Կյանքը աստիճան է

Կյանքը աստիճան է

Այսօր Սահմանադրական դատարանը սկսում է արտահերթ ընտրությունների արդյունքների քննությունը՝ չորս քաղաքական ուժերի դիմումների հիման վրա։ Մեզ ուշագրավ շոու է սպասվում։ Թեեւ՝ հույսը, որ արդյունքները կչեղարկվեն, եւ նոր ընտրություններ կկայանան, կամ երկրորդ փուլ կնշանակվի, չնչին է։ Ինչպես գիտեք՝ հաղթողներին չեն դատում։ Եվ տասնամյակներ շարունակ ՀՀ Սահմանադրական դատարանը, քննելով ընդդիմության բողոքները՝ ընտրազեղծարարությունների մասին, որպես կանոն, միշտ բռնել է իշխանությունների կողմը՝ մերժելով ընդդիմության պահանջները։

Միայն 2003 թվականին ՍԴ-ն՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, իրապես, համարձակ որոշում կայացրեց՝ մեկ տարի անց՝ 2004 թվականին, Վստահության հանրաքվե նշանակելով։ Այդ որոշումը հանդարտեցրեց երկրում իրավիճակը, եւ ցուցարարները գնացին տուն՝ հույսով, որ 2004 թվականին այդ հանրաքվեի միջոցով կարտահայտեն իրենց դիրքորոշումը։ Սակայն 2004-ին Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց ՍԴ որոշումը կատարելուց, եւ կրկին փողոց դուրս եկած մարդկանց ջրցաններով ճնշեցին։

Բայց այս պատմությունը հիշելու պատճառը ոչ միայն այն է, որ հերթական անգամ հիշեցնեմ՝ ինչ որ ցանես, այն կհնձես, քանզի հիմա բողոքողի եւ ՍԴ դիմողի կարգավիճակում հենց ինքն է՝ Ռոբերտ Քոչարյանը, ով սահմանադրական արդարադատություն է ակնկալում։ Այլ ուզում եմ, որ այս պատմությունից հատկապես հետեւություններ անեն գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանը, նաեւ՝ ՍԴ-ն․ որ անգամ եթե ողջ դատական համակարգն ու ուժային կառույցները ենթարկեցնում ես, եւ քո կամայականություններն այս պահին անցնում են ու օրենքի ուժ ստանում, միեւնույն է՝ մի օր գալիս է հատուցման պահը, եւ դու հայտնվում ես հակառակ ճամբարում՝ ակնկալելով, որ կգործի ոչ թե իշխողի կամքը, այլ՝ օրենքը։