Հրայր Թովմասյանի փաստաբանը ՀՔԾ-ից պարզաբանում է պահանջում

Հրայր Թովմասյանի փաստաբանը ՀՔԾ-ից պարզաբանում է պահանջում

ՍԴ նախագահի պաշտպան Միհրան Պողոսյանը գրավոր դիմել է Հատուկ քննչական ծառայությանը՝ պարզաբանում պահանջելով Նիկոլ Փաշինյանի՝ ՀՔԾ այցելության վերաբերյալ։

«Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայություն Նիկոլ Փաշինյանի այցելությունների և վերջինիս կողմից առանձին քրեական գործերով նախաքննության գաղտնիք հանդիսացող տվյալների տիրապետման իրավական հիմքերի պարզաբանման նպատակով հարցում եմ ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն..
Հ.Գ. Սպասե՞նք պատասխանին...»,- տեղեկացնում է Պողոսյանը։

Մենք  գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին գաղտնի գնացել է ՀՔԾ։ Այցելության նպատակը եղել է ՀՔԾ քննիչներին «դուխ» տալը, քանի որ նրան զեկուցել են, որ ՀՔԾ-ում բունտ է հասունանում՝ քննիչները դեմ են ՍԴ անդամների եւ նախագահի դեմ անօրինական գործողություններ կատարելուն։ Վարչապետը հավաքել է ՀՔԾ ղեկավար կազմին եւ հորդորել կատարել իր հրահանգներն ու ավարտին հասցնել Հրայր Թովմասյանի գործը, չվախենալ անօրինականություններից՝ «ինքը տեր է»։ Այս հրապարակումից հետո՝ երբ պարզ դարձավ, որ այցի հետ կապված արտահոսք է եղել, ինչը վկայում է այն մասին, որ ՀՀ վարչապետն անօրինական միջամտություն է ցուցաբերում գործի ընթացքի հետ կապված, իրենց տնօրինման տակ գտնվող կայքերից մեկում, կեսգիշերին, լուր տեղադրվեց, որ Փաշինյանը հարցաքննվել է ՀՔԾ-ում։ Ապա Կապանյան ասուլիսում Փաշինյանն ինչ որ անորոշ արտահայտություն արեց՝ 2010 թվականին իր վրա հարձակման հետ կապված գործով ՀՔԾ-ում հարցաքննվելու մասին։ Այժմ փաստաբանը դիմել է հարցաքննության մանրամասներին ծանոթանալու համար։ Մենք եւս անհամբերությամբ սպասում ենք այս դիմումի պատասխանին։

Ներկայացնում ենք Միհրան Պողոսյանի դիմումը․

«ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ` պարոն Ս. Մ. Խաչատրյանին 

Հարգելի պարոն Խաչատրյան, Սույն թվականի հունվարի 24-ին մի շարք զանգվածային լրատվության միջոցներ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հատուկ քննչական ծառայություն։ 

Համաձայն նշված տեղեկատվության՝ այցելության ընթացքում վարչապետը հավաքել է Հատուկ քննչական ծառայության ղեկավար կազմին և հորդորել կատարել իր հրահանգներն ու ավարտին հասցնել Հրայր Թովմասյանի գործը՝ չվախենալով անօրինականություններից՝ «ինքը տեր է»։ 

Նկատի ունենալով, որ Ձեր կողմից ղեկավարվող քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարոն Հրայր Թովմասյանը ունի «մեղադրյալ»-ի դատավարական կարգավիճակ, հաշվի առնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ գործով բացմիցս, հրապարակային և անթաքույց հետաքրքրություն է դրսևորել՝ հանրությանը հայտնելով նախաքննության գաղտնիք համարվող տվյալներ, ինչպես նաև հիմք ընդունելով իմ վստահորդի իրավունքների և իրավաչափ շահերի համակողմանի ու արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը և ղեկավարվելով Սահմանադրության 51-րդ հոդվածի 1-ին մասով, «Փաստաբանության մասին» օրենքի 18-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 5-6-րդ կետերով և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 4-րդ հոդվածով ու 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ խնդրում եմ հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրել հետևյալ տեղեկությունները. 

1. 2020 թվականի հունվարի 24-ին ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը մուտք գործել Հատուկ քննչական ծառայության վարչական շենք (նշելով ժամը և րոպեն, ինչպես նաև տրամադրելով այդ հանգամանքը հաստատող համապատասխան փաստաթղթի պատճենը),

2. ի՞նչ կարգավիճակով է 2020 թվականի հունվարի 24-ին Նիկոլ Փաշինյանը մուտք գործել Հատուկ քննչական ծառայության վարչական շենք (տրամադրել համապատասխան փաստաթղթի պատճենը),

3. ո՞րն է եղել 2020 թվականի հունվարի 24-ին Հատուկ քննչական ծառայության վարչական շենք Նիկոլ Փաշինյանի մուտք գործելու իրավական հիմքը (տրամադրել համապատասխան փաստաթղթի պատճենը),

4. 2020 թվականի հունվարի 24-ին Հատուկ քննչական ծառայության վարչական շենքում ու՞մ հետ է հանդիպել Նիկոլ Փաշինյանը (այդ թվում՝ որ պաշտոնատար անձանց) և ո՞ր սենյակում (տրամադրել Հատուկ քննչական ծառայության վարչական շենքում առկա համապատասխան տեսախցիկների ձայնագրությունների պատճենները),

5. արդյո՞ք նշված հանդիպման ժամանակ քննարկվել են Սահմանադրական դատարանի նախագահի կամ այլ դատավորների վերաբերյալ քրեական գործերը,

6. 2020 թվականի հունվարի 24-ին ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը դուրս եկել Հատուկ քննչական ծառայության վարչական շենքից (նշելով ժամը և րոպեն, ինչպես նաև տրամադրելով այդ հանգամանքը հաստատող համապատասխան փաստաթղթի պատճենը):

Բացի վերոշարադրյալից՝ ի պատասխան սույն գրությանը խնդրում ենք Ձեզ հայտնել, թե ո՞ր իրավական ընթացակարգի շրջանակում է վարչապետին Նիկոլ Փաշինյանը տիրապետում Սահմանադրական դատարանի նախագահին վերագրվող ենթադրյալ գործողությունների վերաբերյալ քրեական գործերին։ 

Կանխավ շնորհակալ եմ Ձեր համագործակցության համար»: