Մարդիկ հենց իրենց համայնքում պիտի սոցիալական ծառայություն ստանան. Դուդակլյան

Մարդիկ հենց իրենց համայնքում պիտի սոցիալական ծառայություն ստանան. Դուդակլյան

Եթե սոցիալական ծառայությունը գնում է համայնք, ապա դա նշանակում է, որ
սոցիալական ծառայությունը պիտի հասանելի լինի այդ ծառայության կարիքը ունեցող անհատներին, ընտանիքներին, մարդկանց ու երեխաներին։ Այս մասին քիչ առաջ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցող «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Վորլդ Վիժն» կազմակերպության տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը։

Հիշեցնենք՝ ախաձեռնությունը պայմանավորված է սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող բարեփոխումներով, մասնավորապես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմամբ։ Կարևորվում է  համայնքներում սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումը, սոցիալական պաշտպանության ոլորտում միասնական քաղաքականության վարումը և ընդհանուր մոտեցումների որդեգրումը։ 

Քննարկմանը, բացի Դուդակլյանից, ելույթներով հանդես են գալիս նաեւ  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության ղեկավար Ջոն Ալելոն, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանն ու Աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը։

«Մարդիկ պիտի կարողանան ծառայություն ստանալ իրենց իսկ միջավայրում, այսինքն՝ ամենամոտ տեղում, իսկ դա համայնքն է։ Համայնքում քաղաքացին պիտի շատ արագ ու հեշտ կարողանա օգտվել սոցիալական ծառայությունից։ Սրա համար պիտի սոցիալական աշխատողների գիտելիքները լավագույն, շատ բարձր մակարդակի հասցնել։ Հենց սոցիալական աշխատողներն են, որ լավատեղյակ են իրենց համայնքի խնդիրներից, իրենցից լավ դժվար թե որևէ մեկն իմանա։ Իրենք են, որ հասկանում են նաեւ բոլորից լավ այդ խնդիրների լուծումներն ինչպես կարելի է գտնել։ Սակայն սոցիալական ծառայողը պիտի անպայման ունենա բոլոր գործիքակազմերը, որպեսզի կարողանաս հայտնաբերել խնդիրը ու ծառայություններ տրամադրել դրանց կարիքը ունեցող քաղաքացիներին։ Պետք է նաեւ ունենալ այնպիսի գործիքակազմ, որով կարելի կլինի նախապես հայտնաբերել ու կանխարգելել խնդիրը համայնքներում։ Մեր կարծիքով՝ բոլոր օրենսդրական փոփոխություններն էլ հենց այս սկզբունքով պիտի առաջնորդվեն։ Սովորաբար օրենսդրական փոփոխություններից հետո մենք ունենում ենք խնդիրներ, երբ օրենքը սկսում է գործել։ Հիմա ամենակարևոր գործողությունը, որին մենք պիտի հետամուտ լինենք, օրենքի լիարժեք գործակցության երաշխավորումն է։ Օրենքի գործակցությունը պիտի կարողանալ ապահովել Երևանից սկսած՝ մինչեւ ամենահեռավոր համայնքները»,- ասաց նա։