Կամավոր ատեստավորումը 3 տարի շարունակ խայտառակ արդյունքներ է գրանցում

Կամավոր ատեստավորումը 3 տարի շարունակ խայտառակ արդյունքներ է գրանցում

Ուսուցիչների 2023 թվականի կամավոր ատեստավորումներն ավարտվել են։ Ինչպես նախորդ 2 տարիներին, այնպես էլ այս տարի ուսուցիչների, մասնակիցների տարբեր հրապարակումներից եւ զրույցներից պարզ է դառնում, որ նախարարությունն այս անգամ էլ չի հաջողել, քանի որ ուսուցիչների համար կազմված թեստերից այս տարի էլ դժգոհությունները շատ մեծ են եղել։ Կամավոր ատեստավորմանը մասնակցած գրեթե բոլոր ուսուցիչները դժգոհ էին թեստի որակից, բարդությունից, ավելին՝ դրանք ծրագրային նյութերից ու շտեմարանային վարժություններից շատ են տարբերվել։ Իսկ համատարած այս բողոքը խոսում է այն մասին, որ կազմակերպիչներն ամեն ինչ անում են, որպեսզի ուսուցիչները չհաղթահարեն պահանջվող շեմը, բայց, որպես այդպիսին, համարվեն կամավոր ատեստավորմանը մասնակցած:

Մասնակիցների կարծիքով՝ վերադասի կողմից կազմված թեստի գիտելիքները ո՛չ դասարանի կարգապահական մասն ապահովելու համար են անհրաժեշտ, ո՛չ էլ գիտելիքներ փոխանցելիս: Ավելին՝ թեստերը լավ տարբերակ չեն, եթե մենք ուզում ենք ուսուցչի գիտելիքը ստուգել դրանցով, քանի որ, դիցուք, ուսուցիչը կարող է ունենալ բավարար գիտելիք, բայց ընդհանրապես չունենալ մանկավարժական հմտություն, որովհետեւ մանկավարժությունը նախեւառաջ երեխայի հետ աշխատանք է, հետեւաբար՝ թեստն այս խնդիրները չի լուծում։

Նախօրեին ԱԺ-ում ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքները, համաձայն որի՝ հայտ ներկայացրած ուսուցիչների թիվը եղել է 6 հազար 320: Նրանցից 4 հազար 324-ը կամ դիմորդների 68%-ը մասնակցել է կամավոր ատեստավորմանը։ 1855 ուսուցիչ (43%) կամավոր ատեստավորման արդյունքում հաղթահարել է 70%-ի շեմը: Եվս 1003 ուսուցիչ ցուցաբերել է 60-69% արդյունք (նոր փոփոխությամբ՝ 60-69% հավաքած ուսուցիչները եւս կունենան դրույքաչափի բարձրացում)։ 

Համեմատական կարգով, մենք կողք-կողքի դրեցինք նաեւ 2022-ի եւ 2021-ի կամավոր ատեստավորման արդյունքները։ 

Ըստ այդմ․ 2022թ․ կամավոր ատեստավորման հայտ էր ներկայացրել 3 հազար 886 ուսուցիչ (շահառուների շուրջ 13 տոկոսը), որոնցից ատեստավորմանը մասնակցել է 2 հազար 300-ը՝ գրանցվածների 60 տոկոսը: 2022 թվականի արդյունքներով՝ կամավոր ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարել է մասնակիցների 2/3-ը՝ 66 տոկոսը, սակայն ֆինանսական ավելացումներ ստանալու է 1059 ուսուցիչ։

2021-ին ուսուցչի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցչից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել է 996-ը, որը կազմում է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը: Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների, կստանա 30-50 տոկոս հավելավճար: 

Դատելով բոլոր տարիների կամավոր ատեստավորմանը հայտագրված, բայց չմասնակցած ուսուցիչների տոկոսից, կարելի է եզրահանգել, որ ուսուցիչների մեծ մասը տնօրենների ճնշման տակ է հայտ ներկայացնում, որ ապահովեն բարձր մասնակցություն վերադասի համար, բայց հետո, ծանոթանալով առարկայական թեստերի որակական փոփոխություններին ու բարդության աստիճանին, հրաժարվում են մասնակցելու մտքից։ 

Հանրագումարի բերելով 3 տարիների արդյունքները՝ 2021-23 թվականներին իրականացված գործընթացի արդյունքում, համաձայն ԿԳՄՍՆ-ի, շուրջ 4 հազար 700 ուսուցիչ կունենա աշխատավարձի բարձրացում: Իսկ դա հանրապետության 30 հազարանոց ուսուցչական համայնքի 2 տոկոսն էլ չի կազմում։ Այսինքն, ստացվում է՝ 3 տարի շարունակ թմբկահարելուց հետո էլ նախարարությունն ի վիճակի չէ նվազագույն արդյունք ապահովել։ 

Ի դեպ, օրերս ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, համաձայն որի՝ ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած, սակայն երկրորդ անգամ ատեստավորմանը մասնակցած եւ 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած, ինչպես նաեւ առաջինից երկրորդ ատեստավորման արդյունքում առնվազն 15 տոկոս աճ գրանցած, բայց չատեստավորված ուսուցիչները հնարավորություն կունենան եւս մեկ անգամ մասնակցելու հաջորդ ատեստավորմանը։ Բացի այդ, ատեստավորումն անցած եւ 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար նախատեսվում է դրույքաչափի փոփոխություն՝ այն սահմանելով 200 հազար դրամ:

Համաձայն նոր փոփոխությունների՝ եթե 2 անգամ ուսուցիչը չհաղթահարի կամավոր ատեստավորման շեմը, կանգնելու է աշխատանքը կորցնելու փաստի առաջ, ինչն արդեն կասկածի տակ է առնում «կամավոր» բառը, քանի որ պարտադրանքի մեխանիզմ է մտնում գործընթացի մեջ։ 
Նախարարությունն այս փոփոխությունների միջոցով փորձում է ընդունելի լուծում գտնել ատեստավորման պահանջվող շեմը մի քանի անգամ չհաղթահարած ուսուցիչների համար, քանի որ այս տարի եւս կտրվածների թիվը մեծ է, իսկ այդքան ուսուցիչների միանգամից աշխատանքից ազատելը կարող է դժգոհության մեծ ալիք բարձրացնել, ինչից այս պահին փորձում է խուսափել նախարարությունը։ Առանց այն էլ դժգոհության աստիճանը շատ բարձր է ուսուցչական համայնքի ներսում, որոնք դեռ ավագանու ընտրություններից առաջ կառավարության շենքի դիմաց ցույցեր արեցին՝ հանդիպում պահանջեցին վարչապետի հետ եւ ժամանակ տվեցին կառավարությանը՝ վերանայելու մանկավարժների աշխատավարձի չափը։