ԱԺ-ն հեչ էլ աքսորավայրի նման չէ

Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանն արդեն ԱԺ պատգամավոր է: «Իմ քայլ»-ում որոշեցին, որ նա եւ Շիրակի նախկին մարզպետը չպետք է վերադառնան նախկին աշխատանքին, քանի որ նրանք այս պաշտոնում իրենց թեկուզեւ կարճ գործունեության ընթացքում չէին արդարացրել: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք նորընտիր պատգամավոր Վահե Ղալումյանի հետ:
- Պարոն Ղալումյան, գրեթե բոլոր մարզպետները վերադարձան իրենց նախկին աշխատանքին, բացի Ձեզնից եւ Շիրակի մարզպետից։ Ինչո՞ւ:
- Թիմային որոշում էր, թիմը որոշեց, որ մեր աշխատանքն այստեղ ավելի արդյունավետ կլինի, ես էլ տվեցի իմ համաձայնությունը:
- Կա տեսակետ, որ ձախողվածներին են աքսորել խորհրդարան:
- Համաձայն չեմ այդ տեսակետի հետ, ԱԺ-ն, համենայնդեպս, հեչ էլ աքսորավայրի նման չէ:
- Ի՞նչ արդյունավետ գործունեություն եք պատրաստվում իրականացնել՝ արդարացնելու թիմի սպասելիքները:
- Օրենսդրական նախաձեռնություններին զուգահեռ, պատրաստվում եմ՝ որպես Տավուշի սահմանամերձ մարզի խնդիրների վերհանում, քննարկում, լուծումներ գտնել: Տարիներ շարունակ կարծրացած հարցեր կան սահմանամերձ համայնքում, եւ պետք է լուծում տալ:
- Նիկոլ Փաշինյանը չի՞ կարողացել այդ «կարծրացած հարցերի» մասին բարձրաձայնել՝ լինելով Ձեր համերկրացին:
- Իհարկե, բարձրացրել է, բայց եթե հիշում եք, անցած խորհրդարանում ընդամենը 7 տոկոսանոց խմբակցություն ունեինք, եւ այդ հարցերը պարզապես բարձրացնել, լուծում տալը բարդ էր, անգամ քննարկման առարկա դարձնելն էր բարդ պրոցես:
- Եթե չլինեիք Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերը, կհայտնվեի՞ք այն պաշտոններում, որտեղ հայտնվեցիք։ Չէ՞ որ ժամանակին Փաշինյանն էր քննադատում, երբ որեւէ պաշտոնյայի բարեկամ պաշտոն էր զբաղեցնում պետական ապարատում, հիմա իր ընկերը, աներորդին, եղբորորդին օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ են:
- Եթե ես, իր եղբոր տղան, աներորդին ստեղ լինեինք միայն այն բանի համար, որ իր բարեկամն ենք, ես Ձեր ասածի հետ համաձայն կլինեի, բայց մենք դրա համար չենք այստեղ:
- Բա ինչի՞ համար եք:
- Կա այդ գործոնը, չեմ բացառում, բայցեւայնպես, մենք առանձին ունենք մեր թիմը, մեր աջակիցները: Պատգամավորի կարգավիճակում ես այսօր ընտրողների քվեարկության շնորհիվ է, որ այստեղ եմ, իսկ մարզպետի պաշտոնը, այո, նշանակովի է եղել, եւ ինձ վստահել են: Ես Իջեւան քաղաքում չորս անգամ մասնակցել եմ ավագանու ընտրություններին եւ ընտրվել ավագանի մեծ ձայներով՝ 450-300 եւ այլն:
- Այսինքն կարծում եք, որ Ձեզ տված ձայները ոչ թե Նիկոլ Փաշինյանի համար են եղել, այլ հենց Ձե՞րն են եղել:
- Ես Նիկոլ Փաշինյանի գործոնը շատ բարձր եմ գնահատում, այսօր «Իմ քայլը» դաշինքի բոլոր ընտրված թեկնածուներին շատ մեծ օգնություն է եղել, բայցեւայնպես, բոլոր ընտրված պատգամավորները, այնպես էլ ես ունեցել են առանձին իրենց ընտրողների քանակը:
- Դուք կուսակցակա՞ն եք:
- Հեղափոխությունից առաջ՝ ապրիլին եմ դարձել:
- Կասե՞ք՝ նոր իշխանությունների թեկուզ կարճ պաշտոնավարման ընթացքում ի՞նչ եք փոխել ժողովրդի կյանքում:
- Մենք կոռուպցիան վերացրել ենք: Կոնկրետ իմ՝ մարզպետ աշխատած տարիներին կարող եմ փաստել, որ իմ աշխատասենյակում կոռուպցիոն գործարք տեղի չի ունեցել: Մենք արձագանքել ենք ամենափոքր հարցերին անգամ, բազում հարցեր ենք լուծել՝ ճանապարհաշինություն, ներդրումների համար նպաստավոր դաշտ ստեղծել, ես կարեւորում եմ «Իմ քայլը՝ հանուն Տավուշի» նախաձեռնությունը, որին եկան մասնակցեցին դրսում ապրող տավուշցիներ, եւ նրանց գլխավոր պահանջն էր օրենսդիր դաշտի փոփոխությունը:
- Ձեր նախորդի աշխատասենյակում նման կոռուպցիոն գործարքներ կնքվե՞լ են:
- Դա իրավապահների զբաղվելու հարցն է:
Կարծիքներ