Նոր ներկայացում. գլխավոր դերում՝ Աղվան Հովսեփյան

Նոր ներկայացում. գլխավոր դերում՝ Աղվան Հովսեփյան

Եվ այսպես, փաշինյանական իշխանությունը շարունակում է նույն ոճով աշխատել․ երկրի առջեւ ծառացած կարեւոր խնդիրներից շեղելու եւ կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա ստեղծելու համար հասարակության ուշադրությունը շեղում է տեսարաններով: Այդ տեսարան-ներկայացումներում գլխավոր դերակատարները «նախկիններն» են: Վերջին օրերի հերթական ներկայացման գլխավոր դերակատարն էլ նախկին գլխավոր դատախազ եւ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն է: Թե ինչու այս ներկայացումների մեջ Աղվան Գառնիկիչի հերթն ուշ հասավ, մամուլը տարբեր վարկածներ է շրջանառում՝ Տիգրան Ավինյանի ընտանիքի հետ ունեցած մտերմությունից մինչեւ նախկին իշխանավորների դեմ տված նյութեր:

Ինչեւէ, Աղվան Հովսեփյանը, ով, ինչպես ասում են, «ռոբասերժական հանցավոր համակարգի» ամենակարկառուն դեմքերից է, երեք տարի դուրս էր մնացել հանցագործների ու կոռուպցիոներների դեմ «անողոք պայքարի դուրս եկած» Փաշինյանի ուշադրությունից: Պատճառներից մեկը, հավանաբար, այն էր, որ 2018-ի ապրիլի 24-ին, երբ արդեն հրաժարական էր տվել Սերժ Սարգսյանը, Գառնիկիչը շատ արագ «կրոնափոխ» եղավ եւ հրապարակավ պատրաստակամություն հայտնեց աշխատել նոր իշխանությունների հետ, ողջունեց տեղի ունեցածը:  

Հայաստանում դատաիրավական համակարգը միշտ է եղել անազատ: Համակարգում եղել են նաեւ ազնիվ ու անաչառ քննիչներ ու դատավորներ, որոնք հարկադրված են եղել կատարել Բաղրամյան 26-ի կամ իրենց անմիջական ղեկավարների հրամանները: Որքան էլ ժամանակին Աղվան Հովսեփյանը հայտարարում էր, որ դատախազությունն այն պետական մարմիններից է, որտեղ «համակարգված կոռուպցիոն երեւույթները վաղուց վերացված են եղել», հասարակությունն այլ դատախազություն էր տեսնում: Իրականությունն այն էր, որ քննիչներն ու դատավորները կարող էին ամենածանր հանցագործին սրբացնել, իսկ անմեղ մարդուն վերագրել ցանկացած մեղք: Նման դեպքեր ու օրինակներ շատերս գիտենք: Դատաիրավական համակարգը եղել է ամենակոռումպացվածներից մեկը, եւ դա անհերքելի է: Իսկ այդ համակարգերի գլխավոր դեմքին՝ Հովսեփյանին, փաշինյանական իշխանությունը 3 տարի շարունակ շրջանցում էր: 
Աղվան Հովսեփյանը ոչ միայն դատաիրավական համակարգում էր գլխավոր դերակատար:

Հայաստանում «ղարաբաղյան կլանին» զուգահեռ, ազդեցիկ էր նաեւ «ապարանյան կլանը», որի առաջին դեմքը Գառնիկիչն էր: Այս երկու կլանների միջեւ ժամանակին անգամ ազդեցության ոլորտների ներքին մրցակցություն սկսվեց: Արագածոտնի մարզը համարվում էր Հովսեփյանի «ֆեոդալական տիրույթը». այստեղ պաշտոնների էին նշանակվում կամ «ընտրվում» բացառապես Գառնիկիչի մարդիկ:

Բայց Ապարանի տարածաշրջանով նրա իշխանությունը չէր սահմանափակվում: Նա միջամտում էր նաեւ տարբեր մարզերի համայնքապետերի ու ԱԺ ընտրություններին, իր մարդկանց էր ներդնում։ Օրինակ՝ ժամանակին բոլոր լծակներն օգտագործում էր, որ Իջեւանի ՏԻՄ ընտրություններում քաղաքապետ կարգի Արծրունի Ղալումյանին, ով, սակայն, պարտվում էր այն ժամանակվա գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: Գառնիկիչը չէր կարողանում «մարսել» այդ պարտությունը եւ գործեր էր «կարում» Իջեւանի քաղաքապետի, նրա մերձավորների, քաղաքապետարանի աշխատակիցների վրա: Վանաձորում նույնպես Հովսեփյանը խառնվում էր ընտրություններին: Նրա թեկնածուները երբեմն պարտվում էին, երբեմն՝ հաղթում: 

Աղվան Հովսեփյանի հարաբերություններն ընկերների հետ էլ հարթ չէին. սկզբում նա «տանիք էր կանգնում», հնարավորություն էր տալիս բիզնես զարգացնել, հարստանալ, իսկ հետո գալիս էր հարստությունը կիսելու ժամանակը: Այդպես եղավ ապարանցի նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ, ով ժամանակին  Հովսեփյանի հովանավորությամբ դարձավ պատգամավոր: Վատ պատգամավոր չէր Խաչատրյանը՝ մարզային շատ խնդիրներ էր բարձրաձայնում ԱԺ ամբիոնից, գյուղացիներին վերաբերող հարցեր էր լուծում: Արդյունքում բարձր վարկանիշ ձեռք բերեց: Իսկ երբ հարաբերությունները վատացան Հովսեփյանի հետ, անգամ այդ բարձր վարկանիշը նրան չօգնեց. Գառնիկիչն ամեն ինչ արեց, որ Խաչատրյանը չընտրվի: Մամուլը գրում էր, որ Հովսեփյանը խլել է Լյովա Խաչատրյանի բիզնեսները: Նմանատիպ իրավիճակ էր նաեւ Շանթի Յուրայի՝ Յուրա Ղարիբյանի հետ կապված: Ըստ մամուլի հրապարակումների, Հովսեփյանի դեմ գործ է հարուցվել հենց Ղարիբյանի հայտարարության հիման վրա:

Այսօր, երբ փաշինյանական հերթական շոուն է կազմակերպվում, թե իբր պայքար է գնում կոռուպցիայի դեմ, շատերն արդեն նախկին փորձից գիտեն, որ դա իր ավարտին չի հասնի։ Կա՛մ Աղվան Հովսեփյանն էլ մեծ գրավի դիմաց ազատ կարձակվի, կա՛մ թաքուն կմուծվի ու կազատվի, ու նրա մասին կմոռանան: Իսկ որոշ ընդդիմադիրներ սկսել են սրբի լուսապսակ դնել Աղվան Հովսեփյանի գլխին՝ ասելով, թե նրան զրկեցին ազատությունից, որպեսզի կարողանան Ապարանի հողատարածքներն ու տներն ազատորեն վաճառել թուրքերին: Այո, այս իշխանության ձեռագիրն է՝ ազատությունից զրկել այն մարդկանց, ովքեր իրենց բնակավայրի անվտանգության համար կռիվ են տալիս, ինչպես Սյունիքի համայնքապետերը: Բայց այս շարքում դասել նաեւ Աղվան Հովսեփյանին, արդարացի չէ. Գառնիկիչը 44-օրյա պատերազմից հետո եւ առհասարակ, երբ կտոր-կտոր թթշնամուն են հանձնվում Հայաստանի տարածքները, երբեք որեւէ ըմբոստ, հայրենասիրական հայտարարությամբ կամ գործունեությամբ հանդես չի եկել: Առհասարակ, Հովսեփյանը Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո անցել էր ընդհատակ, որ իր մասին չհիշեին: Բայց հիշեցին։ Անգամ հիշատակվող նրա նախկին արարքները, որ, օրինակ,  յոթ եկեղեցի է կառուցել, չփրկեցին: 

Սակայն անհերքելի է, որ Աղվան Հովսեփյանն իր պաշտոնավարման տարիներին հասարակական լավ նախաձեռնություններով է հանդես եկել. լինելով «ՆԻԳ-Ապարան» հայրենակցական միության նախագահ՝ նա Արագած սարի շուրջ նախաձեռնեց եւ իրականացրեց միասնության շուրջպար, ստեղծեց հայտնի Հայոց տառարձանների պուրակը եւ այլ հիշվող գործեր, բայց սա չի նշանակում, թե նա գործել է օրենքի ու օրինականության սահմաններում: 

ՀԳ․ Պարզ ասած՝ եթե Նիկոլ Փաշինյանը վատն է, դա չի նշանակում, որ Աղվան Հովսեփյանը լավն էր: