Այդ կոնցեպտն իր հիմքում ունի ոչ թե տարածքներ խաղաղության դիմաց, այլ տարածքներ՝ հրադադարի դիմաց 

Այդ կոնցեպտն իր հիմքում ունի ոչ թե տարածքներ խաղաղության դիմաց, այլ տարածքներ՝ հրադադարի դիմաց 

Երեկ այս ընթացքում արդեն 2-րդ անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, քննարկման օրակարգում կրկին պատերազմն է եղել։ Հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնում էր կուսակցության առաջնորդ Նարինե Դիլբարյանը։ Նրան մի քանի հարցեր ենք ուղղել։ 

- Ընդդիմադիր կուսակցությունների՝ վարչապետի հետ երեկվա հանդիպման ժամանակ «տարածքներ հանուն խաղաղության» կոնցեպտ առաջարկվե՞լ է ընդդիմությանը։

- Հանդիպումը տեղեկատվական էր, մենք պայմանավորվել ենք, որ տեղեկությունների արտահոսք չի լինելու, բայց անկախ այդ հանդիպումից, ակներև է, որ այսօր արտաքին քաղաքական օրակարգում, հատկապես Ռուսաստանի կողմից, առաջ է մղվում այդ փաթեթը, և Ալիևի հետ հանդիպման ընթացքում, ըստ ամենայնի, քննարկվել են ինչ-որ այդպիսի հարցեր։ Կարծում եմ, որ նախորդ ուղերձը, որով Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հանդես եկավ, և այնտեղ նշեց, որ մեզ առաջարկում են «տարածքներ խաղաղության դիմաց», այդ արտահայտությունը, ինքնին հասկանալի է, որ արտաքին քաղաքական այսօրվա օրակարգում Ռուսաստանի կողմից առաջ է մղվելու։ Արդյոք այն Ադրբեջանի կողմից առա՞ջ է մղվում, ես դժվարանում եմ ասել, որովհետև տեղեկություններ չկան, պարզ չէ, թե այդ կոնցեպտին ինչ գնահատական են տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահները՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ըն, այդ հստակեցումը չեն կատարել, այդ հանդիպման ժամանակ մենք ևս փորձեցինք ճշտել, բայց այդ գծով տեղեկություն չկա, ուստի, ես կարծում եմ, որ այն ուղերձը, որ հայրենական պատերազմ է, և Սարդարապատ է, ամեն ինչ բանակի, ամեն ինչ Արցախի և հաղթանակի համար, և երբ մենք չունենք տարածքներ հրադադարի դիմաց, ես կարծում եմ` այս կոնցեպտն իր հիմքում ունի տարածքներ ոչ թե խաղաղության դիմաց, այլ տարածքներ հրադադարի դիմաց։ Մենք չենք կարող դրան համաձայն լինել, ես կարծում եմ՝ և՛ քաղաքական, և՛ հանրային դաշտում բոլորը պետք է միավորվեն այդ նպատակի շուրջ, որ հաղթանակը մարտական դաշտերում՝ անկախ մեր կրած որոշ պարտություններից և անկախ մեր կորուստներից.․․։ Բոլոր կորուստները վերականգնելի են, եթե կա քաղաքական կամք ու մարտնչելու կամք։ Սա պատերազմ է, որտեղ տարածքները ձեռքից ձեռք են անցնում, եթե մենք համախմբենք մեր ուժերը, ապա այդ ներուժը կա։ Ծայրահեղ դեպքում կարող ենք նաև ճանաչել Ղարաբաղը և բոլորս զինվորագրվել այդ հաղթանակին, որովհետև տարբեր շրջանների մասին է խոսվում, հանձնվելու է ընդհանրապես ամբողջ Արցախը, և պարզ չի լինի, թե Հայաստանն ինչպիսի կարգավիճակ է ունենալու։ «Ժառանգության» դիրքորոշումը միանշանակ է, որ թշնամին նենգ է, մեզ առաջարկում են որոգայթ, ծուղակներ, և պետք է այս ծուղակներից հնարավորինս զերծ մնալ, ամուր լինել։

- Դուք Ձեր այս դիրքորոշումն այնտեղ հայտնելու հնարավորություն ունեցա՞ք։

- Հնչել է շատ կարճ, որովհետև հանդիպումը, ինչպես ձևակերպեց վարչապետը, տեղեկատվական էր, մենք միայն ճշգրտող հարցեր ենք տվել, բայց հնարավորություն եղավ 1-2 առաջարկությամբ դիմելու, վարչապետի վիճակը ևս բարդ է, ինքը նշեց, որ իր կարգավիճակում ավելի պատասխանատու է նման որոշումներ կայացնելը, բայց ինքը հրավիրել էր որոշ իրողություններ բացելու համար, որպեսզի չստեղծվի այն թյուր տպավորությունը, թե  իշխանությունը փորձում է այսպես կուսակցությունների՝ խորհրդարանական, թե արտախորհրդարանական․․․ այսինքն՝ ներկայացվել է իրավիճակը, մենք պայմանավորվել ենք հստակ ինչ-որ տեղեկություններ չտարածել, որովհետև դրանք թեական են, ես խոսում եմ քաղաքական օրակարգի և մեր դիրքորոշման մասին, որը հետևյալն է, որ այսօր առաջարկվող այդ լուծումը, ըստ որի տարածքներ թվացյալ խաղաղության, բայց իրականում կարճատև հրադադարի համար, իսկ այդ հրադադարի ժամանակ թշնամին կարող է վերադասավորումներ անել, մենք պետք է դրանից խուսափենք։

-Այն իրադրությունը, որը Ձեզ ներկայացրել է վարչապետը, տարբերվո՞ւմ է այն իրադրությունից, որը ներկայացվում է հանրությանը։

- Իր ուղերձում ներկայացվեց այն մասին, որ մենք կորուստներ ունենք, լայն առումով Փաշինյանի կողմից դա ներկայացվում է հնարավորինս։ Ես կարծում եմ` չափազանց հուսահատեցնող տեղեկություններն էլ փոփոխվող մարտադաշտում պետք չեն:

- Նման «հուսահատեցնող» տեղեկություններ հնչե՞լ են այդ հանդիպման ժամանակ։

- Ոչ, մենք այդպես հուսահատվողներից չենք։

- Ձեր ներկայացրած դիրքորոշումները համընկնո՞ւմ էին Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումներին։

- Դրանք Նիկոլ Փաշինյանի կողմից քննարկելի էին։