Որտեղ Արցախի ժողովուրդը/արցախահայությունն ինքնորոշվել է և կառուցել պետականություն․ որո՞նք են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները

Որտեղ Արցախի ժողովուրդը/արցախահայությունն ինքնորոշվել է և կառուցել պետականություն․ որո՞նք են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները

2020 թվականի 44/45-օրյա պատերազմից ու նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարությունից հետո նոր իրավիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի համար։

Ղարաբաղի հակամարտությամբ զբաղվող Եվրոպայում Անվտանգության ու Համագործակության Կազմակերպության Մինսկի խմբի համանախագահները նույնպես այն կարծիքին են, որ բանակցությունների անհրաժեշտություն կա։

2020-ի Նոյեմբերյան հայտարարությունից հետո Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը շարունակ պնդում է, որ Ադրբեջանը ռազմական ու քաղաքական միջոցներով լուծել է հակամարտությունը։ Բաքվի բռնապետն այդպիսի պնդում էր արել նաև, երբ 2020 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանում ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ լրիվ կազմին։ Մինսկի խմբի կազմում հանդիպմանը մասնակցել էին Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիական Հանրապետություն), Էնդրյու Շոֆերը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), իսկ Ռուսաստանի Դաշնության (Նոյեմբերյան եռակողմ հայտարարության կողմերից մեկը) համանախագահ Իգոր Պոպովը բացակայել էր․ նրա փոխարեն հանդիպմանը մասնակցել էր ԱՀ-ում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը։ Ասելով, որ «տարածաշրջանում բոլորովին նոր իրավիճակ է» ու «Մինսկի խումբը որևէ դեր չի խաղացել հակամարտության կարգավորման մեջ»՝ Ալիևն ընդգծել էր․ «Ես համաձայն եմ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ համանախագահներից մեկի հետ, որ լեռնայինղարաբաղյան հակամարտությունն անցյալ է գնացել»։

Ադրբեջանի նախագահը ղարաբաղյան հակամարտության «լուծվածության մասին» պնդել էր նաև հունվարի 11-ին Մոսկվայի եռակողմ (Պուտին-Փաշինյան-Ալիև) հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ Այդ ժամանակ նա, անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ փաստաթղթի ստորագրման թեմային, ասել էր․ «Այս ամենը վճռականություն է սերմանում նրանում, որ, ինչպես Վլադիմիր Վլադիմիրովիչը մի անգամ ասաց, լեռնայինղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում, և մենք պետք է մտածենք ապագայի մասին»։

Նշենք, սակայն, որ Պուտինը, 2020 թվականի նոյեմբերի 13-ին անդրադառնալով հակամարտությանը, հույս էր հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը նկարագրելու համար «հակամարտություն» բառն այլևս չի օգտագործվի:

Իսկ ասուլիսին նախորդած եռակողմ հանդիպման ժամանակ, անդրադառնալով 2020-ի Նոյեմբերյան հայտարարությանը, Կրեմլի ղեկավարն ասել էր․ «Հատուկ կուզենայի նշել, որ իր բոլոր գործողություններում Ռուսաստանը ձգտում էր հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված առանցքային զարգացումներին։ Մենք շարունակում ենք մեր գործընկերների հետ՝ Մինսկի խմբի համանախագահների հետ, պարբերաբար համակարգել մեր գործողությունները»։ Քաղաքական գործընթացներին աջակեցելու իր պատրաստակամությունն է շարունակաբար հայտնում նաև Ֆրանսիայի նախագահ, իշխող «Առա՛ջ, Հանրապետությո՛ւն» կուսակցության համահիմնադիր Էմանուել Մակրոնը։ Այս իրավիճակում պետք չէ մոռանալ նաև ԱՄՆ դերակատարումը Դեմոկրատական նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի ձևավորումից հետո, երբ նոր վարչակազմի թեկնածուների նախորդ տարիների գործունեությունը նոր իրողություններ են խոստանում։

2020-ի հրադադարից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ հայկական կողմից առաջին հրապարակավ հայտարարությունը եղել էր 2020-ի դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպմանը։ Իր ելույթում, ի թիվս այլ կետերի, Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը նշել էր, որ «հակամարտության՝ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանն ուղղված լուծումն ընդգրկում է Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի անվտանգությունը, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան»։

Իսկ թե ինչ նկատի ունի ՀՀ ԱԳՆ-ն՝ «Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի կարևորությունը» և «Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան» արտահայտություններով, «Հրապարակը» փորձել է պարզել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից։

Պատասխանելով մեր «Կոնկրետ ո՞ր տարածքներ են այս դեպքում համարվում օկուպացված Ադրբեջանի կողմից» հարցին՝ նա ասել է․ «Այն տարածքները, որտեղ Արցախի ժողովուրդը/արցախահայությունը ինքնորոշվել է և կառուցել պետականություն»։

Արցախն իր անկախությունը 1991 թվականին հռչակել և արցախահայությունն ինքնորոշվել է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքների ու նախկին Շահումյանի շրջանի (Ադրբեջանի կողմից օկուպացվել է դեռևս ԼՂ 1990-ականների պատերազմի ժամանակ) սահմանների հիման վրա։

Այնուհետև ԼՂՀ 2016 թվականի Սահմանադրության մեջ ամրագրվել է, որ Արցախի տարածք է համարվում այն տարածքները, որտեղ Արցախի իրավասությունն է տարածվում մինչև ամբողջականության վերականգնումը, այսինքն՝ մինչև խաղաղ լուծումը։ Հետևաբար ԼՂԻՄ-ը, հայկական վերահսկողության տակ եղած տարածքները, հարակից 7 շրջանները համարվում են Արցախի տարածք։

Պատերազմից հետո ԼՂՀ տարածքների մեծ մասի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո անհրաժեշտ է լինելու փոփոխություն կատարել Արցախի Սահմանադրության մեջ, մասնավորապես «իրավասության տարածման» հատվածում։

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի էր ունեցել ժողովրդական պատգամավորների ԼՂ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան, որի ժամանակ ընդունվել էր «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» որոշումը, որով նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի տարածքում ձևավորվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

1991-ի դեկտեմբերի 10-ին ԼՂ բնակչությունը հանրաքվեով ամրագրել էր անկախ ԼՂ Հանրապետության հռչակումը, որը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին ու նախկին Խորհրդային Միության օրենքներին: Արցախի 1990-ականների պատերազմի ընթացքում Ադրբեջանը գրավել էր ԼՂ Շահումյանի շրջանը, Մարտունի ու Մարտակերտի շրջանների արևելյան հատվածները, իսկ հայկական վերահսկողության տակ էին անցել ԼՂ հարակից շրջանները, որոնք անվտանգության բուֆերային դեր էին կատարում` արգելափակելով ադրբեջանական կողմից ԼՂ բնակավայրերի հետագա հրետակոծումը:

Արցախի Նախագահի պաշտոնական կայքի ԼՂՀ-ի «Ընդհանուր տեղեկատվություն» բաժնում նշված է, որ «ԱՀ տարածքը կազմում է ավելի քան 12 հազար կմ2, որից 1041 կմ2 բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ /Շահումյանի շրջանի տարածքը Գետաշենի ենթաշրջանի հետ միասին կազմում է 2527,8 կմ2, որից 698 կմ2 բռնազավթված է Ադրբեջանի կողմից/»: