Լավրովի ենթատեքստը

Լավրովի ենթատեքստը

Սոչիում այսօր սպասվում է ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում: Այն տեղի է ունենում Երեւանում ԵԱՏՄ գագաթաժողովից եւ Փաշինյան-Պուտին բանակցություններից հետո: Մամուլն արդեն իսկ ուշադրության է առել հանգամանքը, որ Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների երկու հանդիպումների մասին տեղեկատվության մեջ Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկման վերաբերյալ հիշատակում չկա: Դա չի նշանակում, սակայն, թե հարցը շրջանցվել է:

Այսպիսի եզրակացության կարելի է գալ՝ ծանոթանալով հոկտեմբերի 2-ին Սոչիում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ԼՂ կարգավորմանն առնչվող հայտարարությանը, որից պարզ հասկացվում է, որ Ռուսաստանը միանշանակորեն մերժում է  «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայեցակարգը եւ բանակցային գործընթացում փակուղային իրավիճակի պատճառ է համարում Հայաստանի դիրքորոշման կոշտացումը:

Թեմայի շրջանակներում ՌԴ արտգործնախարարն իրեն թույլ է տվել Հայաստանը համեմատել Ալբանիայի հետ, որտեղից պաշտոնական տեսակետ է հնչել, թե Կոսովի միավորումը միայն ժամանակի խնդիր է: Ռուսաստանն, ինչպես հայտնի է, միանշանակորեն սատարում է Սերբիայի տարածքային ամբողջականությանը: Այս նկատառմամբ ԼՂ հարցում Հայաստանի եւ Կոսովոյի դեպքում Ալբանիայի մոտեցումների նույնականության մասին ՌԴ արտգործնախարարի ընդգծումը կարելի՞ է ընկալել այնպես, որ Ռուսաստանը ենթատեքստով աջակցություն է հայտնում Ադրբեջանին:

Իսկ եթե այդպես չէ, ապա ի՞նչն է ստիպել, որ Լավրովը նման համեմատություն անի: Այն, որ Սերբիայից Կոսովոյի անջատումն արեւմտյան նախագիծ է եւ Ալբանիայի հետ միավորման հեռանկարը նույնպե՞ս: Բայց սա արդեն թափանցիկ ակնարկ է, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայեցակարգը նույնպես արեւմտյան նախագիծ է: Եթե այս ընկալումն է Լավրովի հայտարարության դրդապատճառը, ուրեմն Լեռնային Ղարաբաղի խնդիրը Մոսկվան համարում է գրեթե սեփական «անվտանգության հարց»: Այս պարագայում Պուտին-Ալիեւ այսօր կայանալիք բանակցությունները կարող են շատ նշանակալի լինել: Այդ մասին Պուտինը Երեւանում Փաշինյանին ինչ-որ բան ասե՞լ է: