Ժամկետային զինծառայողների պահման պայմանների խնդիրներ կան․ ծնողներն ահազանգում են

Ժամկետային զինծառայողների պահման պայմանների խնդիրներ կան․ ծնողներն ահազանգում են

«Հրապարակ» թերթին տեղեկություններ են փոխանցվել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի որոշ զորամասերում գտնվող ժամկետային զինծառայողների պահման պայմանների հետ կապված լուրջ խնդիրներ կան։

Զինծառայողների ծնողներն են ահազանգում։ 

Պահման վատ պայմաններին նաև ականատես է եղել։ Ժամկետային ծառայողներից մեկի ծնողը ճամպրուկը հասցրել է զորամասերից մեկը, որտեղ ականատես է եղել, որ զինվորները քնում են ոչ թե մահճակալների վրա, այլ քնապարկերով, կիսաքանդ շինություններում, վրաններում։

«Զորամասը որպես այդպիսին գոյություն չունի, երեխաների մոտ ահավոր պայմաններ են, երեխաները քնում են քնապարկերի մեջ, խոնավ գետնի վրա, սանիտարական պայմանները բացակայում են»։

Որոշ զինծառայողների մոտ նաև առողջական խնդիրներ են նկատվում։

«Երեխաս խոսելիս հազում էր, հարցրեցի՝ «ինչո՞ւ ես հազում», ասաց՝ «բոլորն էլ հազում են այստեղ»։

Ոչ թե բողոքում է, այլ ուղղակի ծնողին բացատրում է, որ բոլորն էլ հիվանդ են։ Հարցնում եմ՝ «իսկ դե՞ղ», ասում է՝ «Մա՛մ, չկա»։ Որպես այդպիսին բուժօգնության կետ չկա»,- նշեց ծնողներից մեկը։

Նրա պնդմամբ՝ խնդիրը ոչ թե բողոքելն է, այլ այն, որ հարցը չի լուծվում թե՛ պահելու պայմանների, թե՛ բուժօգնության առումով․ «Հոսպիտալը շատ հեռու է։ Նույնիսկ եթե թոքաբորբ լինի, պետք է հասնի վերջին աստիճանի, որ որոշում կայացվի տեղափոխել Ստեփանակերտի հոսպիտալ»։ 

Ժամկետային զինծառայողները պատերազմի ժամանակ եղել են այլ տեղերում, իսկ հրադադարից հետո տեղափոխվել են իրենց զորամասեր, որոնք հիմնականում ամբողջությամբ քանդված են։

«Քանդված շինություններում են մնում, քնապարկերով են քնում։ Մի քնապարկով քնում են, մյուսով՝ փորձում ծածկվել։ Որովհետև ջեռուցում, պարզ է, չկա, վառարաններ չկան, որպեսզի ցրտից պաշտպանվեն, իրենք այս ձևով ինչ-որ լուծում են գտել։ Հագուստի խնդիր էլ կա, պատառոտված հագուստով են, միգուցե որոշ ժամանակ անց Պաշտպանության նախարարությունը կմատակարարի։ Սնունդը պահածոյացված շիլաներն են, որոնք մեծամասամբ ժամկետանց են։ Այսպես է Արցախի շատ զորամասերում։ Տարբեր զորամասների երեխաներ արձանագրել են, որ ՊՆ-ի կողմից տրվող պահածոները ժամկետանց են»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց զինծառայողի ծնողը։

Նաև կա զինծառայող, որն ի սկզբանե ծառայելիս է եղել Հայաստանի զորամասերից մեկում, սակայն պատերազմի ժամանակ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ, մասնակցել մարտական գործողություններին, բայց մինչ այժմ չի վերադարձել իր նախկին զորամաս։

Ծնողները նաև էլեկտրոնային նամակներ են գրել Պաշտպանության նախարարությանն այն հարցադրամբ, թե «ե՞րբ է նախարարությունը պատրաստվում իրենց երեխաներին տեղափոխել», իսկ պատասխանները եղել են «դեռ չգիտենք», «հենց լինի, Ձեզ կտեղեկացնենք» և այլն։ 

Ծնողների մի մասը դեմ չէ, որ իրենց երեխաները ծառայությունն անց կացնեն Արցախում, բայց խնդիրը պահման պայմաններն են։