Սերգեյ Կոպիրկինին քանի անգամ պետք է ասվի, որ Հայաստանի ներքին գործերին չմիջամտի

Սերգեյ Կոպիրկինին քանի անգամ պետք է ասվի, որ Հայաստանի ներքին գործերին չմիջամտի

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն այսօր հաղորդագրություն է տարածել, կապված Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման հետ։ Հաղորդագրությունում մասնավորապես կարդում ենք․ «Ուշադրություն ենք դարձրել մամուլում տեղ գտած հրապարակումներին առ այն, որ Հայաստանում բացվում է Կանադայի դեսպանություն։ Խնդրահարույց չէր լինի, եթե միայն տարակուսանք չառաջացներ այն փաստը, որ համաձայն մամուլի հրապարակումների, Կանադայի ԱԳ նախարարությունը դա  բացահայտ կերպով ներկայացրել է որպես «ռուսական ազդեցությանը հակազդող քայլ»։

Զարմացնում է այդքան անթաքույց վերամբարձ եւ արհամարհական վերաբերմունքը մի երկրի հանդեպ, որի հետ, կարծես թե ուզում են հարաբերություններ ամրապնդել։ Ակամա մտածում ես այն մասին, թե այդ գիծը ինչպե՞ս է ազդելու հայ ժողովրդի բարեկեցության վրա։ Կարծես թե այս վերաբերմունքը հատկանշական է այն երկրների իշխող վերնախավերի համար, որոնք իրենց դասում են «ոսկե միլիարդի շարքը»` ուղղված մնացյալ աշխարհին։ Այլ երկրների եւ ժողովուրդների հանդեպ նման ամբարտավան վերաբերմունքն է պատճառ դառնում այնպիսի ողբերգական իրադարձությունների համար, որոնք տեղի են ունենում այժմ՝ ժամանակակից աշխարհում»։ 
Արձանագրենք, որ բավական տարօրինակ հայտարարություն է տարածել Հայաստանում ռուսական դեսպանատունը։

•  Նախ, սկսենք նրանից, որ Կանադան ինքն է որոշում իր արտաքին քաղաքականությունը եւ դրա առաջնահերթությունները։ Եթե այդ առաջնահերթություններում կա «ռուսական ազդեցության զսպման» կետ, ապա բնականաբար այն իրագործվելու է, այդ թվում նաեւ Հայաստանում դեսպանատուն բացելու առիթով, նաեւ արդեն բացումից հետո այդ դեսպանատան գործունեության միջոցով։ Սա բնական է։ 

•  Հայաստանը, որքան էլ հիմա լինի թույլ ու «ուրիշի ձեռքին նայող պետություն» այնուհանդերձ, իրավունք ունի սեփական արտաքին քաղաքականությունը վարելու, եւ թույլ տալու, որ իր տարածքում դիվանագիտական ներկայացուցչություն բացեն այն երկրները, որոնք կամենում են դա։ 

•  Զարմանալի է, որ Հայաստանում ռուսական դեսպանատունը տարրական դիվանագիտական էթիկետը զանց է առել եւ իրեն թույլ է տվել հայտարարություն տարածել մի ոճով, որը առնվազն հայաստանյան մտածող հասարակության մոտ հարցեր է առաջացնում, ոչ ի նպաստ Ռուսաստանի։

•  Ռուսաստան-Արեւմուտք ներկայիս առճակատման ֆոնին Մոսկվան խիստ ցանկալի է , որ իր հարաբերությունները Օտտավայի հետ լուծի առանց այդ «հաշիվներին» Հայաստանին խառնելու։ 

•  Մոսկվան նման տոնայնությամբ, նման բովանդակությամբ հայտարարություն տարածելու իրավունք կունենար միայն այն դեպքում, երբ Երեւանը ակտիվորեն ներգրավված լիներ Կանադայի՝ «ռուսական ազդեցության զսպման» քաղաքական գծի կենսագործմանը։ Հակառակ պարագայում, նման հայտարարությունները առնվազն Հայաստանի «աչքը վախեցնելու» միտում ունեն։ 

•  Եվ վերջապես, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին արդեն դժվարանում ենք ասել, թե ինչպիսի բաց տեքստով ու ինչպիսի բովանդակությամբ խոսքով է պետք ասել, որ չի կարելի Հայաստանի ներքին գործերին միջամտել։ 

•  Սերգեյ Կոպիրկինը արդեն հիշեցնում է խորհրդային ժամանակների դասական կինոնկարներից մեկի` «Ծառայողական սիրավեպի» Շուրային, ում մեկ անգամ հաշվապահությունից առաջ են քաշել հանրային աշխատանք կատարելու, եւ հիմա ոչ մի կերպ չեն կարողանում հետ ուղարկել հաշվապահություն։ Նույնը դեսպան Կոպիրկինը` մեկ անգամ մեր ներքին հարցերին խառնվելուց հետո, հիմա ոչ մի կերպ չի ուզում վերադառնալ դեսպանի իր անմիջական պարտականությունների կատարմանը։