Լինել ընդդիմադիր, չի նշանակում բոլոր ընդդիմադիր շարժումներին միանալ

«Հրապարակի» զրուցակիցը Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանն է: Նկատենք, որ Մարությանը հայտարարել է կուսակցություն հիմնելու մասին` «Նոր ուժ» անվանումով, որի անդամներից է լինելու Գրիգոր Երիցյանը:
- Տեղեկություններ կան, որ պետռեգիստրում ձգձգում են նոր կուսակցությունների գրանցման գործընթացը և հենց այդ պատճառով «Նոր ուժ» կուսակցությունը ամիսներ շարունակ չի գրանցվում:
- Օրենքով նախատեսված կարգով փաստաթղթերը ներկայացրել ենք և սպասում ենք պատասխանին, դեռևս մեզ չեն տեղեկացրել որևէ խնդրի, խոչընդոտների մասին: Բայց ճիշտ եք, մայիսին ենք ներկայացրել թղթերը և մինչ օրս չկա պատասխան, գործընթացն իսկապես երկար է տևում: Ամեն դեպքում՝ կարծում եմ` արհեստական խոչընդոտ չեն ստեղծի: Բայց իմանալով իշխանություններին, չեմ էլ բացառում, որ նման գործողություններ կարող են լինել:
- Թեպետ դեռևս կուսակցությունը որպես այդպիսին չի հիմնադրվել, սակայն ի՞նչ աշխատանքներ եք կատարում, հանդիպումներ, քննարկումներ ունենո՞ւմ եք:
- Իհարկե, պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, հատկապես Երևանի ավագանու գործունեության վերաբերյալ, սակայն այժմ արձակուրդային շրջան է, հանդիպումներն այս պահի դրությամբ կան, բայց պասիվ են: Քննարկում ենք ներքին քաղաքական տարբեր հարցեր, հատկապես մայիս-հունիս ամիսներին բավականին ակտիվ էր ներքաղաքական կյանքը և մենք այդ մասին ունեցել ենք քննարկումներ:
- Ի դեպ` հաճախ են Հայկ Մարությանին և իր թիմին մեղադրում ընդդիմադիր շարժումներին չաջակցելու մեջ: Ասում են, եթե ընդդիմադիր եք, ինչո՞ւ Բագրատ սրբազանի շարժմանը չեք աջակցում: Անտարբեր եք, թե՞ պարզապես ձեզ չեք տեսնում ընդդիմադիրների կողքին:
- Եթե միանալու լինեինք` կմիանայինք, բայց նման նպատակ չենք ունեցել և չունենք: Հաշվի առնելով, որ այդ շարժումը ղեկավարում էր հոգևորական, մենք որպես թիմ, կուսակցություն հոգևորականի հետ միան հոգևոր հարցեր կարող ենք քննարկել, բայց ոչ քաղաքական, միևնույն ժամանակ հարթակից հնչող հայտարարությունները մեր արժեհամակարգին ու գաղափարներին դեմ են, այդ պատճառով էլ չենք միանում: Լինել ընդդիմադիր, չի նշանակում բոլոր ընդդիմադիր շարժումներին միանալ: Մենք ունենք մեր գաղափարախոսությունը, տեսլականը, իսկ այդ շարժման ոչ բոլոր մասնակիցներն են փաստացի կիսում այդ տեսակետները: Մենք նաև հստակ հայտարարել ենք, որ մերժում ենք նախկիններին և ներկաներին: Տեսանելի է, որ շարժման շուրջ հավաքված են մարդիկ, ովքեր նախկին իշխանություններից են, ինչը մեզ մտահոգում է: Ամեն դեպքում ես ուզում եմ նաև ասել, որ հարգանքով ենք վերաբերում շարժմանը, սակայն մենք մեր հարցերի պատասխաններն այնտեղ չենք գտել` վարչապետի, արտահերթ ընտրությունների, տեսլականի մասով և այլն: Մի շարք խնդիրներ ու հարցեր ունենք, որոնք ոչ մենք ստացանք, ոչ էլ շարժմանն ակտիվ աջակցողները: Դրա համար էլ քիչ-քիչ մարեց շարժումը: Մենք աջակցում ենք այն մտքին, որ Հայաստանում պետք է իշխանափոխություն տեղի ունենա, դա պետք է լինի արտահերթ ընտրությունների միջոցով, սակայն ինչպես տեսանք` շարժման օրակարգում նման հարց չկար: Հստակ է, որ այնտեղ ոչ մեկը արտահերթ ընտրություններով հետաքրքրված չէ, այլ ուղղակի տարբեր ուղիներով ձգտում են իշխանության: Մեզ համար շատ կարևոր է, որ ցանկացած իշխանափոխություն լինի ընտրությունների միջոցով:
- Քանի որ ձեր կուսակցությունը դեռ նոր է, անգամ գրանցված չէ, ծանոթ չենք գաղափարախոսությանը, Դուք նշում եք, որ սրբազանի շարժումը դեմ է ձեր գաղափարներին: Իսկ ի՞նչ գաղափարներ ունեք դուք:
- Մեր կուսակցությունը սոցիալ-դեմոկրատական կուսակցություն է, ինչը եկեղեցուց անջատում է ակնկալում, քանի որ քաղաքական կուսակցություն է: Առհասարակ բոլոր կուսակցությունները պետք է հավատարիմ լինեն այն սկզբունքին, որ քաղաքականությամբ զբաղվել` նշանակում է ծավալել աշխարհիկ գործունեություն: Մենք արտաքին քաղաքականության մեջ էլ եվրոպական ուղղությանն ենք մեծ ուշադրություն դարձնում` եվրաինտեգրմանը, այնուամենայնիվ հստակ է, որ հարթակում կանգնած մարդիկ պահպանողական, ռուսամետ ուժեր են, այդ մասով էլ որևէ գաղափարական հետաքրքրություններ ունենալ չենք կարող: Տնտեսության հետ կապված մեր հայացքները ևս տարբերվում են հարթակում կանգնած ուժերի գաղափարախոսությունից և առհասարակ բացառում ենք հանրության շրջանում ատելություն տարածելը, մանիպուլյացիներ անելը և այլն: Այսօր գործող իշխանությունները հանրությանն ամեն օր տանում են առավել պառակտման, առհասարակ երկու կողմն էլ իրավիճակն ավելի սրում է, այդ պատճառով ստեղծել ենք նոր ուժ և անունը դրել «Նոր ուժ»: Մենք ուզում ենք ձևավորել մի քաղաքական ուժ, որը ներկա-նախկին խոսույթի շուրջ չի պտտվի: Արժանի, գիտակ, կարող ուժերը պետք է փոփոխություններ բերեն մեր պետությանը: Ցավոք, այսօր առկա միջավայրում դա հնարավոր չէ: Մեզ համար ընդունելի չէ այն օրակարգը, որն այսօր ասպարեզ է նետում իշխանությունը` Արցախի հարցով, արտաքին քաղաքականության մեջ և այլն:
- Բայց նշում եք, որ արտաքին ուղղվածությունը տեսնում եք դեպի Եվրամիություն, ՔՊ-ն էլ է այդ ուղղությունը որդեգրել` ԵՄ անդամ դառնալու:
- Եվրաինտեգրման մասով հակված ենք այն մտքին, որ իշխանությունները միայն այդ մասին խոսում են, խոսում ու վերջ: Խոսում են Արևմուտքի հետ կայուն հարաբերություններ ստեղծելու մասին, բայց ոչ մի գործուն քայլ չի արվում նրանց կողմից: Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ պետություն, շարունակում է լինել Եվրազեսի ակտիվ անդամ, Հայաստանում գործում է ռուսական ռազմաբազան, իսկ տնտեսությունն էլ շարունակում է կախված մնալ Մաքսային միությունից: Այնպես որ հայտարարություններ անելու բացի ոչ մի իրական քայլ չի արվում այդ մասով: Ի դեպ, ցանկացած փորձագետ կարող է փաստել, որ այս պահին նման հանրաքվեի կարիք չկա, քանզի հանրաքվե իրականացվում է այն ժամանակ, երբ բանակցություններն ավարտվում են և ստանում` հստակ լեզվով հրավեր: Նման հրավեր չի եղել, այնպես որ հանրաքվեի մասին խոսելը ևս նեղ շահերից ելնելով պոպուլիստական հայտարարությունների կոնտեքստում է: Փորձում են նման իմիտացիա ստեղծել, Սամանթա Փաուերի այցից և նման փոքրիկ գումարի տրամադրումից հետո կարծում եմ քաղաքական մեսիջը պետք է որ իշխանությունները հասկացած լինեին: Դրական միայն մեկ բան կարող եմ նշել` Ֆրանսիայի հետ համագործակցությունը` ռազմամթերքի մասով:
- Շատ է խոսվում արտահերթ ընտրությունների մասին: Եթե այն տեղի ունենա, մասնացելո՞ւ է «Նոր ուժ»-ը:
- Այո, եթե տեղի ունենա, անպայման մասնակցելու ենք: Մենք հենց ընտրությունների գաղափարի կողմնակիցն ենք, այն քաղաքական ճգնաժամը լուծելու լավագույն տարբերակն է: Քաղաքացիների տրամադրությունները ստուգելու և լեգիտիմ իշխանություն ձևավորելու միակ տարբերակը դա է:
Կարծիքներ