Քաղաքացին մետաղյա վզնոցները գրավադրել է որպես ոսկյա

Քաղաքացին մետաղյա վզնոցները գրավադրել է որպես ոսկյա

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Դավիթ Արմենի Աթաբեկյանի դատաքննությունը, նրան մեղադրանք է առաջադրվել արծաթյա և ոչ թանկարժեք այլ մետաղների համաձուլվածքով վզնոցներ ու ապարանջանները ոսկու շերտով պատելով՝ որպես ոսկյա զարդեր գրավադրել է տարբեր բանկերում։

Ըստ մեղադրական եզրակացության՝ նա քննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք է բերել թվով 6 կտոր արծաթյա և ոչ թանկարժեք մետաղի համաձուլվածքով վզնոցներ և ապարանջաններ՝ պատված ոսկու հաստ շերտով և ունենալով կեղծ ոսկյա զարդերի որակի, արժեքի և այլ հատկությունների վերաբերյալ տեղեկություններ, խոշոր չափերով խարդախություն կատարելու միասնական դիտավորությամբ, որոշել է դրանք իր ծանոթ և մտերիմ անձանց օգտագործելու միջոցով, որպես ոսկյա զարդեր գրավադնել տարբեր բանկերում, ստանալ գումարներ, իսկ հետագայում չկատարելով վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները խաբեության եղանակով հափշտակել ստացված գումարները՝ կազմակերպություններին պատճառել խոշոր չափերի գույքային վնաս:

Այդ նպատակով Դավիթ Աթաբեկյանը ոսկյա զարդերը հանձնել է քեռուն՝ Կարեն Պողոսյանին, ընկերոջը՝ Արայիկ Օհանյանին, իր ծանոթներ՝ Լիլիթ Մաթևոսյանին, Սաթիկ Գրիգորյանին և կնոջը՝ Ռոզա Քոչարյանին՝ նրանց վստահեցնելով ինչպես գրավադրվող զարդերի ոսկյա լինելու, այնպես էլ՝ վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունը նրանց փոխարեն պատշաճ կատարելու հանգամանքի մասին։

Տեղում գրավատուները, որպես վարկային պայմանագրով ստանձնած առաջին ամսվա պարտավորություն, վճարել են ընդհանուր 140.305 ՀՀ դրամ, իսկ մնացած՝ ընդհանուր 4.662.695 ՀՀ դրամ գումարը հանձնել են Դավիթ Աթաբեկյանին, ով ստանալով այդ գումարը՝ խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերով՝ 2.996.484 ՀՀ դրամ գումար: