Բուհերի, գիտահետազոտական ինստիտուտների միավորումը խայտառակություն է

Բուհերի, գիտահետազոտական ինստիտուտների միավորումը խայտառակություն է

Օրեր առաջ Գործադիրը հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Արմատական բարեփոխումները կրթության ոլորտում մեկնարկելու են բուհերի միավորմամբ եւ ավարտվելու են ակադեմիական քաղաքի ստեղծմամբ, որը դեռ մեկ տարի առաջ շրջանառել էր Նիկոլ Փաշինյանը. «Արմատական բարեփոխումների մեջ պետք է առանձնացնել նաեւ, ըստ ուղղությունների, պետական բուհերի խոշորացումը, գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորումը, հետազոտությունների որակի եւ մրցունակության բարձրացման, ինչպես նաեւ արդյունավետ սերընդափոխության նպատակով բուհերի խոշորացման ծրագրի շրջանակներում բուհերի կառավարման համակարգի վերանայումը: Կստեղծվեն 100 տոկոս պետական ֆինանսավորմամբ 5-8 բուհ` չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը»,-զեկուցել էր կառավարության նիստում ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։

Գրականագետ Դավիթ Գասպարյանն անդրադառնալով կառավարության ձեռնարկած կրթական բարեփոխումներին, մեզ հետ զրույցում նկատեց․ «Ստեղծելուն՝ չեմ հավատում, իսկ քանդելուն՝ հավատում եմ։ Ավելին՝ քանդելու գործընթացն արդեն մի քանի տարի է մեր աչքի առաջ է տեղի ունենում։ Ակադեմիան իր տեղում, բնականոն գործում է, այլ բան, որ հատկացումները ավելին լինեն, որ գիտնականը իրեն չքավորի վիճակում չզգա եւ ապահովի իրեն արժանապատիվ կենցաղ։ Գիտահետազոտական ինստիտուտները պետք է   մնան այնպես, ինչպես ստեղծվել են։ Ես լսեցի, որ մտայնություն կա նաեւ որոշ ակադեմիական ինստիտուտներ միավորել, դա մեծ խայտառակություն է․ Գրականության ինստիտուտն առանձին պետք է լինի, Լեզվի ինստիտուտը՝ առանձին, Արվեստի ինստիտուտը՝ առանձին։ Մենք հասել ենք այսպիսի արդյունքների, բայց, եթե հիմա միավորենք՝ ինչքան հետ գնացինք՝ էլի պարտություններով հետ ենք գնալու։ Մենք անընդհատ պարտությունների ու կորուստների մեջ ենք։ Ու սա կլինի մեր հերթական, ու արդեն գաղափարական ոլորտում կրած պարտությունը, որը պետք է կասեցնել։ Դեմ եմ բուհերի միավորմանը, ի՞նչ է նշանակում բուհերը միավորել։ Դպորցները միավորեցին, հիմա էլ բուհե՞րը․․․այսպես կամաց- կամաց ավարտվում ենք։ Սա մեր ողբերգությունն է»։

Գրականագետը բերում է Չեչնիայի օրինակը, որտեղ այս տարի բացվելու է 12 դպրոց, որոնցից ամեն մեկում սովորելու է 1200 աշակերտ, ինչը չես ասի մեր դեպքում․ «Չեչնիան ծաղկում է, դպրոցներ է բացում, իսկ մենք միավորենք, փակենք, չես հասկանում ի՞նչ են ուզում այս փոքր երկրից այդ փոքր մարդիկ»։

