Հրապարակ մեծ թվով չգալու պատճառը Նիկոլի հանդեպ սերը չէ, պատերազմից են վախենում

Հարցազրույց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ.
- Պարեն Հովհաննիսյան, ասում են, որ բանակը չի կռվել, կամավորականները չգնացին, դա էլ եղավ պարտության պատճառ։ Դուք հավատո՞ւմ եք այս պնդումներին։
- Լավ, եթե անունը դրեցիք «Հայրենական պատերազմ», հարց չկա, մինչև վերջին մարդը կռվեինք, բայց իրենք ի՞նչ արեցին, որ մինչև վերջին մարդը կռվի, կո՞չ էին անում, թե՝ ժողովուրդ ջան, զրահաբաճկոն, սաղավարտ վերցրեք, եկեք, կռվեք։ Պետությունը կոչ չպիտի անի, պետությունը տեսնում է, որ եթե 100 հազար մարդ պետք է ֆրոնտ տանի, տանում է այդ 100 հազար մարդուն, կանչով չի տանում։ Պատերազմի առաջին օրվանից՝ ամեն երեկո, ինչ-որ կենտրոն էին ստեղծել, ինչ-որ սուտ հայտարարություններ էին անում։ Ես հիշում եմ, որ 1992 թվականին, երբ Ղարաբաղի վիճակը էլի ծանր էր, որոշում կայացվեց, որ մարդկանց 3 ամսով պիտի տանեինք, ստիպված էինք, օրենք էինք խախտում, եթե փողոցում երիտասարդ տղա էինք տեսնում ,տանում էինք 2-3 օր Քանաքեռի զորամասում կրակել էինք սովորեցնում, տանում էինք Ղարաբաղ։ Մենք դրանով փրկեցինք Ղարաբաղը։ Պետության, իշխանության խնդիրը դա է, կոչով չեն դիմում։ Եթե անունը դրել էիք «Հայրենական պատերազմ», գնայիք Հայրենական պատերազմի։
- Փաշինյանի ստորագրած հայտնի եռակողմ հայտարարությունն անշրջելի՞ է, թե հնարավոր է ինչ-որ բաներ փոխել։
- Դա կախված է այն բանից, թե մենք ինչ ենք ուզում։
- Դե, օրինակ, Մեղրիի ճանապարհի չեղարկումը։
- Ես չեմ հասկանում, թե Մեղրիի ճանապարհի գինը ո՞րն էր, դրա մասին ո՛չ Պուտինը խոսեց, ո՛չ Նիկոլ Փաշինյանը կարողացավ ինչ-որ հոդաբաշխ բացատրություն տալ․ «կոմունիկացիաները կաշխատեն․․․», դա ուղղակի հեքիաթ է։ Իհարկե, կարելի է այդ հայտարարությունը վերանայել , բայց գինը ո՞րը պետք է լինի։ Պուտինն իր հարցազրույցում ասաց, որ ինքնասպանություն կլինի, և կլինի ինքնասպանություն։
- Պուտինն ասաց, որ հրաժարվելը կլինի ինքնասպանություն։ Չհրաժարվելով հնարավոր չէ՞ ինչ-որ բան փրկել բանակցային միջոցներով։
- Եթե մենք փաստաթղթով ֆիքսում ենք, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնում են, հետո ասում են, որ Մարտակերտի այս 5 գյուղը պետք է տանք Ադրբեջանին, քանի որ դրանք ժամանակին եղել են Աղդամի շրջանի գյուղեր, դա արդեն խախտում է այդ նույն փաստաթղթի։ Կամ եթե ասում են, որ մենք Քարվաճառը պիտի ազատենք, 5+2 շրջաններ և Ղարաբաղի այն մասը, որն արդեն գրավել են, իհարկե, կարելի է այդ թղթի շուրջ բանակցել, բայց այդ թուղթն համարել անօրինական, անպետք թուղթ, փորձել այլ ճանապարհով գնալ․․․։ Այս պրոցեսի մեջ ԱՄՆ-ն, Ֆրանսիան հիմա այն թեզն են բարձրացնում, որ ստեղծված իրավիճակը, տվյալ համաձայնագիրը, որ ստորագրվել է, իրենք դեմ են, դա Ղարաբաղի նկատմամբ արդար չէ և այլն, դրանք լոկ խոսքեր են, դա կարող է նոր պատերազմ բերել, քանի որ տարածաշրջանում պատերազմը չի ավարտվել, մենք պատերազմը չենք ավարտել։ Ինչքան էլ մենք այսօր ասենք, որ ռուսական զորքերը եկել սահմանին կանգնել են, մեր ֆիզիկական անվտանգությունը ապահովում են, ինչի համար մենք իրենց շատ շնորհակալ ենք, բայց պատերազմը չի ավարտվել, և հիմա փորձել խախտել ստեղծված շատ փխրուն հավասարակշռությունը, իսկապես ինքնազոհություն կլինի, անհասկանալի հետևանքներ կարող է ունենալ։ Ես շատ վստահ եմ, որ ո՛չ Ամերիկան, ո՛չ Ֆրանսիան ոչ զորք են բերելու, ո՛չ էլ մեզ պաշտպանելու են, կարող է շատ լուրջ բանաձևեր ընդունեն՝ դատապարտող, սանկցիաներ կիրառեն Ադրբեջանի և Թուրքիայի վրա, բայց կյանքը ցույց տվեց, որ իրենք թքած ունեն այդ սանկցիաների վրա։ Այսօր գոնե մենք ունենք ֆիզիկական անվտանգության խնդիր, այսօր Ռուսաստանը դա է ապահովում։ Իհարկե, Ռուսաստանը իր խնդիրներն էլ լուծեց։ Այս պատերազմում բոլորն իրենց խնդիրները լուծեցին․ Ռուսաստանը լուծեց իր խնդիրը, Թուրքիան ու Ադրբեջանը՝ իրենցը, որպես կողմ՝ մենք կորցրեցինք ամեն ինչ։ Այսինքն՝ այդ ամենը եղավ մեր հաշվին, և եղավ մեր սխալների, բացթողումների, չհավասարակշռված, չմտածված գործողությունների հետևանքով, և այս ամենը չի ավարտվել, շարունակություն է ունենալու, ու տա Աստված՝ շարունակությունը լինի դիվանագիտական։
- Փաշինյանն ի վիճակի՞ է այդ դիվանագիտական շարունակությունը տալու։
- Ես կարծում եմ՝ ոչ։ Չի լինում այդպես, չի կարող մի մարդ, որը պարտվել է , որը ստորագրել է այդ փաստաթուղթը, փորձի ինչ-որ բաներ շտկել։ Միակ ճիշտ ճանապարհն այն է, որ ինքը նշանակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Եթե ժողովուրդը կորոշի, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, և էլի իրեն ձայն կտա, ուրեմն պիտի բոլորս լռենք, ուրեմն ժողովրդի ցանկությունն է, կա՛մ պիտի դրա հետ համակերպվենք, կա՛մ թողնենք այս երկրից գնանք։ Թող ժողովուրդը որոշի՝ ինքն ուզո՞ւմ է այսպես ապրել այս ղեկավարության պայմաններում։ Նույն մարդը չի կարող ստորագրել կապիտուլյացիայի փաստաթուղթ, հետո նույն մարդը փորձի այդ կապիտուլյացիայի հետևանքները վերացնել, դա աբսուրդ է։ Ինքը ուղղակի չի կարող, հոգեպես էլ չի կարող ։
- Փաշինյանը, կարծես թե, արտահերթ ընտրությունների միտում չունի, այդ դեպքում ի՞նչ անի ընդդիմությունը, եթե մենք ասում ենք, որ փողոցի միջոցով իշխանափոխության էջը պետք է փակել։
- Այս առճակատումը բերելու է խնդիրների շատ ավելի խորացմանը, սա խնդիրները չլուծելու ճանապարհն է, խնդիրները շատ ավելի խորանալու են։ Իշխանությունը փորձելու է ընդդիմությանը լռեցնել, ընդդիմությունը փորձելու է չլռել, այս առճակատումը երկար շարունակվելու է, փողոցներ են փակվելու, միտինգներ են անելու։ Սա անպայման լինելու է, սա անխուսափելի է։ Ինչքան այս չլուծված, չկարգավորված խնդիրը ձգվի, մեր պրոբլեմները շատ ավելի են մեծանալու, այնքան են մեծանալու, որ հետո մենք չկարողանանք որևէ խնդիր լուծել։ Երբ ես ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա՝ նշանակելով խորհրդարանական ընտրություններ, թող ի վերջո ժողովուրդը որոշի, բայց այսպես պահել, ասել, որ 6 ամիս ինձ ժամանակ տվեք, որ այս-այս կետերը պիտի անեմ, նա չի կարող անել։ Կարող է՝ շատ մեծ ցանկություն ունի անելու, կարող է՝ ուզում է իր մեղքը ժողովրդի նկատմամբ ինչ-որ կերպով քավել, բայց չի կարող։ Իսկ ընդդիմությունը մի բան պիտի հասկանա, որ ժողովրդին վստահություն տա, որ պատերազմ չի լինելու։ Կանգնում ասում են՝ մենք փաստաթուղթը պատռելու ենք, գցենք, այդպես չի լինի, ժողովուրդը վախենում է, վախը կա, որ չեղյալ համարվի այդ փաստաթուղթը։ Այնպես չէ, որ ժողովուրդը չի գալիս հրապարակ շատ մեծ քանակությամբ, քանի որ Նիկոլին շատ է սիրում, ուղղակի ասում են՝ քանի Պուտինը զորքը բերել է, Նիկոլն էլ այդ թուղթը ստորագրել է, թող պատերազմ չլինի , և դա շատ հասկանալի է։
Կարծիքներ