Քաղհասարակություն ասվածը 2018-ից հետո վերածվել է քաղաքական հասարակության
Երեկ համացանցը ցնցված էր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ մահվան մասին լուրից: Հղի կնոջը ենթարկել վրաերթի և անտարբեր հեռանալ՝ դիմել փախուստի, սա խոսում է իշխանական դաժանության, անմարդկայնության, անտարբերության մասին: Սոցցանցերը երկու օր է չեն հանգստանում, իսկ քաղհասարակությունը, գոնե դրա՝ նախկին կազմը, լուռ է։ Ինչու է լուռ եւ մի՞շտ է այսպես եղել։
Ինչո՞ւ է լռում քաղհասարակությունը
Երկու անչափահաս երեխաների հայր, երիտասարդ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում 2012-ի հունիսի 17-ին ծեծի ենթարկեցին, 12 օր անց նա այդպես էլ գիտակցության չգալով մահացավ զինվորական հոսպիտալում: Գործով անցնող վեց ամբաստանյալներին՝ ծեծողներին մեղադրանք առաջադրվեց առողջությանը դիտավորությամբ կյանքի համար վտանգավոր ծանր վնաս պատճառելու եւ անզգուշությամբ մահ առաջացնելու հոդվածով, նաեւ 4 տուժողներին ծեծելու համար: Պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մեղավորությունը փաստացի միայն ռեստորանի սեփականատեր լինելն էր, որը բժշկին ծեծի ենթարկելու ժամանակ ռեստորանում չէր եղել։ Բայց հանրային զայրույթն այնքան մեծ էր, որ նա դեպքից հետո վայր դրեց պատգամավորական մանդատը: Իսկ քաղհասարակությունը ոչ մի կերպ չէր հանգստանում․ ստեղծվեց «Վահե Ավետյան» հասարակական շարժում, «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնություն: Բազմաթիվ ՀԿ-ներ, հասարակական գործիչներ օր ու գիշեր տուն չէին գնում՝ պայքարում էին հանուն արդարության: Չնայած քրեական գործը հարուցված էր, մեղավորները հայտնի էին եւ բարոյական պատասխանատվությունն էլ ապահովված էր՝ սեփականատերը մանդատը վայր էր դրել։
Մյասնիկյանի պողոտան էին փակում, «Հարսնաքարի» մոտ շաբաթներով ակցիաներ էին անում, Ռուբեն Հայրապետյանի տան դիմաց, Ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ, որի նախագահն էր Հայրապետյանը։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, դերասան, ՔՊ-ական Արթուր Մանուկյանը, որն այժմ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ է, քաղաքական գործիչ Գարեգին Չուգասզյանը, Լեւոն Բարսեղյանը, Դավիթ Սանասարյանը եւ շատ ուրիշներ ամիսներ անգամ տարիներ շարունակ պայքարում էին՝ հանուն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների, դատապարտում էին հանցագործ իշխանություններին եւ նրա ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանին, հետեւում էին դատավարությանը, որի հետեւանքով մեղավորները 9-12 տարվա ազատազրկման պատիժներ ստացան։ Որտե՞ղ են նրանք այսօր, ինչո՞ւ են լռում:
Հղի կինը մահացել է երկրի առաջին դեմքի ավտոշարասյան խելագար արագությամբ սլանալու պատճառով: Խախտվել է մարդու` կնոջ իրավունքը, որը 2 ամսից պետք է մայրանար: Որտե՞ղ են կանանց իրավունքների մասին աղաղակող ՀԿ-ները: Մի՞թե այս մարդիկ պայքարում էին բացառապես քաղաքական փոփոխությունների համար եւ հիմա՝ հասնելով իշխանափոխության հասել են իրենց նպատակին: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ էին, անկախ նրանից թե այդ իշխանությունը ժողովրդավարական է, թե ոչ, եւ Նիկոլ Փաշինյանի կողմն են՝ անկախ նրանից մարդու իրավունքները ոտնահարվում են, թե ոչ:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, որը ջութակը ձեռքին զօր ու գիշեր նվագում էր Ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ՝ իր ազնիվ պայքարի գործն առաջ տանելով, այսօր, երբ ամեն կողմից մեղադրանքներ հնչեցին, թե՝ իրավապաշտպանները լռում են, մի անհասցե գրառում կատարեց իր էջում, թե երեկվա ողբերգական վրաերթը, որի հետևանքով 28-ամյա հղի կին է մահացել, մտածելու և վերագնահատելու առիթ է տալիս, թե ինչ արժեքներով ենք առաջնորդվում։ Ահա այն․
«Երեկվա ողբերգական վրաերթը, որի հետևանքով 28-ամյա հղի կին է մահացել, մտածելու և վերագնահատելու առիթ է տալիս, թե ինչ արժեքներով ենք առաջնորդվում։
Ովքե՞ր են արտոնյալ, ու՞մ կյանքն է կարևոր, ու՞մ կյանքն ենք պահպանում, իսկ ումն՝ անտեսում։
Տարիներ առաջ Մանվել Գրիգորյանի թիկնապահներով լի շարասյունը վրաերթի էր ենթարկել երեխայի, որը մահացել էր։ Մանվելն այդ ժամանակ գեներալ էր, նրա ճանապարհին հայտնվողը զրկվում էր կյանքից, ուրիշի կյանքը նրա համար ոչինչ էր։ Նրանք չէին կանգնում, երբ ահռելի արագությամբ սլանում էին փողոցներով ու վրաերթի էին ենթարկում մարդկանց, չկար օգնություն ցույց տալու ցանկություն, կարեկցանք։
Կարծես թե այս վերաբերմունքը պետք է փոխվեր մարդու կյանքի նկատմամբ այն ամենից հետո, ինչ կատարվեց 2018 թվականին, երբ հանրային մեծ ալիքը մերժեց բռնության մշակույթն ու կյանքի մշակույթում ապրելու ցանկություն հայտնեց, հռչակեց արտոնությունների մերժման ու մարդկանց միջև հավասարության մոտեցումը։
Բայց, ինչ ենք տեսնում մենք այսօր, կան կարևորներ և անկարևորներ, այն անձը, որին պահպանում է շարասյունը կարող է ավելի կարևոր լինել, քան նա, որին հարվածել է ուղեկցող մեքենան։ Ինչու՞ չի կանգնել շարասյունը, ինչու՞ օգնություն չի ցուցաբերել, հասցրել հիվանդանոց։
Մի՞թե նույնն է այդ իշխանություն ունեցող մարդկանց համար կատարվում, մարդիկ դառնում են ոչինչ։ Արտոնյալների թիկնազորն ու ուղեկցողները կարող են գեազանցել արագությունը, կարող են հաշվի չառնել կին է անցնում, թե երեխա՝ կուրացած այն անձի կարաևորությամբ, ով գտնվում է իրենց պահպանության տակ։ Ախ, այդ կուրությունը, որը ձեզ տալիս է իշխանությունը, ախ այդ զրահապատ կարծրասրտությունը, որը թույլ չի տալիս տեսնել ուրիշներին, նրանց, ովքեր ձեր կարծիքով անկարևոր են։
Տարիներ շարունակ հանրույթները բռնության մշակույթը հակադրում էին կյանքի մշակույթին ու ցույց տալիս իշխանություն ունեցողների անտարբերությունը մարդու կյանքի նկատմամբ։ Արի ու տես, որ իշխանության եկան ուրիշ մարդիկ, որոնք թվում էր թե այդպիսին չեն, սակայն իշխանության արտոնյալ ու անսիրտ որակը մնաց նույնը։
Հ․Գ․ Որևէ մեկս երաշխավորված չենք պատահարներից, բայց կարևոր է այն, թե ինչպես ենք վերաբերվում այդ պատահարին, քարսի՞րտ ենք, թե ոչ, օգնություն ցուցաբերու՞մ ենք մարդուն, որը տուժել է, թե ոչ, փորձու՞մ ենք նույն արագությամբ ու օպերատիվությամբ պաշտպանել մեկ ուրիշին, թե կառչած իշխանության բրգի գագաթում կանգնածներից մոռանում ենք մարդ լինելու և մարդկային մոտեցման մասին․․․»։
Գրառումը չունի հասցեատեր, նշված չէ մեղավորի անունը: Տպավորություն է, թե գրվել է հետեւյալ տողը գրելու համար․ «Որևէ մեկս երաշխավորված չենք պատահարներից»: Գրառման հեղինակը, թեպետ մեզ հետ զրույցում նշում է, որ իր համար մեկ է՝ Նիկոլ կլինի, թե Մանվել, կարևորը երևույթի մասին խոսելն է, սակայն ակնհայտ է, որ եթե հղի կինը մահանար օրինակ նախկին նախագահներից որևէ մեկի ավտոշարասյան պատճառով, բոլորովին այլ գրառում կաներ….։ Եւ ոչ միայն նա։
Ի՞նչ գրառում, ամբողջ աշխարհն իրար կխառնեին, կբղավեին, որ կնոջ իրավունքներն են ոտնահարել, սպանել ու հեռացել: Բաց հասարակությունների հիմնադրամի խորհրդի անդամ Զարուհի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասում է, որ եթե մենք իր գրառումը չենք հասկացել, ճիշտ չենք ընկալել, դա մեր խնդիրն է: Բայց նաեւ հստակ չբացատրեց, թե ինչու է քաղհասարակությունն այժմ լռում, ինչու մեղավորին մատնացույց չի անում:
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշպան Լարիսա Ալավերդյանը, որը «Վահե Ավետյան» նախաձեռնության անդամ է եղել, նշեց, որ Հայաստանում այսօր չկա քաղաքացիական հասարակություն՝ քաղաքացիական հասարակությունն այսօր վերածվել է քաղաքական հասարակության: «Հղի կնոջը սպանել են, չեն բարձրաձայնում, չեն խոսում այդ մասին: Ի՞նչ է սա նշանակում, սա նշանակում է, որ մեզանում քաղհասարակություն ասվածը 2018-ից հետո վերածվել է քաղաքական հասարակության», նշում է Լարիսա Ալավերդյանը:
Կարծիքներ