Նիկոլ Փաշինյանի Բաբելոնյան աշտարակը

Նիկոլ Փաշինյանի Բաբելոնյան աշտարակը

Հետհեղափոխական Հայաստանի ներհասարակական քննարկումների օրակարգում երկու թեմաներ, արդեն տեւական ժամանակ է, գլխավորում են Նոր Հայաստանի՝ հավերժական դարձող թեմաների տիտղոսացուցակը: Առաջինը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի դանիաբնակ ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանի եւ նրա ղեկավարած ոլորտի թեման է, երկրորդը՝ ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգեւավճարները: Նույնիսկ կորոնավիրուսի համավարակի գերիշխանության այս բարդ ժամանակահատվածում այդ թեմաները չեն դադարում հրատապ լինել եւ շարունակում են «զարդարել» նոր Հայաստանի երիտասարդ, բայց եւ՝ արդեն հնաբույր իշխանությունների ձախողումների եւ արտոնությունների՝ արագորեն բարձրացող շենքը: 

Վերոհիշյալ երկու՝ քաղավիացիայի եւ պարգեւավճարների թեմաները հայտնվել են հասարակական թեժ քննարկումների՝ անհամաձայնության եւ քննադատության հարահոսում՝ ուժգին սասանելով հեղափոխական իշխանությունների հանդեպ հանրության վստահության աշտարակը: Թեպետ այն ավելի նման է Բաբելոնյան աշտարակի, երբ հանրությունը եւ իշխանությունը խոսում են միմյանց անհասկանալի տարբեր լեզուներով: Դրանք շարունակում են օրակարգային մնալ նաեւ այն պատճառով, որ շարունակ նոր փաստեր եւ իրողություններ են բացահայտվում՝ մեծացնելով հասարակական դժգոհությունն իշխանություններից եւ քողազերծելով նույն իշխանությունների իրական ձգտումները:

Առաջին թեման առնչվում է միանգամից մի քանի խնդիրների՝ 1. կրկնակի շրջափակված Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ՀՀ քաղավիացիայի ոլորտի շարունակական կազմաքանդմանը, 2. Նիկոլ Փաշինյանի կադրային ձախող քաղաքականությանը, 3. Հայաստանում ապաշնորհության եւ դիլետանտիզմի անփառունակ հաղթարշավին, 4. ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց քաղաքացիությանը: 

Երկրորդ՝ ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգեւատրումների եւ հավելավճարների թեման, իր հերթին, ներառում է մի քանի խնդիրներ.

1. պետական արտոնությունների պահպանման եւ դրանց հանդեպ հեղափոխական եւ նախահեղափոխական իշխանություններին միավորող նույն անհագուրդ սերը,

2. 2013թ. ընդունված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը չվերանայելու՝ նոր իշխանությունների անհողդողդ կեցվածքը,

3. պետական ապարատի աշխատավարձերի, պարգեւատրումների անհամադրելիությունն ու անհամաչափությունը՝ ա. պետական ոլորտի այլ աշխատակիցների՝ ուսուցիչների, բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի, գիտնականների աշխատավարձերի, բ. կենսաթոշակների, գ. հանրության լայն հատվածների ամսական եկամուտների հետ,

4. սոցիալական բեւեռացման խորացումը եւ սոցիալական արդարության սկզբունքի խեղաթյուրումը:

Վերոհիշյալ թեմաները, եթե դիտարկենք մաթեմատիկական երկու տարբեր կոտորակների տեսքով, ապա, տարբեր համարիչների առկայությամբ անգամ, դրանք նույն ընդհանուր հայտարարն ունեն, այն է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումը:

Եթե այս ամենին ավելացնենք ՀՀ վարչապետի կողմից պարբերաբար հատկացվող գաղտնի պարգեւատրումների մասին բացահայտումները, ապա պատկերը ոչ միայն հուսահատական, այլեւ սպառնալից կդառնա: Սպառնալից՝ ոչ միայն սոցիալական արդարության, հեղափոխության արժեզրկման, այլ հենց իշխանության պահպանման համար: Իշխանության պահպանումը՝ հեղափոխության արժեզրկման եւ նրա սկզբունքների վերասերման, նոր իշխանությունների հանդեպ հանրության արագորեն նվազող վստահության պայմաններում, շատ բարդ է: 
Հենց սպառվող հանրային վստահությունն է ստիպում Փաշինյանին ոչ միայն պաշտպանել, խրախուսել պարգեւատրումները՝ չարաշահելով անգամ գործող օրենքը: Մանավանդ որ, ցանկացած օրենք մշակվում-ընդունվում է ողջամտության սահմաններում գործելու համար, եւ նույնիսկ ամենավատ օրենքի գործողությունն ու կանոնակարգումը դուրս չեն գալիս այդ սահմաններից: Հակառակ դեպքում՝ ծայր է առնում օրենքի չարաշահումը եւ, որպես հետեւանք՝ իշխանազանցությունը: 

Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման հիմնական գրավականը հանրության վստահությունն էր: Եթե նախկինները հանրության աջակցության վրա հույս չէին դնում նաեւ այն պատճառով, որ այդ հանրությունը բոլոր ընտրություններում մերժել է նրանց, ապա Փաշինյանի իշխանության հիմնասյունը հեղափոխական հանրությունն էր, առանց որի աջակցության նա չի կարող երկար պահպանել իշխանությունը: Միաժամանակ, հետհեղափոխական այս երկու տարվա ընթացքում Փաշինյանն արագորեն կորցնում է այդ վստահությունն ու աջակցությունը՝ զրկվելով հատկապես հեղափոխական հանրության գիտակից հատվածի աջակցությունից՝ ապաշնորհ կադրային քաղաքականության, անբարեհույս խորհրդարանի, պետական ռազմավարական ծրագրերի բացակայության, նոր իշխանությունների արտոնությունների առատ սերմանման, հանրության խնդիրները լուծելու անկարողության պատճառներով: 

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արագորեն զրկվում էր հանրային լայն աջակցությունից դեռ մինչեւ կորոնավիրուսի համավարակը: Այդ վստահության վերջին կանգուն պատերը կարող են փլուզվել արդեն համավարակից հետո, երբ տնտեսական խորը ճգնաժամը, սոցիալ-տնտեսական բազում խնդիրներն ուժգին կբախեն իշխանությունների դարպասները: 

Փաշինյանի իշխանության պահպանման հաջորդ հիմնասյունը ուժային կառույցներն են: ՀՀ ուժային կառույցները միշտ էլ իշխանության պահպանման հիմնական գրավականն են եղել՝ հաճախ գործելով հանրության դեմ՝ հանուն օրվա իշխանության պահպանման: Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի վստահում ուժային կառույցներին, որոնցից երկուսի նախկին ղեկավարները՝ Վալերի Օսիպյանն ու Արթուր Վանեցյանը, հեռացան ոչ անաղմուկ: Փաշինյանի՝ ժամանակ առ ժամանակ դրսեւորվող անթաքույց անհավասարակշիռ կեցվածքը, պետական նշանակության խնդիրների չընկալումը, նեղ խնդիրները համապետական խնդիր մատուցելու ձգտումները, լռելու անկարողությունն էապես նվազեցնում են նրան՝ որպես պետության ղեկավար ընդունելու եւ նրա հետ համագործակցելու ուժայինների ցանկությունը: Այդեւայլ պատճառներով Փաշինյանը կարող է զրկվել նաեւ ուժային կառույցների աջակցությունից: 

Նույնիսկ բնազդով զգալով այսեւայլ վտանգները՝ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության պահպանման համար նոր սյուն է կառուցում՝ պետական ապարատը, դեպի ուր ուղղվում են Հայաստանի պետական բյուջեի, արտաբյուջետային միջոցների ֆինանսական մեծ հոսքերը՝ բարձր աշխատավարձերի, պարգեւատրումների, հավելավճարների տեսքով: Փաշինյանը փաստացի կաշառում է պետական ապարատի աշխատակիցներին՝ քաղաքական, քաղաքացիական, հայեցողական պաշտոն զբաղեցնողներին՝ նրանց փորձելով դարձնել իր իշխանության պահպանման հիմնասյուն: 

Արտոնյալների այդ բանակը, սակայն, մեծ ֆինանսական հոսքերի եւ մեծ ցանկության դեպքում անգամ չի կարող բարձր արդյունավետությամբ աշխատել ձախող կադրային քաղաքականության պայմաններում: Եվ դժվար է պնդել, թե այդ ապարատը հուսալի՞ է, արդյոք, որպես իշխանության պահպանման հիմնասյուն:

Նիկոլ Փաշինյանը, որ սիրում է իրեն Քրիստոսի առաքելությունը վերապահել, Աստծո պես էլ Բաբելոնյան աշտարակ է կառուցել, որտեղ իշխանությունն ու հանրությունը խոսում են տարբեր լեզուներով: Բաբելոնյան աշտարակ՝ պետական արտոնությունների աղյուսներով:
 

«Նա, ով արտոնություններ է ցանում, ստիպված կլինի հեղափոխություն հնձել»,- ամերիկացի հրապարակախոս, լրագրող, հեղափոխական գործիչ Թոմայն Փեյնի՝ 18-րդ դարում արված այս արտահայտությունը բոլոր ժամանակների համար է: Աշխարհի բոլոր հեղափոխությունները ծնվում են արտոնությունների դեմ պայքարից: Եվ եթե հեղափոխությունները չեն խժռում իրենց զավակներին, ապա հեղափոխության զավակներն են խժռում հեղափոխությունը:
Ճիշտ այնպես, ինչպես ապրիլյան հեղափոխականներն աստիճանաբար խժռեցին հայկական թավշյա հեղափոխությունը:

Նիկոլ Փաշինյանը արտոնություններ է սերմանել. նա ստիպված կլինի հեղափոխություն հնձել: