Հայաստանի ամենամեծ խնդիրը մարքեթինգն է

Հայաստանի ամենամեծ խնդիրը մարքեթինգն է

Հոկտեմբերի 15-ին եւ 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Բարեփոխելով աշխարհը» խորագիրը կրող հեռուստահաղորդումների եւ կինոյի փառատոն՝ նվիրված մարդասիրական խնդիրներին։ 

Ավելի քան 2 հազար հայտից փառատոնի ընտրող հանձնաժողովը, որի կազմում հայտնի կինոգործիչներ են, կինոարտադրության եւ հեռուստատեսության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներ, ընտրեց լավագույններին՝ հինգ անվանակարգում։ «Հատուկ ռեպորտաժ» անվանակարգում ցուցադրվեց նիդերլանդական «Ահաբեկչություն՝ վախի աղբյուր» ֆիլմը։ Ռեժիսոր Քամիել Ցվարտը փորձում է հասկանալ, թե ինչը կարող է պատասխան լինել ահաբեկչության աճող վախին, որը պարուրում է Եվրոպան, եւ ինչպես կարող է նա՝ նորաթուխ հայրը, կանխել սեփական վախի փոխանցումը նորածին որդուն:

Լավագույն վավերագրական լիամետրաժ ճանաչված «Բուրկինաբեի վերելքը․ դիմադրության արվեստը Բուրկինա Ֆասոյում» ֆիլմը ներկայացնում է Արեւմտյան Աֆրիկայում գտնվող փոքր երկրում արվեստագետների, երաժիշտների եւ ակտիվ քաղաքացիների կենսունակ մի համայնք, որը Թոմաս Սանկարայի հեղափոխական ոգու կրողն է։ «Վավերագրական կարճամետրաժ ֆիլմ եւ ռեպորտաժ» անվանակարգում ցուցադրվեց Խավիեր Չակոնի հեղինակած՝ ընդամենը 8 րոպե տեւողությամբ «Ուխտասար»-ը՝ ամփոփ հայացք Լատինական Ամերիկայի ամենավտանգավոր եւ ամենամեծ գետտոներից մեկում ապրող երեխաների կյանքին եւ երազանքներին։ «Հեռուստաշարք» անվանակարգում լավագույնը ճանաչվեց «Գետտոյում ծնված եւ մեծացած» շարքը՝ Քենիայից, որը ստեղծել է Յոհան Մոթելսոնը։ 

2018-ի գարնանը Հայաստանում թավշյա հեղափոխության եւ խաղաղ ցույցերի մասին է պատմում Սերգեյ Սարկիսովի «Ընտրությունը» վավերագրական ֆիլմը։ 

Փառատոնի հատուկ ցուցադրությունը Քենեթ Քարլսոնի «Նուբայի սիրտը» ֆիլմն էր, որը պատմում է 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինայի մասին, ով անձնուրաց ծառայում է Սուդանի` պատերազմից ավերված Նուբա լեռներում բնակվող մոռացված մարդկանց կարիքներին։ 

«Բարեփոխելով աշխարհը» խորագիրը կրող հեռուստահաղորդումների եւ կինոյի փառատոնի շրջանակում տեղի ունեցավ նաեւ IHTFF համաժողովը, որի առանցքային թեմաներն էին՝ ինչպես Հայաստան բերել խոշոր հեռուստա եւ կինոարտադրողներին եւ ինչպես արտահանել սեփական արտադրանքը։ Բանախոսներն էին՝ ռեժիսոր, պրոդյուսեր, Associated Television International ընկերության հիմնադիր Դեյվիդ ՄկՔենզին (ԱՄՆ), պրոդյուսեր, ռեժիսոր, Bitz Films-ի նախագահ Սերգեյ Սարկիսովը (Ռուսաստան), Academy Films ընկերության տնօրեն Արամ Թորոսյանը, POPSTAR! հեռուստաալիքի փոխնախագահ Ջեյքոբ Մեյբերին (ԱՄՆ)։  

Դեյվիդ Մկքենզին իր խոսքում ընդգծեց, որ ուզում են ստեղծել ֆիլմադարան, որպեսզի ֆիլմարտադրությամբ զբաղվող ռեժիսորներն իմանան, թե Հայաստանում որտեղ կարելի է ֆիլմեր նկարել՝ լինի դա ամրոց, թե որեւէ այլ բնական տեղանք։ Ըստ նրա՝ սա կօգնի նաեւ տնտեսության զարգացմանը։ «Մոտակա ամիսների ընթացքում մենք որոշակի քանակի տեխնիկա ենք ներկրելու Հայաստան, որն առավել դյուրին կդարձնի ամերիկյան ընկերությունների աշխատանքն այստեղ։ Միգուցե դրանք կենսական նշանակության բաներ չեն, բայց մենք ուզում ենք, որ ֆիլմարտադրողները գոհ մնան այստեղ անցկացրած աշխատանքային օրերից եւ դրամական փորձ ունենան»,- ասում է Մկքենզին ու հավելում, որ ֆինանսապես քաջալերելու են նաեւ այն մարդկանց, ովքեր սցենար կներկայացնեն Հայաստանի դիցաբանության մասին, մեր երկիրը ճանաչելի կդարձնեն աշխարհում։ 

Դեն Գոլդմենը, ով աշխատել է Հայաստանում եւ երկու ծավալուն նախագիծ իրականացրել, ասում է, որ այստեղ անցկացրած ամիսների ընթացքում որոշակի տարբերություններ է նկատել, բայց մի բան կա, որ համընկնում է այլ երկրներում իր փորձի հետ՝ հանդիպում են մարդկանց, որոնք հասկանում են կինոյի լեզուն եւ խոսում այդ լեզվով։ Նա ընդգծում է, որ Հայաստանում հոյակապ հնարավորություններ կան ֆիլմարտադրության համար, կարող ես գտնել այնպիսի տեղանքներ, որոնք նման են Փարիզին կամ Նյու Յորքին։ 

«Ես 7-րդ անգամ եմ Հայաստանում։ Ինձ համար ամենամեծ մարտահրավերն այն էր, որ ամերիկացիները չգիտեն, թե որտեղ է Հայաստանը, չգիտեն, թե որքան ապահով, զարգացած եւ հյուրընկալ երկիր է սա»,- ասում է Ջեյքոբ Մեյբերին ու կարեւորում Հայաստանի մասին ինֆորմացիայի տարածումը։ «Հայաստանն ամեն ինչ ունի, հարկավոր են միայն պրոդյուսեր եւ ռեժիսոր»,- ասում է նա եւ հավելում, որ հանդիսատեսը ֆիլմը դիտելուց առաջին հերթին հետաքրքրվում է, թե որտեղ է այն նկարվել։ Իսկ ռեժիսորները հոգնել են Հոլիվուդից եւ նոր երկրներ ու տեղանքներ են ուզում բացահայտել։ Հայաստանը կարող է դառնալ այդ երկրներից մեկը։   
Բանախոսները նկատում են՝ հրաշալի կլիներ, եթե Հայաստանը լոկացիաների էքսպոյին մասնակցեր եւ ցուցադրեր իր տեղանքներն ու վայրերը։ Դա, մի կողմից, կլուծեր տնտեսական խնդիրը, մյուս կողմից՝ ֆիլմարտադրության։ 

Academy Films ընկերության տնօրեն Արամ Թորոսյանի կարծիքով՝ կինոարտադրության եւ հեռուստահաղորդումների շուկան բավականին մասնատված է։ Պետք է կոնկրետ քայլեր անել։ «Կստեղծենք պրոդյուսերական ընկերությունների միավորում կամ ակումբի նման մի բան, որպեսզի մեծ քանակի պրոյեկտներ միասին անենք՝ մեկս մյուսին աջակցելով, միմյանց պորյեկտներից տեղյակ լինենք, հնարավորինս իրար օժանդակենք, հատկապես արտերկրում ցուցադրելու եւ ներկայացնելու ուղղությամբ։ Դրա կարիքը կա։

Բացի այդ, մենք խնդիր ունենք մի քիչ ավելի ներկայանալի դառնալու մասով»,- ասում է նա ու հավելում, որ ընդհանրապես Հայաստանի ամենամեծ խնդիրը մարքեթինգն է եւ մեր երկիրը տարբեր ոլորտներում ճիշտ ներկայացնելը։

«Հիմա մեր ընկերության կողմից ստեղծվում է Հայաստանի խոշոր լոկացիաների (տեղանքների) բազան, որոշ ժամանակ կկարողանանք արդեն կիսվել մեր նյութերով, այդ թվում՝ վիդեոնյութերով։ Բացի այդ, մենք պետք է ստեղծենք Հայաստանում առկա նկարահանման տեխնիկայի, սարքավորումների ռեեստր։ Այդ պարագայում ռեժիսորն իր մի քանի դերասանների հետ կարող է գալ Հայաստան, որտեղ մնացած ծառայությունների ամբողջական փաթեթն իրեն կտրամադրվի, որը հիմա մենք անում ենք տեղում։ Քանի որ ծառայությունների փաթեթ է, նկարահանումներ մատուցելու ծառայությունների տեսակետից գոնե պետք է կարողանանք այդ փաթեթն ազատել ԱԱՀ-ից, ինչպես, օրինակ, արվում է տուրիզմի ոլորտում։ Դեռ չենք դիմել կառավարությանը, հիմա օրենքի նախագիծ է մշակվում, այդ նախագծի շրջանակում նաեւ այս հարցով քննարկումներ կան»,- ասում է նա ու կարեւորում այս ոլորտի զարգացումը, քանի որ կինոարտադրության ոլորտը մուլտիպլիկատիվ էֆեկտ է տալիս։ 

«Մի ֆիլմի շուրջ հավաքվում են առնվազն 50-100 մարդ, կողքից դրան գումարվում են բավականին մեծ ծառայություններ։ Մենք պետք է սա հստակ հաշվարկենք կառավարության ներկայացուցիչների հետ։ Եթե ԱԱՀ-ից ազատվեց, եւ կառավարությունն ուղիղ եկամուտ չստացավ, բայց պետք է հաշվի առնել, թե անուղղակի ձեւով ինչքան եկամուտ կստանա մեր բյուջեն, որովհետեւ, եթե ֆիլմերի կոնկրետ քանակն այստեղ ավելանա, վստահ եմ, որ օգուտ անպայման կլինի»։