մնում է ստորագրման տեղը, օրը եւ ժամը որոշենք, ասում էր՝ այո, ճանապարհ տալու ենք, ինչ ուզեն, տալու ենք… Այ, եթե նախանձ մարդիկ մեջտեղ չգային ու չասեին, որ ոչ մի պայմանագիր էլ չի լինելու, ամեն ինչ կլիներ այնպես, ինչպես Նիկոլն էր ասում: Բախտ չունի, էլի՛, տղեն… Ամեն ինչ հաշվարկել, դրստել էր, մնում էր Ալիեւը ստորագրեր ու… Տեսա՞ք ինչ եղավ: Խաղաղության բանակցությունները, որոնց մասին այսքան ժամանակ խոսում էին Նիկոլն ու ՔՊ-շնիկները, «փոզմիշ» եղան, մեղմ ասած՝ լցվեցին ջուրը:

Թե ինչու՝ Նիկոլն ու ՔՊ-շնիկները չգիտեն: Իրենք, կարծես, իրենցից կախված ամեն ինչ արել են, որ այդ անտեր թուղթը ստորագրվի, բայց չի ստորագրվում, չի ստորագրվում, եւ վերջ: Ընդհուպ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին շատ վատ ինֆորմացված հայ հասարակության մեջ հարց է առաջանում՝ պարոն Փաշինյան, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դուք իսկապե՞ս որեւէ բան բանակցել եք Ալիեւի հետ: Այդ դեպքում ինչպե՞ս պատահեց, որ առանց ձեզ Քարվաճառն ու Բերձորն ընկան, հետո թուրքը մի քանի տեղից մտավ Հայաստան, հետո Կիրանցը տվեցինք, հետո՝ չգիտեմ ինչպես բանակցեցիք Պրահայում, որ Արցախը գրավվեց ու հայաթափվեց վերջնականապես: Այս ընթացքում, պարոն Փաշինյան, դու ոչ մի թուղթ չես ստորագրել: Քո վերջին ստորագրությունը դրված է 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ: Հետեւաբար, սա արդեն հետաքրքիր է, ինչո՞ւ է քեզ թվում, որ հենց քո ստորագրությունը պետք է դրվի խաղաղության համաձայնագրի տակ: Դու ի՞նչ կապ ունես այդ փաստաթղթի հետ, դո՞ւ ես այն կազմել, ո՞րն է քո ներդրումը, կարո՞ղ ես մի կետ նշել այդ փաստաթղթից, որ ներառվել է հայկական կողմի (քո) պնդմամբ, եթե չասենք՝ խնդրանք-աղաչանքով: Ախր դու բացակա ես եղել այս ողջ ընթացքում: Երեսդ անգամ չեն ուզեցել տեսնել… Մհեր Գրիգորյանը չէ՞ր, որ զօրուգիշեր GPS-ով սահմանազատում ու սահմանագծում էր անում: Նրա բերած քանի՞ թղթի տակ գոյություն ունի քո ստորագրությունը: Զրո:

Հնարավոր է, իհարկե, որ ես քաղաքականությունից ու պրոտոկոլից շատ քիչ բան եմ հասկանում, եւ Նիկոլի ստորագրությունը, օրինակ, պետք է լինի մեկ էլ խաղաղության պայմանագրի վերջնական տարբերակի տակ: Իսկ ինչո՞վ պետք է զբաղվեր Նիկոլ Փաշինյանն այս ողջ ընթացքում: Պետք է բանակցեր, չէ՞, պետք է աշխատեր միջանկյալ համաձայնություններ ձեռք բերել, չէ՞, պետք է քայլ առ քայլ մոտեցներ այդ համաձայնագիրը, չէ՞: Իսկ նա ինչո՞վ էր զբաղված… Այո, ռենջ ռովեր առ ռենջ ռովեր հետ բերելով, ԱԺ-ում ընդդիմությանը ֆռռացնելով, ՔՊ-ի նիստերում ՔՊ-շնիկներին էշի տեղ դնելով, ժողովրդին ծաղրելով, տրանսպորտի թանկացումը ողջունելով, օտար մայրաքաղաքներում տերեր փնտրելով, երկիրն աշխարհի առաջ խայտառակելով: Հա, բայց Ալիեւն էշ չի, չէ՞, հասկանում է, չէ՞, որ խեղկատակի հետ թուղթ ստորագրելը նույնն է, ինչ «քամու դեմ չիշիկ անելը»: Նիկոլի ձեռքը խաղաղության թուղթ տա՝ հետո ումի՞ց ստանա… Հրեն՝ ռեւանշիստները պատրաստ են… Բա որ ոտքի կանգնեն ու իր «հաղթանակը» փորում թողնեն, Նիկոլը պետք է դեմներն առնի՞: Չէ, Ալիեւը խելոք է: Նա հազար ու մի պատճառ կբռնի, որ Նիկոլի հետ թուղթ չստորագրի այլեւս: Նա 2020թ. նոյեմբերի 9-ին իր վերջին թուղթն է ստորագրել Նիկոլի հետ: Այդ օրվանից Ալիեւը ոչ մի բանակցություն չի վարել հայկական կողմի հետ: Նա այդ օրվանից բանակցում է Թուրքիայի հետ, Ռուսաստանի հետ, Իրանի հետ, ԱՄՆ-ի հետ: Նույնիսկ նրա արտգործնախարարի հայտարարությունը, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պատրաստ է ստորագրության, Հայաստանին ու Նիկոլին, ու մանավանդ՝ Արարատ Միրզոյանին, ուղղված չէր: Դա ընդամենը զոնդաժ էր Ալիեւի կողմից՝ իմանալու, թե որ գերտերությունն է պատրաստ ստանձնելու կապիտուլացված Հայաստանի ու Նիկոլի մանդատը: Իրեն հետաքրքրող հարցի պատասխանը նա կստանա ռուս-ուկրաինական թնջուկի կարգավորումից հետո միայն: Չի բացառվում, որ դա տեղի ունենա մինչեւ այս տարվա մայիսի 9-ը կամ հենց մայիսի 9-ին, երբ Նիկոլ Փաշինյանն ու Ալիեւը Կարմիր հրապարակում Պուտինի հետ զինվորական «պառադ» ընդունելիս կլինեն: Վերջինս, հավանաբար, Ալիեւին կառաջարկի մի անգամ էլ ստորագրել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը, բայց առանց Նիկոլի, իսկ հայկական կողմի ստորագրությունը թողնել ապագային՝ ավելի հարմար առիթով: