Նախկինում նրանց առաջ ԽՍՀՄ տոտալիտար մեքենան էր, հիմա` փաբերից եկած անհասկանալի կերպարներ

Քաղաքագետ Կարեն Քոչարյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Այն ինչ չստացվեց 2021թ գարնանը անհրաժեշտություն է դարձել այսօր: Կոչ եմ անում Երրորդ Հանրապետության երեք նախագահներին, բոլոր հականիկոլական վարչապետներին, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդներին մի կողմ դնել բոլոր նախկին նեղություններն ու թշնամությունները, բոլոր ամբիցիաները և միավորվել մեկ նպատակի շուրջ՝ փրկել Հայաստանից մնացած հատվածը և գրողի ծողն ուղարկել ԱԶԳԱԿՈՐԾԱՆ ՊԱՏՈՒՀԱՍ ԴԱՎՍՃԱՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵՐԻՆ:
Հ.Գ. Հիմա ողջ պրոբլեմը նրանում է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները փորձում են Նիկոլին քսել Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները սրանց փորձում են քսել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Մի արեք նման բաներ: Հիմա դրա ժամանակը չէ: Բոլոր ռազբորկաները հետո կանեք»:
Մենք կապ հաստատեցինք քաղաքագետի հետ` հասկանալու համար, թե կոնկրետ ի՞նչ ի նկատի ունի միավորվել ասելով և ինչպես է պատկերացնում իր իսկ ասած միասնական պայքարը:
- Նշել եք, որ այն, ինչ չստացվեց 2021-ի գարնանը, անհրաժեշտություն է դարձել այսօր: Հավանաբար նկատի ունեք առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն առաջարկը, որ պետք է նախկին երեք նախագահները միավորվեն ու տապալեն գործող վարչակարգը, չակնկալելով իշխանություն:
- Այո, հենց դա էի նշել: Չկա այլևս քաղաքականություն, կա` ազատագրական շարժում, ինչպես 88-ին էր: Իրենք բոլորն էլ այդ մասին խոսել են: Հիմա եկել է ժամանակը, թող միանան: Ասածս դա է: Այն ռեսուրսները, որ նախկին երեք նախագահներն ունեն, ոչ ոք չունի, թե քաղաքական, թե արտաքին քաղաքական առումներով, կազմակերպչական, ֆինանսական, բոլոր առումներով:
- Հիմա ի՞նչ պետք է անեն նախկին նախագահները: Նրանց միասնական պայքարն ինչպե՞ս եք պատկերացնում:
- Պետք է օգտագործեն իրենց բոլոր ռեսուրսները: Իրենք բոլորն էլ դրա ձևերը լավ գիտեն, իրենք են դա սկսել դեռ 1988-ին և հասել հաջողության: Ընդ որում, եթե առաջ իրենց առջև կանգնած է եղել մի ողջ խորհրդային տոտալիտար մեքենա, ապա հիմա իրենց դեմ կանգնած են ինչ-որ փաբերից եկած, անհասկանալի կերպարներ:
- Իսկ գուցե հասարակությունը նախկին նախագահներից որևէ մեկին չի՞ վստահում:
- Դրան էլ ձև կա: Եթե հայտարարեն, որ իրենք այլևս չեն մնալու, որ հենց Նիկոլ Փաշինյանը գնաց իրենք ևս չեն ձգտելու իշխանության, կարծում եմ` կստացվի: Հազար ու մի ձև կա:
Կարծիքներ