Փաշինյանն էլ Վրաստանին հիշեցրեց 2019 թվականը

Փաշինյանն էլ Վրաստանին հիշեցրեց 2019 թվականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե հնարավոր համարու՞մ է վրացական կողմի առաջարկած օգնությունը ընդունելը, պատասխանեց․

«Մենք առաջին օրվանից սերտորեն համագործակցել ենք Վրաստանի կառավարության հետ, ընդ որում՝ վարչապետից մինչև մասնագետներ, և այդ համագործակցությունը շատ արդյունավետ ենք համարում, Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և մեզ շատ ջերմացնում է նման պատրաստակամությունը։ Եթե նման անհրաժեշտություն ծագի, մենք բնականաբար․․․ կարող են լինել քայլեր, բայց մենք հույս ունենք, որ նման անհրաժեշտություն չի ծագի։ Ինչպես բոլորս կարող ենք այնպես անել, որ վերակենդանացման բաժանմունքների ծառայությունների կարիքը չլինի, այնպես էլ կարող ենք անել, որ աջակցության կարիք չունենանք, չնայած՝ ասում եմ, որ մենք պետք է պատրաստակամություն ունենանք փոխադարձաբար իրար օգնելու, և ես ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին` կարմրուկի համաճարակի բռնկման ժամանակ, Հայաստանը Վրաստանին 30 հազար դոզա պատվաստանյութ է տրամադրել։ Մենք պետք է մշտապես իրար կողքի լինենք, իրար աջակցենք, որովհետև համաճարակները մեր ընդհանուր օրկարգի հարց են, դա ընդհանուր սպառնալիք է, և մենք մեր հարևանների հետ՝ և՛ Վրաստանի հետ, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և մեր միջազգային գործընկերների հետ պատրաստ ենք սերտորեն համագործակցել»։

Հիշեցնենք, որ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն, պատասխանելով հարցին, թե արդյոք Վրաստանը կարո՞ղ է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ ընդունել Հայաստանից, ինչպես Գերմանիան էր ընդունում հարեւան երկրներից, ասել էր․ «Գիտեք, անցած շաբաթ փոքրիկ թյուրիմացություն տեղի ունեցավ։ Մենք եղբայրական ժողովուրդներ ենք, միշտ աջակցում ենք միմյանց եւ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի հետ։ Եթե հայկական կենտրոնը մեզ դիմի օգնության խնդրանքով, ապա մենք մեր իրավասությունների շրջանակում ամեն ինչով պատրաստ ենք օգնել, նաեւ թեստավորման կամ այլ հարցերով»,- ասել է Գամկրելիձեն։ 

Պացիենտների բուժման հարցում էլ, եթե Հայաստանն այսօր դրա կարիքն ունենա, Գամկրելիձեի խոսքով, Վրաստանի կառավարությունն ու առողջապահության նախարարությունը ոչ միայն պատրաստ են օգնել, այլեւ կանեն ամեն հնարավորը։ «Այդ հարցն առաջին հերթին Հայաստանի առողջապահության նախարարությունը պետք է բարձրացնի։ Վստահ եմ, որ Վրաստանը պատրաստակամությամբ կընդունի առաջարկը»,-ասել է Գամկրելիձեն։ 

Նա հիշեցրել է նաեւ, որ 1988թ․երկրաշարժից հետո վրացիներն առաջինն են հասել օգնության։ «Մենք միշտ ձեր կողքին ենք»,- եզրափակել է Գամկրելիձեն։