Ինչու էր բացակայում Մխիթարյանը վետերանների խաղում

Ինչու էր բացակայում Մխիթարյանը վետերանների խաղում

Հայաստանի ազգային հավաքականի 3 անընդմեջ խայտառակ պարտություններից հետո հինգշաբթի վերջապես ֆուտբոլով ուրախանալու առիթ ունեցանք։ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստան-Վրաստան լեգենդների հանդիպումը, մեր ընտրանին խոշոր՝ 4-1 հաշվով հաղթանակ տարավ։ Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 34-րդ րոպեին, Արթուր Սարկիսովը բացեց հանդիպման հաշիվը, երեք րոպե անց Յուրա Մովսիսյանը Մարկոսի փոխանցումից հետո կրկնապատկեց այն, Մարկոսին ու Էդգար Մանուչարյանին ևս հաջողվեց հայ ֆուտբոլասերներին հիշեցնել իրենց մասին։ Ֆուտբոլասերները իրոք ոգևորված էին, վաղուց չէինք հաղթել ու հումորային տարբեր մեկնաբանություններ էին հնչում տրիբունաներից։ «Արա դե նախկինները մնում են նախկին, էլի, դրա համար էլ հաղթում ենք»,- ասաց ֆուտբոլասերներից մեկը։

Ի դեպ, Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս սև մարզաշապիկով, ինչը ևս հումորային մակարդակում քննարկման առարկա էր դարձել։ Սա դրական կողմը, իսկ ՀՖՖ ղեկավարության օրոք բացասականի մասին չխոսել չի ստացվում։ Պարզվում է՝ ֆուտբոլային մի շարք մարդիկ, որոնք իրենց ողջ գիտակից կյանքը անցկացրել են ֆուտբոլում, հրավեր չեն ստացել, հասարակ ֆուտբոլասերների պես տոմս են գնել, որ տեսնեն հավաքականի երբեմնի լավագույններին։ Երեկ բացակայում էր նաև Հենրիխ Մխիթարյանը, ում հավաքականից հեռանալու առեղծվածը ցայսօր բացահայտված չէ։ Հայ ֆուտբոլասերները համացանցում հետաքրքրվում են՝ ինչու էր բացակայում Հենրիխ Մխիթարյանը, ինչու նրան «Հանրապետականում» վերջին անգամ տեսնելու հնարավորություն չի տրվել։ Ֆեդերացիան գուցե պարզաբանի, թե Մխիթարյանը գործող ֆուտբոլիստ է, վետերան չի համարվում, ավելին՝ կարիերայի նոր փուլ է մտել՝ տեղափոխվելով «Ինտեր», սակայն Մխիթարյանին ամենայն հավանականությամբ հանդիսատեսի կարգավիճակով անգամ հրավեր չի եղել։

Ենթադրությունները շատ են, որովհետև ՀՖՖ-ն շարունակում է մեր զանգերը անպատասխան թողնել։ Իրականում ֆուտբոլասերները մեղադրում են նաև Մխիթարյանին, ասում՝ ասուլիս հրավիրիր, վերջապես ասա՝ ինչ է եղել, այդ ինչ սև կատու անցավ և այլն։ Եվ իրոք հավաքականում չեն խաղում սրա, նրա կամ երրորդի համար, խաղում են երկրի համար։ «Ես իմ երկրի համար միշտ կամ, քանի պետք եմ, կապ չունի, թե ինչ խնդիրներ կան մարզչի հետ, ես չեմ կարող մերժել, երբ իմ երկիրը ինձ կանչում է։ Երբ թիմի ավագն ես, երբ ամենահայտնի ու լավագույնն ես, շատ ավելի հեշտ է ներողամիտ լինել, եթե դիմացինդ սխալ է իհարկե, ու ավելի վեհ լինել»,- ժամանակին ասել է Կրիշտիանու Ռոնալդուն։ Երեկ բացակայում էր նաև հավաքականի երկար տարիների ավագ Սարգիս Հովսեփյանը։ Ֆուտբոլիստ, որի բացակայությամբ այսօր էլ դժվար է պատկերացնել մեր հավաքականը, ֆուտբոլիստ, ով գուցե ամենաշատն էր արժանի լեգենդար վետերանի կարգավիճակին։ Հովսեփյանի ու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի լավ հարաբերությունների մասին բազմիցս է գրվել, ավելին՝ հիշում ենք՝ ինչպես Հայրապետյանը Հովսեփյանի վերջին հանդիպմանը նրան ավտոմեքենա նիրեց։ Սա է պատճառը երևի, որ նա ևս հրավիրված չէր։