Այս տարվա ընդունելության քննությունների արդյունքում մոտ 14 հազար վճարովի եւ 258 անվճար թափուր տեղեր են մնացել ՀՀ բուհերում։ Սա ինչի՞ մասին է խոսում․ «Իսկ այդ վիճակը ո՞վ է ստեղծել, դա հենց իրենց ստեղծածն է։ Արդեն ֆակուլտետներ կան, որտեղ դիմորդներ չեն եղել, դա մենք ստեղծեցինք, որ բոլորն արդեն զզվում են այս երկրում ապրելուց ու սովորելուց, ուզում են փոխչել, հեռանալ։ Ե՞րբ ենք կարողանալու ստեղծել մի վիճակ, որ մարդն իր հայրենիքում իր արժանապատվությունը չկորցնի։ Ակադեմիան 43թ-ին բացվել է Ստալինի օրոք՝ Խորհրդային ամենածանր տարիներին, պատերազմի ժամանակ եւ հիմա անկախ Հայաստանն ուզում է ակադեմիա վերացնել, գիտահետազոտական ինստիտուտները, բուհերը փակել։ Ուրեմն մենք դեմ ենք մեր զարգացմանը, աճին, տարածմանը, դրա համար բնակչությունը, տնտեսությունը կրճատվում է, սա է այսօր մերոնց թելադրված մտայնությունը, որ իրականացնում են մեր ժողովրդի հաշվին»։

Գիտահետազոտական ինստիտուտները, բուհերը միավորելու բուն մոտիվը գուցե քաղաքի կենտրոնում գտնվող այդ կառույցների շենքերին տիրանա՞լն է․ «Սրանց բուն մոտիվը ազգային տեսակը վերացնելն է, Հայաստանն այդքան պայքարելով մնաց, հասավ մեր օրեր, հիմա Թուրքիան մի կողմից է միջազգային կազմակերպություններին փող տալիս, Ադրբեջանը՝ մյուս կողմից, իրենք կարող է չեն երեւում, բայց այնպես են Հայաստանը ոչնչացնում, այնքան կազմակերպություններ են գեղեցիկ դրոշներով լցրել Հայաստանում, որից ոչ մեկը Հայաստանին չի ծառայում, միայն քանդում են ու իրավիճակներ են ստեղծում, որ մարդիկ փախչեն ու դատարկվի երկիրը։ Հայաստանը, ըստ էության, վերածվել է փորձադաշտի։ Մի գիրք կա, կոչվում է «300-ի կոմիտեն», անգլիացի հետախույզի գիրք է, կարդացեք այն ու տեսեք, թե ինչպես է որոշակի մի խումբ, որ ղեկավարում է աշխարհի ընթացքը, փորձադաշտի վերածում երկները։ Այսպես չի կարող շարունակվել, մենք մեր վերջին ենք գնում ու ոմանք նույնիսկ ծափ են տալիս»։

Դ․ Գասպարյանը հիշում է՝ մի քանի տարի առաջ, հենց այս օրերին հայ հասարակությանը փոթորկեց կրթության չափորոոշիչները կրթական համակարգ ներդնելու խնդիրը․ «Երբ ամբողջ հայ դասական գրականությունը ջնջել էին, խայտառակել ամեն ինչ ու մեծ պայքար սկսվեց, այնուհետեւ՝ լռեցին, իբր պետք է վերանայեին, այդ վերանայածով նոր դասագրքեր են ստեղծել, որ տարվա ընթացքում փորձարկեցին Տավուշում ու Լոռիում եւ հիմա էլ այս սեպտեմբերին պետք է բերեն ու մրցույթ հայտարարեն։ Թե այդ չափորոշիչները ինչի են վերածել, մենք տեղյակ չենք, որովհետեւ դեռ չեն հրապարակել, նախ պետք է այդ չափորոշիչները հրապարակել եւ դնել հանրային քննարկման։ Այս պարագայում ամբողջ դպրոցական համակարգի հետ գործ ունենք եւ մեկ տարի հանգամանորեն հանրային քննարկում պետք է անցնի այդ չափորոշիչը, որից հետո, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, թող մյուս տարի մրցույթ հայտարարվի եւ նոր՝ ընդունվի։ Ես այս երկրում ապրող երեխաներ, թոռներ, ծոռներ ունեմ, որոնք պետք է հայ մեծանան եւ հայ դասագրքով՝ հայ մեծանան»։