Ասեցի՝ պարոն նախագահ, որ քո նման պարել իմանամ, Նոբելյան մրցանակ էլ կստանամ

Ասեցի՝ պարոն նախագահ, որ քո նման պարել իմանամ, Նոբելյան մրցանակ էլ կստանամ

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր նստավայրում պարգեւատրել է ՀՀ նախագահի մրցանակի այս տարվա հաղթողներին։ ՀՀ նախագահի մրցանակը շնորհվում է ամեն տարի, 7 բնագավառներում` լավագույն ստեղծագործությունների, հայտնագործությունների համար, իսկ որպես մրցանակ՝ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան եւ դրամական պարգեւ` 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով: 

Գրականության ոլորտում այս տարի ՀՀ նախագահի մրցանակի հաղթող է ճանաչվել արձակագիր Լեւոն Ջավախյանի «Ծնկան ծերին» ժողովածուն, որտեղ ամփոփված են «Հրապարակում» տպագրված պատմվածքները։ 

Թե ինչ զգացողություններ է ունեցել մրցանակը ստանալիս, Լեւոն Ջավախյանն ասում է․ «Երեւակայիր՝ օդերով չէի սավառնում, գետնի վրա էի ու գետնի վրայից էլ վեր չէի ընկնում, ընդամենը նախագահական պալատում զբոսնում էի։ Արդեն 2-րդ անգամ էի նախագահականում լինում, այնտեղի օդը շնչում-արտաշնչում, դրա համար ինձ «սվոյ» էի զգում»։ Կատակում է Ջավախյանն ու նկատում, որ նախագահականում պարգեւատրման միակ սենսացիան, որ լրագրողները կարող էին վերնագրել, սա կարող էր լինել՝ «Լեւոն Ջավախյանը՝ կոստյումով»։ 

Արձակագիրը հասցրել է նաեւ նախագահի հետ ջերմ զրուցել. «Քանի որ նախօրեին Ֆեսյբուքում տեսել էի նախագահի պարն ու շատ տպավորվել, դրա ազդեցության տակ էլ, երբ ինքն ինձ շնորհավորեց, ասեցի՝ պարոն նախագահ, որ քո նման պարել իմանամ, Նոբելյան մրցանակ էլ կստանամ, ինքն էլ իրեն չկորցրեց, ասեց՝ վաղվանից կանչում եմ պարի դասերի»։ 

Սպասո՞ւմ էր արդյոք, որ հենց իր ժողովածուն կստանա նախագահի մրցանակը, Լեւոն Ջավախյանն ավելի քան վստահ է․ «Ձեւ չկար, որ չստանայի։ Հիշո՞ւմ ես, դու իմ հետ հարցազրույց արեցիր, ու դրանից հետո ծիտը ծրտել էր հա՛մ քո վրա, հա՛մ էլ դրանից հետո, երբ թերթն առա, նաեւ թերթի վրա։ Այսինքն՝ էդ խաբարն ինձ եկել էր դեռ էն գլխից՝ ծտի ծերտի միջոցով, էդքանից հետո ո՞նց կարող է չստանայի...։ Բայց եթե ավելի լուրջ պատասխանեմ, ապա ամեն ինչ հասունանում է, իմ մրցանակը հասունացել էր այնպես, ինչպես պտուղը ծառին։ Իսկ դա ոչ թե մի գրքով է լինում, այլ մի ամբողջ կյանքով ու կենսագրությամբ։ Ես իմ ամբողջ կյանքն եմ փաթաթել թղթի մեջ ու տվել ընթերցողին, ես արդեն իսկ ժողովրդականություն վայելում էի, ինձ ճանաչում էին եւ ոչ միայն որպես գրողի, այլ նաեւ որպես քաղաքացու, արժանապատիվ մարդու։ Ես միշտ արտահայտվել եմ իմ երկրի դարդ ու ցավի մասին, քննադատել եմ, գովել եմ։ Ես սպասում էի այդ մրցանակին եւ ստացա»։ 

Թե նախագահականից հետո ուր է գնալու եւ ինչպես է նշելու իր մրցանակը, Ջավախյանն ասաց. «Այստեղից հետո էլի կյանք եմ գնալու։ Ապրելու եմ այնպես, ինչպես ապրել եմ՝ ո՛չ պոզ է ավելանալու վրաս, ո՛չ էլ պոչ, ես էլի իմ կյանքով ապրելու եմ։ Այսօր տրամադրությունս բարձր է ոչ այնքան մրցանակով։ Առավոտյան վեր եմ կացել ու մի պատվածք գրել՝ «Այսպես գրեց Կիկոսը», որտեղ ասում եմ, որ Կիկոսը մրցանակ է ստացել, Կիկոսն ուրախ ա, Կիկոսը զվարթ ա, Կիկոսը հնարանք ա, Կիկոսը գեղարվեստ ա, Կիկոսը հավատ ա։ Հավատանք էդ Կիկոսին, ու ամեն ինչ լավ կլինի»։