Երկու կարեւոր որոշում

Երկու կարեւոր որոշում

Երեկ երկու նշանային իրադարձություն տեղի ունեցավ մեր երկրում։ Մեկը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումն էր։ Մոտ երկու տարի, փոքր ընդմիջումներով, կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը՝ Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, ազատ արձակեց՝ գրավի դիմաց։ Իհարկե, դատարանը, կարծես թե իրեն ապահովագրել է՝ 2 մլրդ դրամի ահռելի գրավ նշանակելով, որը նույնպես աննախադեպ է մեզանում, բայց, ամեն դեպքում, որոշումը կայացված է։ Ի դեպ, գրավի կիրառման հարցում միասնական պրակտիկա կարծես հատուկ չեն մշակում, որ երբ ինչքան ուզեն, նշանակեն։ Նման չափի գրավ Հայաստանում մինչ օրս չէր կիրառվել։ Ճիշտ է՝ այդ գումարը հետագայում՝ դատավարության ավարտից եւ օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո, վերադարձվում է անձին, բայց, դատելով այս գործի քննության արագությունից, կարող ենք ասել, որ դա շուտ տեղի չի ունենա, եւ պետությունը մի 4-5 տարով մոտ 4 միլիոն դոլար «պարտք վերցրեց» Քոչարյանից։ Գուցե՝ թոշակ ու աշխատավարձ վճարելու համար։ Երկրորդ նշանային իրադարձությունն այն էր, որ Սահմանադրական դատարանը երեկ աննախադեպ որոշում կայացրեց՝ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի հետ կապված, պատասխանելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումին։ ՍԴ-ն եզրակացրեց, որ այդ օրենքը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը՝ այն, ինչի մասին խոսում էին գրեթե բոլոր իրավաբանները վերջին ամիսներին, եւ ինչը համառորեն առաջ էր բրթում իշխանությունը։ Գուցե շարքային մարդու համար այս իրադարձությունները նշանային չեն եւ նրա կյանքում ոչինչ չեն փոխում։ Բայց հասարակության մտածող մասն արձանագրեց, որ Հայաստանում կարող է անկախ դատական համակարգ լինել, եւ կարող են իշխանությունների չհիմնավորված ու կպչուն մտքերը կյանքի չկոչվել։