Ընդդիմությունը որոշել է` ի հեճուկս ՔՊ-ի, գործն առաջ տանել
Չնայած ՔՊ-ի կողմից հարուցված խոչընդոտներին ու մերժումներին, խորհրդարանական ընդդիմությունը որոշել է Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողովը ձեւավորել եւ այսօր այդ հանձնաժողովի անդրանիկ նիստն էին հրավիրել։ Դեռ հոկտեմբերի սկզբներին ՔՊ-ն մերժեց ընդդիմության առաջարկը` հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, իհարկե, այն իրավունքի ուժով ձեւավորվեց, սակայն իշխող մեծամասնությունը չմասնակցեց հանձնաժողովի ձեւավորման, դրա թվակազմի հաստատման քվեարկություններին, ինչի հետեւանքով կազմը չհաստատվեց եւ հնարավոր չէ օրենքով սահմանված կարգով նիստեր անցկացնել։ ՔՊ-ականները հայտարարեցին, որ իրենք իրենց պատգամավորական գործառույթների շրջանակներում օժտված են բոլոր լծակներով, որ զբաղվեն արցախցիների խնդիրներով եւ հանձնաժողովի կարիք չեն տեսնում:
Սակայն պարզ էր, որ Արցախի հետ կապված ցանկացած քայլ վախենում են անել, որ Ալիեւի զայրույթին չարժանանան եւ Արցախի հարցը արխիվ ուղարկեն: Ընդդիմադիր պատգամավորները որոշել են, այդուհանդերձ, առանց իշխանականների կյանքի կոչել այս գաղափարը: Հանձնաժողովը 11 անդամից է բաղկացած լինելու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի նախագահությամբ: Չի բացառվում, որ նիստերն ԱԺ տարածքում անցկացնեն։ Անցած շաբաթ Արցախի ներկայացուցչությունում խորհրդարանական ընդդիմության եւ Արցախի պատգամավորների մասնակցությամբ ձեւավորված աշխատանքային խմբերի հերթական հանդիպման ժամանակ են հանգել նման որոշման: Քննարկել են նաեւ արցախցիներին առաջնահերթ հուզող խնդիրները:
Կարծիքներ