Պայքար են նախաձեռնում ատելության խոսքի դեմ

Պայքար են նախաձեռնում ատելության խոսքի դեմ

Հայաստանում  ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրության բարեփոխման շուրջ աշխատանքային խումբ կստեղծվի խորհրդարանում: Խումբը կգլխավորի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագահ Սարգիս Խանդանյանը: Խմբում կներգրավվեն տարբեր խմբակցություններից, ինչպես նաեւ անկախ  պատգամավորներ,  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Հարցն այսօր քննարկվեց եւ միաձայն հավանության արժանացավ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում:

Աշխատանքային խմբում ընդգրկված պատգամավորները պարտադիր չէ, որ լինեն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ:

Նախաձեռնության հեղինակն իշխանական պատգամավորներն են, հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Սարգիս Խանդանյանը, Արթուր Հովհաննիսյանը․«Պետք է հասկանանք, թե ատելության խոսքի որ մասը պետք է քրեականացվի և որ մասն ուղղակի հասարակական պարսավանքի արժանանա»,- իր  խոսում հայտնեց Խանդանյանը։ Աշխատանքային խմբի գործունեության ժամկետը նախատեսված է վեց ամիս: